1Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։
2Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չունի. ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։
3Յոգնած եմ իմ աղաղակելովը. կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։
4Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։
5Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. եւ իմ յանցանքները քեզանից ծածկուած չեն։
6Թող ինձ համար չամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով տէր՝ Զօրաց Տէր. թող ինձ համար ամօթ չլինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։
7Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. ամօթը ծածկում է իմ երեսը։
8Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։
9Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
10Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. եւ նախատինք է լինում ինձ։
11Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց։
12Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։
13Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։
14Ապրեցրու ինձ ցեխիցը որ չթաղուիմ. թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։
15Թող ջրերի պտոյտները չյափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չտայ ինձ. եւ հորն իր բերանը չխփէ ինձ վերայ։
16Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։
17Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. շուտով լսիր ինձ։
18Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։
19Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։
20Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չկար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։
21Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։
22Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.
23Նորանց աչքերը խաւարուին որ չտեսնեն. եւ նորանց մէջքը միշտ դողացրու։
24Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։
25Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չլինի։
26Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւն են անում։
27Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չհասնեն։
28Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չգրուին։
29Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։
30Ես կգովեմ Աստուծոյ անունը երգով. եւ կփառաբանեմ նորան գովաբանութիւնով,
31Եւ այս աւելի հաճոյ կլինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը։
32Խեղճերը կտեսնեն՝ կուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։
33Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին չէ անարգում։
34Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։
35Որովհետեւ Տէրը կփրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կշինէ. եւ կբնակուեն այնտեղ եւ կժառանգեն նորան։
36Եւ ծառաների զաւակները կվայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կբնակուեն նորանում։