Leviticus 18AA1896

1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.

2Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

3Այն ձեր բնակուած Եգիպտոս երկրի գործքին պէս չանէք. Եւ Քանանի երկրի գործքին պէս՝ ուր որ ձեզ պիտի տանեմ, չանէք, ու նորանց կանոնների համեմատ չգնաք։

4Իմ դատաստաններն արէք, եւ իմ կանոնները պահեցէք, որ նորանցով գնաք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։

5Եւ պահեցէք իմ կանոններն եւ իմ դատաստանները. ո՛ր մարդը որ նորանց կատարէ, նորանցով կապրէ. ես եմ Եհովան։

6Ոչ մէկն իր արիւնակից ազգականին չմօտենայ նորա մերկութիւնը բանալու համար. Ես եմ Եհովան։

7Քո հօր մերկութիւնը կամ քո մօր մերկութիւնը չբանաս. Նա քո մայրն է. Նորա մերկութիւնը չբանաս։

8Քո հօր կնոջ մերկութիւնը չբանաս. Նա քո հօր մերկութիւնն է։

9Քո հօր աղջկայ կամ քո մօր աղջկայ՝ քո քրոջ մերկութիւնը, թէ տանը ծնուած լինի թէ դուրսը ծնուած, նորանց մերկութիւնը չբանաս։

10Քո որդու աղջկայ կամ աղջկանդ աղջկայ մերկութիւնը՝ նորանց մերկութիւնը չբանաս, ըստ որում նորանց մերկութիւնը քոնն է։

11Քո հօր կնոջ աղջկայ մերկութիւնը՝ որ քո հօրից ծնած քո քոյրը եղողն է՝ նորա մերկութիւնը չբանաս։

12Քո հօր քրոջ մերկութիւնը չբանաս. Նա քո հօր արիւնակիցն է։

13Քո մօր քրոջ մերկութիւնը չբանաս. Որովհետեւ նա քո մօր ազգականն է։

14Քո հօր եղբօր մերկութիւնը չբանաս, նորա կնոջը չմօտենաս. Նա քո հօր եղբօր կինն է։

15Քո հարսի մերկութիւնը չբանաս. Նա քո որդու կինն է, նորա մերկութիւնը չբանաս։

16Քո եղբօր կնոջ մերկութիւնը չբանաս, նա քո եղբօր մերկութիւնն է։

17Մի կնկան եւ նորա աղջկայ մերկութիւնը չբանաս. Եւ նորա որդու աղջիկը կամ նորա աղջկայ աղջիկը չառնես՝ նորանց մերկութիւնը բանալու համար. Նորանք նորա ազգականներն են. Պղծութիւն է այդ։

18Եւ մի կնիկ իր քրոջ հետ չառնես նորա կենդանութեան ժամանակ վշտացնելով նորա մերկութիւնը բանալու համար։

19Եւ կնկան չմօտենաս՝ նորա անմաքրութեան դաշտանի ժամանակ նորա մերկութիւնը բանալու։

20Եւ քո դրացու կնոջ հետ զուգաւորութեան համար չպառկես, նորա հետ պղծուելով։

21Քո սերունդիցը Մողոքի համար կրակից անցնելու չթողես, եւ քո Աստուծոյ անունը չպղծես. Ես եմ Եհովան։

22Եւ արուի հետ՝ կնկան հետ պառկելու պէս չպառկես. Պղծութիւն է այդ։

23Եւ ոչ մի անասունի հետ չզուգաւորուիս՝ նորա հետ պղծուելով. Եւ բնաւ մի կնիկ անասունի առաջին չկանգնէ՝ նորա հետ զուգաւորուելու. գարշութիւն է այդ։

24Սորանց ոչ մէկովը չպղծուիք, որովհետեւ սորանց բոլորովը պղծուեցան այն ազգերը՝ որ ձեր առաջից պիտի քշեմ։

25Եւ այն երկիրը պղծուեցաւ, եւ ես նորա անօրէնութիւնը նորա վերայ պիտի հատուցանեմ, եւ այն երկիրն իր բնակիչներին պիտի փսխէ։

26Իսկ դուք իմ կանոններն ու դատաստանները պահէք, եւ այս պղծութիւններիցը ոչ մէկը չանէք, ոչ երկրացին, ոչ ձեր մէջ պանդխտացող օտարականը.

27Որովհետեւ ձեզանից առաջ եղած այն երկրի մարդիկն արին այս բոլոր պղծութիւնները, եւ երկիրը պղծուեցաւ.

28Որ այն երկիրը ձեզ էլ դուրս չփսխէ՝ երբոր դուք նորան պղծէք, ինչպէս որ ձեզանից առաջ եղած ազգերին փսխեց։

29Որովհետեւ ամեն ով որ այս բոլոր պղծութիւններիցը մէկն անելու լինի, այն անող անձինքն իրանց ժողովրդի միջիցը պիտի կորչեն։

30Եւ իմ հրամանները պահէք, որ ձեզանից առաջ գործուած պիղծ սովորութիւններիցը չանէք, եւ նորանցով չպղծուիք. ես եմ Եհովան ձեր Աստուածը։

Choose Translation

Switch translation for Leviticus 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.