Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Judges 11

:
Armenian - AA1896
1 Եւ Գաղաադացի Յեփթայէն հզօր զօրաւոր մարդ էր, եւ նա մի պոռնիկ կնկայ զաւակ էր. եւ Յեփթայէի հայրը Գաղաադն էր։
2 Եւ Գաղաադի կինը նորա համար զաւակներ ծնեց. եւ երբոր այն կնկայ զաւակները մեծացան՝ Յեփթայէին հալածեցին, եւ նորան ասեցին. Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն պիտի չունենաս, որովհետեւ դու մի օտար կնկայ զաւակ ես։
3 Եւ Յեփթայէն իր եղբայրների երեսիցը փախչելով՝ Տովբի երկրումը բնակուեց. եւ Յեփթայէի մօտ սրիկայ մարդիկ ժողովուեցան եւ ման էին գալիս նորա հետ։
4 Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ արին։
5 Եւ երբոր Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ էին անում, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տովբի երկրիցն առնեն։
6 Եւ Յեփթայէին ասեցին. Եկ՝ մեզ զօրագլուխ եղիր որ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անենք։
7 Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Չէ՞ որ դուք ինձ ատեցիք եւ ինձ հալածեցիք իմ հօր տանիցը, եւ հիմա ի՞նչու համար էք եկել ինձ մօտ, որ նեղութեան մէջ էք։
8 Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Նորա համար ենք հիմա քեզ դիմել, որ մեզ հետ գնաս եւ Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անես, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես։
9 Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Եթէ դուք ինձ դարձնէք Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անելու համար, եւ Տէրը նորանց իմ ձեռքը մատնէ, ես ձեզ գլուխ լինեմ։
10 Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Տէրը մեր մէջ լսէ, եթէ ասածիդ պէս չանենք։
11 Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նորան իրանց վերայ գլուխ եւ զօրապետ դրին. եւ Յեփթայէն խօսեց Մասփայումը Տիրոջ առաջին իր բոլոր խօսքերը։
12 Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ ինձ մօտ եկար իմ երկրումը պատերազմ անելու։
13 Եւ Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասեց թէ՝ Իսրայէլն Եգիպտոսից դուրս գալիս՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան իմ երկիրն առաւ, հիմա խաղաղութեամբ ետ դարձրու այն։
14 Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին կրկին պատգամաւորներ ուղարկեց,
15 Եւ նորան ասեց. Յեփթայէն այսպէս է ասում. Իսրայէլը չառաւ Մովաբի երկիրը եւ Ամմոնի որդկանց երկիրը.
16 Որովհետեւ Եգիպտոսիցը դուրս գալիս Իսրայէլը մինչեւ Կարմիր ծովը անապատովը գնաց, եւ եկաւ Կադէս.
17 Եւ Իսրայէլը Եդովմի թագաւորի մօտ դեսպաններ ուղարկեց ասելով. Աղաչում եմ՝ թող քո երկրովն անցնեմ. բայց Եդովմի թագաւորը չլսեց, եւ Մովաբի թագաւորի մօտ էլ ուղարկեց, նա էլ թող չտուաւ. Եւ Իսրայէլը մնաց Կադէսի մէջ։
18 Եւ անապատովը գնաց, եւ Եդովմի երկրովը եւ Մովաբի երկրովը պտոյտ տուաւ, եւ Մովաբի երկրի արեւելեան կողմիցը գնալով Առնոնի այն կողմին բանակ տուաւ. բայց Մովաբի սահմանը չմտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։
19 Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորի մօտ (որ Եսեբոնի թագաւորն էր) եւ Իսրայէլը նորան ասեց. Աղաչում եմ քո երկրովն անցնեմ մինչեւ իմ տեղը։
20 Բայց Սեհոնը Իսրայէլին հաւատք չընծայեց որ նա իր սահմանովն անցնէր. եւ Սեհոնը իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ բանակ տուին Յասսայի մէջ. եւ նա Իսրայէլի դէմ պատերազմ արաւ։
21 Եւ Իսրայէլի Տէր Աստուածը Սեհոնին եւ նորա բոլոր ժողովրդին Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ նորանք զարկեցին նորանց եւ Իսրայէլը այն երկրումը բնակող Ամօրհացիների բոլոր երկիրն առաւ։
22 Եւ ժառանգեցին Ամօրհացիների բոլոր սահմանը՝ Առնոնից մինչեւ Յաբոկ, եւ անապատիցը մինչեւ Յորդանան։
23 Եւ հիմա Իսրայէլի Տէր Աստուածն է Ամօրհացիներին իր Իսրայէլ ժողովրդի առաջից հալածել, դո՞ւ ժառանգես այն։
24 Չէ՞ որ դու քո աստուծոյ՝ Քամովսի քեզ ժառանգութիւն տուածը կժառանգես. Մենք էլ ժառանգում ենք մեր Եհովայ Աստուծոյ մեր առաջից հալածածը։
25 Եւ հիմա դու Մովաբի թագաւոր Սեպփօրեան Բաղակիցն աւելի լաւ ե՞ս. Միթէ նա վիճե՞ց Իսրայէլի հետ կամ նորանց հետ պատերազմ արա՞ւ։
26 Իսրայէլը Եսեբոնում եւ նորա գիւղերումը, Արոերում եւ նորա գիւղերումը, եւ Առնոնի եզերքի վերայ եղող բոլոր քաղաքներումը երեք հարիւր տարի է որ բնակվում է. Եւ ի՞նչու համար այնքան ժամանակ չազատեցիք։
27 Եւ ես քեզ դէմ յանցանք չեմ արած, եւ դու ինձ հետ պատերազմ անելով ինձ չարութիւն ես անում. այսօր Իսրայէլի որդկանց եւ Ամմոնի որդկանց մէջ դատաւոր եղող Եհովան դատաստան անէ։
28 Բայց Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի ուղարկած խօսքերը չլսեց։
29 Եւ Տիրոջ Հոգին Յեփթայէի վերայ եղաւ. եւ նա Գաղաադիցն ու Մանասէիցն անց կացաւ եւ Գաղաադի Մասփայիցն էլ անցաւ, եւ Գաղաադի Մասփայիցն Ամմոնի որդկանց վերայ գնաց։
30 Եւ Յեփթայէն Տիրոջն ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Ամմոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես,
31 Այն ժամանակ իմ տան դռնիցն ինձ դիմաւորելու դուրս եկողը, երբոր ես խաղաղութեամբ ետ դառնամ Ամմոնի որդիներից, Տիրոջը թող լինի, եւ նորան ողջակէզ մատուցանէմ։
32 Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց վերայ գնաց նորանց հետ պատերազմելու, եւ Տէրը նորանց մատնեց նորա ձեռքը։
33 Եւ նա զարկեց Արոէրից մինչեւ Մեննիթ՝ քսան քաղաք, եւ մինչեւ Աբէլքերամիմ սաստիկ կոտորածով. եւ Ամմոնի որդիքը Իսրայէլի որդկանց առաջին նուաճուեցան։
34 Եւ Յեփթայէն եկաւ Մասփա իր տունը. եւ ահա նորա աղջիկը դուրս էր գալիս թմբուկներով եւ պարերով նորան դիմաւորելու. եւ նա նորա մէկ հատ զաւակն էր, եւ բացի նորանից տղայ կամ աղջիկ չունէր։
35 Եւ երբոր նորան տեսաւ, իր հանդերձը պատառեց եւ ասեց. Ոհ, աղջիկս, դու ինձ նկուն արիր. եւ դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել։
36 Եւ աղջիկը նորան ասեց. Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպէս որ դուրս է եկել բերանիցդ, ըստ որում Տէրը քեզ համար քո թշնամիներիցը՝ Ամմոնի որդկանցիցը վրէժխնդրութիւն արաւ։
37 Եւ իր հօրն ասեց. Միայն այս բանն արա ինձ. Ինձ երկու ամիս թող տուր որ վեր գնամ սարերը եւ իջնեմ. եւ իմ ընկերներովն իմ կուսութեան վերայ լաց լինեմ։
38 Եւ նա ասեց. Գնա. եւ նորան երկու ամիս թող տուաւ. եւ նա իր ընկերներովը գնաց, եւ սարերի վերայ իր կուսութիւնը լաց եղաւ։
39 Եւ երկու ամիսը լրանալուց յետոյ իր հօր մօտ դարձաւ, եւ նա իր արած ուխտը նորա մասին կատարեց. եւ նա այր չճանաչեց։
40 Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն եղաւ, որ ժամանակ ժամանակ Իսրայէլի աղջիկները գնան եւ Գաղաադացի Յեփթայէի աղջկան համար տարին չորս օր լաց լինեն։