Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Malachi 1

:
Armenian - AA1896
1 Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին՝ Մաղաքիայի ձեռովը։
2 Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը, իսկ դուք ասում էք. Ի՞նչով ես սիրել մեզ։ Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին, ասում է Տէրը, եւ ես Յակոբին եմ սիրել։
3 Իսկ Եսաւին ատել եմ, եւ նորա սարերը ամայի եմ արել. եւ նորա ժառանգութիւնը անապատի չագալներին եմ տուել։
4 Թէեւ Եդովմն ասէ. Մենք կործանուեցանք, բայց դարձեալ պիտի շինենք աւերակները. Զօրաց Տէրն էլ այսպէս է ասում. Նորանք կշինեն, բայց ես կքանդեմ. եւ նորանց կկոչեն Անօրէնութեան սահման, եւ մի ժողովուրդ՝ որի դէմ Տէրը բարկացած է յաւիտեան։
5 Եւ ձեր աչքերը պիտի տեսնեն, եւ դուք էլ պիտի ասէք. Մեծ է Տէրը Իսրայէլի սահմանից վեր։
6 Տղան իր հօրը կմեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում էք թէ՝ Ի՞նչով ենք անարգում քո անունը։
7 Իմ սեղանի վերայ պիղծ հաց մատուցանելով. բայց դուք ասում էք. Մենք ինչո՞վ ենք քեզ պղծում. ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը անարգուած է։
8 Ապա երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞. կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կհաւանէ՞ կամ քեզ կընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։
9 Եւ արդ, աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ. ձեր ձեռքիցն եղաւ այս. մի՞թէ ձեզ կընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։
10 Ո՞վ էլ կայ ձեզանում որ դռները ձրի փակէ. դուք սեղանս էլ չէք լուսաւորում ձրի. ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. եւ ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը։
11 Որովհետեւ արեգակի ելքիցը մինչեւ նորա մուտքը մեծ է իմ անունը ազգերի մէջ. եւ ամեն տեղ իմ անուանը խունկ եւ սուրբ ընծայ է մատուցվում. որովհետեւ մեծ է իմ անունը ազգերի մէջ, ասում է Զօրաց Տէրը։
12 Բայց դուք պղծում էք նորան՝ ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը պղծուած է. եւ նորա բերքը այսինքն ուտեստը անարգուած է։
13 Եւ ասում էք. Ահա ի՜նչ աշխատութիւն է. եւ փչում էք նորա վերայ, ասում է Զօրաց Տէրը. եւ բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը.
14 Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը զոհում Տիրոջը. որովհետեւ ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ։