Psalms 79
1 Ով Աստուած, հեթանոսները մտան քո ժառանգութեան մէջ. պղծեցին քո սուրբ տաճարը. Երուսաղէմն աւերակ արին։
2 Նորանք քո ծառաների դիակները կերակուր տուին երկնքի թռչուններին, եւ քո սուրբերի մարմինը երկրի գազաններին։
3 Նորանց արիւնը թափեցին ինչպէս ջուր Երուսաղէմի չորս կողմովը. եւ թաղող չկար։
4 Մենք նախատինք եղանք մեր դրացիներին, ծաղր եւ անարգանք մեր չորս կողմովը եղողների առաջին։
5 Մինչեւ ե՞րբ, Տէր. կբարկանաս իսպառ, եւ քո նախանձը կրակի պէս կբորբոքուի՞։
6 Թափիր քո բարկութիւնը այն ազգերի վերայ՝ որ քեզ չեն ճանաչում, եւ այն թագաւորութիւնների վերայ՝ որ քո անունը չեն կանչում։
7 Որովհետեւ նորանք Յակոբին կերան եւ նորա բնակութիւնը աւերեցին։
8 Մի յիշիր մեզ դէմ առաջի անօրէնութիւնները, թող շուտով հասնի մեզ քո ողորմութիւնը. որովհետեւ մենք շատ տկարացանք։
9 Օգնիր մեզ, ով մեր փրկութեան Աստուած, քո անուան փառքի համար, եւ փրկիր մեզ եւ քաւիր մեր մեղքերը քո անունի համար։
10 Ի՞նչու ասեն հեթանոսները՝ թէ Ո՞ր տեղ է նորանց Աստուածը. թող հեթանոսների մէջ մեր աչքի առաջին յայտնուի այն քո ծառաների թափուած արեան վրէժը։
11 Թող գերիների հառաչանքը քո առաջը մտնէ. քո բազուկի մեծութեան պէս ապրեցրու մահի որդկանցը։
12 Եօթնապատիկ հատուցում արա մեր դրացիներին իրանց ծոցի մէջ՝ իրանց այն նախատինքը, որով քեզ անարգեցին, ով Տէր։
13 Բայց մենք քո ժողովուրդը եւ քո արօտի հօտն ենք. յաւիտեան կգոհանանք քեզանից, եւ քո գովասանքը կպատմենք ազգից մինչեւ ազգ։