Leviticus 22
1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2 Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ, որ Իսրայէլի որդկանց սուրբ բաներիցը զգոյշ կենան, եւ իմ սուրբ անունը չպղծեն այն բաներով որ ինձ համար սրբում են. Ես եմ Եհովան։
3 Ասիր նորանց. Ձեր բոլոր սերունդիցը ձեր ազգերի մէջ՝ ով որ իր անմաքրութիւնը իր վերայ ունենալով մօտենայ այն սուրբ բաներին, որ Իսրայէլի որդիքը սրբում են Եհովայի համար, այն անձն իմ առաջիցը պիտի կորչէ. Ես եմ Եհովան։
4 Ով որ Ահարօնի ցեղիցը բորոտ լինի կամ ծորում ունենայ, սուրբ բաներիցը պիտի չուտէ՝ մինչեւ որ մաքրուի. Եւ ով որ մեռելից պղծուած մի բանի դպչէ, կամ մի մարդ որի զուգաւորութեան սերմն իրանից ելած է,
5 Կամ ով որ դպչէ որեւիցէ սողունի, որով կարող է անմաքուր լինել, կամ մի մարդի, որից նա կարող էր անմաքուր լինել, որեւիցէ անմաքրութիւն որ նա ունենայ.
6 Սորանց դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սուրբ բաներիցը չուտէ, այլ իր մարմինը ջրով լուանայ.
7 Եւ երբ արեգակը մար մտնէ, մաքուր լինի, եւ յետոյ սուրբ բաներիցն ուտէ, որովհետեւ նա իր հացն է։
8 Մեռածը կամ գազանաբեկը չուտէ, որ նորանով չպղծուի. Ես եմ Եհովան։
9 Եւ իմ կարգադրութիւնը պիտի պահեն, որ նորա համար մեղք չկրեն, եւ չմեռնեն նորա համար որ պղծուել են. Ես եմ Եհովան որ նորանց սրբում եմ։
10 Եւ ոչ մի օտարական չուտէ սուրբ բանիցը. Քահանայի հիւրը կամ վարձկանը սուրբ բանիցը չուտէ։
11 Բայց քահանայի իր փողովը ծախու առած անձը եւ իր տանը ծնուածը նորանից ուտէ. նորանք նորա կերակրիցը ուտեն։
12 Եթէ քահանայի աղջիկը մի օտարականի հետ ամուսնանայ, այն ամուսնացած աղջիկը նուիրուած սուրբ բաներիցը պիտի չուտէ։
13 Բայց եթէ քահանայի աղջիկը որբեւայրի կամ արձակուած լինի՝ եւ զաւակ չունենայ, եւ ետ դառնայ իր հօր տունը, այն ժամանակ իր աղջկութեան ժամանակի պէս իր հօր հացիցն ուտէ. Սակայն ոչ մի օտարական նորանից չուտէ։
14 Եւ եթէ մի մարդ սխալմամբ մի սուրբ բանից ուտէ, նորա հինգերորդ մասը վերան աւելացնէ, եւ սուրբ բանը քահանային տայ։
15 Եւ Իսրայէլի որդկանց Եհովային նուիրուած սուրբ բաները չպղծեն.
16 Եւ իրանց վերայ յանցանքի անօրէնութիւն չբերեն, նորանց սուրբ բաներն ուտելով. Որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորանց։
17 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
18 Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Իսրայէլի տանից՝ կամ Իսրայէլի մէջ եղող օտարականներից՝ ամեն մէկը, որ իր պատարագը մատուցանում է իրանց որեւիցէ ուխտերիցը եւ որեւիցէ կամաւոր ընծաներիցը, որ մատուցանում են Եհովային իբրեւ զոհ.
19 Որ ձեզ համար ընդունելի լինի, պիտի անարատ եւ արու լինի, արջառներից՝ ոչխարներից՝ կամ այծերից։
20 Ոչ մի արատ ունեցողը պիտի չմատուցանէք, որովհետեւ ձեզ համար ընդունելի չի լինիլ։
21 Եւ ով որ արջառներիցը կամ ոչխարներիցը Եհովային խաղաղութեան զոհ մատուցանելու լինի, ուխտ կատարելու համար՝ կամ կամաւոր ընծայի համար՝ անարատ պիտի լինի, որ ընդունուի. Ոչ մի արատ պիտի չլինի նորա վերայ։
22 Կոյրը՝ կամ կոտրածը՝ կամ վիրաւորուածը՝ կամ խաղաւարտ ունեցողը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը՝ այսպէսիները Եհովային պիտի չմատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ։
23 Բայց ականջատ եւ կրճատ զուարակը՝ կամ ոչխարը կամաւոր ընծայի համար մատուցանես. Բայց ուխտի պատարագի համար ընդունելի չէ։
24 Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չմատուցանէք Եհովային, եւ ձեր երկրումը չանէք այս բաները։
25 Եւ օտարականի ձեռքից էլ՝ այս ամենիցը ձեր Աստուծոյն պատարագ չմատուցանէք, որովհետեւ նորանց մէջ խեղութիւն եւ արատ կայ. Նորանք ձեզ համար ընդունելի չեն։
26 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
27 Երբոր զուարակ կամ ոչխար կամ այծ ծնուի, եօթն օր իր մօր տակը մնայ. Եւ ութերորդ օրը՝ եւ նորանից յետոյ Եհովային ընդունելի լինի պատարագի նուէրի համար։
28 Եւ կովը կամ ոչխարն իր ձագովը մէկտեղ մէկ օրուայ մէջ չմորթէք։
29 Եւ երբոր գոհութեան զոհ մատուցանէք Եհովային, այնպէս մատուցանէք որ ձեզ համար ընդունելի լինի։
30 Նոյն օրը ուտուի. մինչեւ առաւօտ չթողէք նորանից. Ես եմ Եհովան։
31 Եւ իմ պատուիրանքները պահէք եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։
32 Եւ իմ սուրբ անունը չպղծէք, որ ես սրբուիմ Իսրայէլի որդկանց մէջ. Ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ.
33 Որ ձեզ համար Աստուած լինելու համար՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ես եմ Եհովան։