1Մի դատէք, որ չդատուիք։
2Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կչափուի ձեզ։
3Եւ ինչու՞ քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում,
4Կամ ինչպէ՞ս կասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։
5Կեղծաւո՜ր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կտաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։
6Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. որ նորանց կոխ չտան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։
7Խնդրեցէք եւ կտրուի ձեզ. որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացուի ձեզ։
8Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. եւ դուռը թակողին կբացուի։
9Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կտայ նորան։
10Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կտայ նորան։
11Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. որքա՞ն աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտայ նորանց, որ խնդրում են իրանից։
12Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։
13Նեղ դռնովը ներս մտէք. որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. եւ շատեր են նորանով գնացողները։
14Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. եւ քիչ են նորան գտնողները։
15Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։
16Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։
17Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։
18Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։
19Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։
20Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։
21Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։
22Շատերը կասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։
23Եւ ես այն ժամանակ պարզ կասեմ նորանց, թէ՝ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։
24Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կնմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։
25Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանուեցաւ. որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։
26Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կնմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։
27Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։
28Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։
29Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։