1Նինուէի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։
2Նախանձոտ եւ վրէժխնդիր Աստուած է Տէրը, վրէժխնդիր է Տէրը եւ բարկութեան տէր, վրէժ առնող է Տէրը իր ոսոխներից, եւ բարկութիւն պահող իր թշնամիների դէմ։
3Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր, եւ երբէք չի արդարացնիլ յանցաւորին. Տիրոջ ճանապարհը մրրկի եւ փոթորկի մէջ է, եւ ամպերը նորա ոտների փոշին են։
4Նա սաստում է ծովին եւ նորան ցամաքեցնում, եւ բոլոր գետերը չորացնում. թառամում են Բասանն ու Կարմեղոսը, եւ Լիբանանի ծաղիկը թառամում է։
5Սարերը դողում են նորանից եւ բլուրները հալվում են, երկիրը բարձրանում է նորա առաջին, նաեւ աշխարհը եւ բոլոր նորանում բնակողները։
6Նորա ցասման առաջին ո՞վ կկանգնէ, եւ ո՞վ կ'դիմանայ նորա բարկութիւնը բորբոքելիս, նորա սրտմտութիւնը թափվում է կրակի պէս, եւ ապառաժները ճաքում են նորա առաջին։
7Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը. եւ նա ճանաչում է իրան ապաւինողներին։
8Յորդահոս հեղեղով պիտի վերջ տայ նորա տեղին, եւ նորա թշնամիներին պիտի հալածէ խաւարը։
9Ի՞նչ էք մտածում Տիրոջ դէմ. վերջ տուողը նա է. նեղութիւնը երկու անգամ վեր չի կենալ։
10Որովհետեւ մինչեւ որ նորանք փուշերի պէս խճճուած են, եւ իբր իրանց գինիովը արբածներ, պիտի սպառուին բոլորովին չոր յարդի պէս։
11Քեզանից դուրս եկաւ Տիրոջ դէմ չարութիւն մտածող՝ անօրէն խորհրդականը։
12Այսպէս է ասում Տէրը. Թեւ անդորր են ու այսքան բազմաթիւ, բայց եւ այնպէս պէտք է կտրուին, եւ նա պիտի անցնի. թէեւ ես քեզ նեղել եմ, այլ եւս չեմ նեղիլ։
13Եւ հիմա պիտի նորա լուծը կոտրեմ քո վերայից, եւ կապերդ պիտի կտրեմ։
14Եւ Տէրը հրամայել է քո մասին. այլ եւս սերունդ պիտի չ'լինի քո անունիցը, քո աստուածների տանիցը պիտի բնաջինջ անեմ քանդակածն ու ձուլածոյ կուռքն. քո գերեզմանը պիտի շինեմ, որովհետեւ դու անարգ եղար։
15Ահա սարերի վերայ աւետիք բերողի ոտները, որ խաղաղութիւն է քարոզում. տօնիր, ով Յուդա, քո տօները, կատարիր ուխտերդ. որ այլ եւս անօրեն պիտի չ'անցնէ քո միջովը, բոլորը բնաջինջ եղաւ։