1Եւ նա նաւը մտնելով անցաւ այն կողմը, եւ եկաւ իր քաղաքը։
2Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։
3Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։
4Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ինչո՞ւ էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։
5Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։
6Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։
7Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։
8Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց։
9Եւ Յիսուսն այն տեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վեր կացաւ գնաց նորա ետեւից։
10Եւ եղաւ՝ երբոր նա տանը սեղանի վերայ նստած էր, եւ ահա շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկել բազմել էին Յիսուսի եւ նորա աշակերտների հետ։
11Եւ Փարիսեցիները տեսնելով՝ նորա աշակերտներին ասեցին. Ինչո՞ւ համար ձեր վարդապետը ուտում է մաքսաւորների եւ մեղաւորների հետ։
12Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները։
13Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է. Ողորմութիւն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան։
14Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Ինչո՞ւ մենք եւ Փարիսեցիները շատ ծոմ ենք պահում, եւ քո աշակերտները ծոմ չեն պահում։
15Եւ Յիսուսը նորանց ասեց. Մի՞թէ կարող են հարսնիքի որդիքը սուգ անել, քանի որ փեսան նորանց հետ է. բայց օրեր կգան, որ փեսան նորանցից վեր կառնուի, եւ այն ժամանակ ծոմ կպահեն։
16Ոչ ով նոր լաթից կարկատան չի գցիլ հին հանդերձի վերայ, որովհետեւ նորա լրութիւնը (կարկատանը) կառնէ հանդերձիցը, եւ պատառուածքն էլ աւելի չար կլինի։
17Եւ նոր գինին էլ հին տկերի մէջ չեն ածիլ. ապա թէ ոչ՝ տկերը կպատառուին՝ եւ գինին կթափուի, եւ տկերը կկորչին. այլ նոր գինին նոր տկերի մէջ կածեն, եւ երկուսն էլ կպահուին։
18Նա այս բաները նորանց հետ խօսելիս, ահա մի իշխան եկաւ նորան երկրպագեց եւ ասեց. Իմ աղջիկը արդէն մեռաւ, միայն թէ եկ եւ ձեռքդ նորա վերայ դիր՝ եւ կապրի։
19Եւ Յիսուսը վեր կացաւ գնաց նորա ետեւից եւ նորա աշակերտներն էլ։
20Եւ ահա մի տասնեւերկու տարուայ տեռատես կին ետեւիցը մօտ գալով նորա հանդերձի ծայրին դիպաւ։
21Որովհետեւ իր մտքումն ասում էր եթէ միայն նորա հանդերձին դիպչիմ՝ կփրկուիմ։
22Բայց երբոր Յիսուսը ետ դարձաւ, նորան տեսաւ եւ ասեց՝ Քաջացիր, դուստր, քո հաւատքը քեզ ապրեցրեց. եւ կինը ազատուեցաւ նոյն ժամից։
23Եւ երբոր Յիսուսն եկաւ իշխանի տունը եւ տեսաւ փող փչողները եւ շփոթուած ամբոխը,
24Նորանց ասեց. Դէն գնացէք, որովհետեւ այդ աղջիկը մեռած չէ, այլ քնած է։ Եւ նորանք ծաղր էին անում նորան։
25Եւ երբոր ամբոխը դուրս արուեցաւ, ինքը ներս մտաւ՝ նորա ձեռքիցը բռնեց, եւ աղջիկը վեր կացաւ։
26Եւ այս համբաւը դուրս եկաւ այն բոլոր երկիրը։
27Եւ Յիսուսն այնտեղից անցնելիս, երկու կոյր նորա ետեւից գնում էին, աղաղակում եւ ասում. Ողորմիր մեզ, Որդի Դաւիթի։
28Եւ երբոր տունը մտաւ, կոյրերը նորա մօտ եկան. եւ Յիսուսը նորանց ասեց. Հաւատո՞ւմ էք թէ կարող եմ այդ անել, նորան ասեցին. Այո, Տէր։
29Այն ժամանակ նորանց աչքերին դիպաւ եւ ասեց. Ձեր հաւատքի պէս թող լինի ձեզ։
30Եւ նորանց աչքերը բացուեցան։ Եւ Յիսուսը նորանց սաստեց եւ ասեց. Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ։
31Իսկ նորանք դուրս գնացին՝ հռչակեցին նորան այն բոլոր երկրումը։
32Եւ երբոր նորանք դուրս էին գնում, ահա մի համր դիւահար մարդ բերին նորա մօտ։
33Եւ երբոր դեւը դուրս հանուեցաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդները զարմացան եւ ասեցին թէ երբէք Իսրայէլի մէջ այսպիսի բան չերեւեցաւ։
34Բայց Փարիսեցիներն ասում էին թէ՝ Դեւերի իշխանովն է հանում դեւերը։
35Եւ Յիսուսն ամեն քաղաքները եւ գիւղերը ման էր գալիս, նորանց ժողովարաններումը սովորեցնելով եւ արքայութեան աւետարանը քարոզելով եւ ժողովրդի մէջ ամեն ցաւն եւ ամեն հիւանդութիւնը բժշկելով։
36Եւ նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չունին։
37Այն ժամանակ իր աշակերտներին ասեց. Հունձքը շատ է, բայց մշակները քիչ։
38Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ։