Micah 3
1 Եւ ես ասեցի. Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, չէ՞ որ դուք պէտք է իմանաք իրաւունքը.
2 Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։
3 Որ ուտում էք իմ ժողովրդի միսը, եւ պլոկում էք նորանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց կտորում ինչպէս կաթսայում եւ ինչպէս միս՝ պտուկի մէջ։
4 Այն ժամանակ կ'աղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կ'ծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները։
5 Այսպէս է ասում Տէրը իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարէների մասին, որ կծում են իրանց ատամներովը, եւ աղաղակում՝ Խաղաղութի՜ւն, եւ ով որ նորանց բերանը մի բան չ'դնէ, նորա դէմ պատերազմ կ'հրատարակեն.
6 Վասն որոյ գիշեր կ'լինի ձեզ որ տեսիլք չ'տեսնէք. եւ ձեզ խաւար կ'լինի որ գուշակութիւն չ'անէք. եւ արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ, եւ օրը խաւարէ նորանց վերայ։
7 Եւ պիտի ամաչեն տեսանողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները ծածկեն նորանք ամենքը, որովհետեւ չ'կայ Աստուծոյ պատասխան։
8 Սակայն ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը, նաեւ դատաստանով ու արիութիւնով, որ իմացնեմ Յակոբին իր յանցանքը, եւ Իսրայէլին՝ իր մեղքը։
9 Մէկ սա լսեցէք, ով Յակոբի տան գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, իրաւունքից զզուողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում էք.
10 Սիօնը արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը՝ անիրաւութեամբ։
11 Նորա գլխաւորները կաշառքով են դատում եւ նորա քահանաները վարձքով են սովորեցնում, եւ նորա մարգարէները փողով են մարգարէանում, եւ Տիրոջ վերայ են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեր մէջն է, մեզ վերայ չարիք չի գալ։
12 Դորա համար Սիօնը ձեր պատճառով պիտի իբրեւ ագարակ հերկուի, եւ Երուսաղէմը աւերակների դէզեր դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձրաւանդակներ։