1Իսրայէլի թագաւոր՝ Դաւիթի որդի Սողոմոնի առակները։
2Իմաստութիւն եւ խրատ գիտենալու համար, հանճարի խօսքերը հասկանալու համար.
3Իմաստութեան խրատն ընդունելու համար, այսինքն արդարութիւն, իրաւունք եւ ուղղութիւն.
4Պարզամիտներին խորագիտութիւն տալու համար, երիտասարդին՝ գիտութիւն եւ խորհրդածութիւն.
5Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ,
6Որ հասկանայ առակ եւ այլաբանութիւն, իմաստունների խօսքերը եւ խրթնաբանութիւնները։
7Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է. Միայն յիմարները կանարգեն իմաստութիւնը եւ խրատը։
8Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։
9Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին։
10Որդեակս, եթէ քեզ հրապուրեն մեղաւորները, դու հաճութիւն չտաս։
11Եթէ քեզ ասեն. Եկ մեզ հետ՝ արեան դարանամուտ լինենք, թաք կենանք անմեղի դէմ զուր տեղը.
12Դժոխքի պէս նորանց ողջ ողջ կուլ տանք, եւ ամբողջ ամբողջ՝ գուբն իջնողներին պէս.
13Ամեն տեսակ պատուական ստացուածք գտնենք, լցնենք մեր տները աւարով.
14Վիճակդ գցիր մեր մէջը, մեր ամենի քսակը մէկ լինի.
15Որդեակս, նորանց հետ ճանապարհ մի գնար. ոտքդ ետ պահիր նորանց շաւիղներիցը.
16Որովհետեւ նորանց ոտները չարութեան են վազում, եւ շտապում են արիւն թափելու։
17Նորա համար որ ի զուր է վարմի տարածուիլը ամեն որեւիցէ թեւաւորի աչքի առաջին.
18Բայց նորանք դարանամուտ են լինում իրանց արեանը, թագչվում են իրանց անձերի համար։
19Այսպէս են ամեն արծաթասիրութեան մոլի մարդի շաւիղները. Որ առնում է իրան անձնատուր եղողին հոգին։
20Իմաստութիւնը աղաղակում է դրսումը, հրապարակներումը տալիս է ձայնը։
21Նա կանչում է աղմկալից տեղերի գլխին, դռների մուտքերումը, եւ քաղաքումը խօսում է իր խօսքերը։
22Մինչեւ ե՞րբ պիտի, ով անմիտներ, անմտութիւն սիրէք, եւ մինչեւ ե՞րբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին. Եւ յիմարները՝ ատեն գիտութիւնը։
23Ետ դարձէք դէպի իմ յանդիմանութիւնը. Ահա ես իմ հոգին կթափեմ ձեզ վերայ, իմ խօսքերը կհասկացնեմ ձեզ։
24Որովհետեւ ես կանչեցի, եւ դուք չուզեցիք. Ձեռքս մեկնեցի, եւ ուշադրող չկար,
25Եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը, եւ իմ յանդիմանութիւնը չուզեցիք.
26Ես էլ կծիծաղեմ ձեր թշուառութիւնովը, եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս։
27Երբոր ձեր վախը կործանման պէս կգայ, եւ ձեր թշուառութիւնը մրրկի նման կհասնէ, երբոր ձեզ վերայ նեղութիւն եւ տառապանք կգայ.
28Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանիլ, առաւօտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնիլ.
29Որովհետեւ գիտութիւնն ատեցին, եւ Տիրոջ վախը չընտրեցին.
30Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր յանդիմանութիւնն անարգեցին։
31Ուրեմն նորանք իրանց ճանապարհի պտղիցն ուտեն, եւ իրանց խորհուրդներիցը կշտանան։
32Որովհետեւ անմիտների խոտորումը նորանց պիտի սպանէ, եւ յիմարների անհոգութիւնը պիտի կորցնէ նորանց։
33Բայց ինձ լսողը ապահով կբնակուի, եւ հանդարտ կլինի չարիքի վախիցը։