1Եւ Յիսուսը զատկից վեց օր առաջ եկաւ Բեթանիա, որտեղ մեռած Ղազարոսն էր, որին մեռելներից յարութիւն տուաւ։
2Եւ այնտեղ հացկերութիւն արին նորա համար. և Մարթան ծառայում էր, եւ Ղազարոսը նորա հետ սեղան նստողներից մէկն էր։
3Մարիամն էլ մի լիտր նարդոսի ազնիւ մեծագին իւղ առաւ, Յիսուսի ոտները օծեց, եւ իր մազերովը սրբում էր նորա ոտները. եւ տունը լցուեցաւ իւղի հոտովը։
4Եւ ասեց նորա աշակերտներից մէկը՝ Յուդա Սիմօնեան Իսկարիովտացին, որ նորան մատնելու էր՝
5Ի՞նչու համար այդ իւղը երեք հարիւր դենարի չծախուեցաւ, եւ աղքատներին տրուեցաւ։
6Բայց սա ասեց, ոչ թէ որովհետեւ աղքատների համար նորա հոգն էր. այլ որ գող էր՝ եւ քսակը ունէր, եւ ընկածը պահում էր։
7Յիսուսն էլ ասեց. Թոյլ տուր դորան, նա իմ պատանքի օրուան համար էր պահել այդ։
8Որովհետեւ աղքատներին միշտ ձեզ հետ ունիք. բայց ինձ միշտ չունիք։
9Եւ Հրէաներից շատ ժողովուրդ գիտաց, թէ նա այնտեղ է, եւ եկան, ոչ թէ միայն Յիսուսի համար, այլ որ Ղազարոսին էլ տեսնեն, որին մեռելներից յարութիւն տուաւ։
10Քահանայապետներն էլ խորհուրդ արին, որ Ղազարոսին էլ սպանեն։
11Որովհետեւ Հրէաներից շատերը նորա պատճառովը գնում էին եւ հաւատում էին Յիսուսին։
12Նորա հետեւեալ օրը շատ ժողովուրդ, որ եկել էին տօնին, երբոր լսեցին, թէ Յիսուսը գալիս է Երուսաղէմ,
13Արմաւի ծառերի ճղեր առան, եւ դուրս գնացին նորա առաջին, աղաղակում էին. Ովսաննայ, օրհնեալ է նա որ Տիրոջ անունովը գալիս է, Իսրայէլի թագաւորը։
14Եւ Յիսուսը մի աւանակ գտաւ, եւ նորա վերայ նստեց. ինչպէս գրուած է՝ թէ
15Մի վախենար, Սիօնի աղջիկ, ահա քո թագաւորը գալիս է՝ էշի աւանակի վերայ նստած։
16Եւ նորա աշակերտներն առաջ չիմացան այս բաները. բայց երբ որ Յիսուսը փառաւորուեցաւ՝ այն ժամանակ յիշեցին, թէ այս նորա համար գրուած էր. եւ այն բանը արին նորան։
17Եւ ժողովուրդը՝ որ նորա հետ էր, վկայում էր, թէ Ղազարոսին գերեզմանիցը դուրս կանչեց. եւ մեռելներից յարութիւն տուաւ նորան։
18Եւ նորա համար էլ ժողովուրդը գնաց նորա առաջին, որ լսեցին թէ նա արել էր այն նշանը։
19Բայց Փարիսեցիներն իրար մէջ ասում էին. Տեսնո՞ւմ էք, որ ոչինչ օգուտ չունիք. ահա աշխարհքը նորա ետեւից գնաց։
20Եւ կային ոմանք Հելլենացիք՝ նորանցից, որ եկել էին այնտեղ, որ երկրպագեն այն տօնումը։
21Նորանք եկան Փիլիպպոսի մօտ որ Գալիլեայի Բեթսայիդայիցն էր, նորան խնդրում էին եւ ասում. Տէր, կամենում ենք Յիսուսին տեսնել։
22Փիլիպպոսը գալիս է Անդրէասին ասում. Անդրէասը եւ Փիլիպպոսը ասում են Յիսուսին։
23Յիսուսն էլ պատասխանեց նորանց՝ եւ ասեց. Ժամը հասաւ, որ մարդի Որդին փառաւորուի։
24Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորենի հատը հողի մէջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կբերէ։
25Իր անձը սիրողը՝ կկորցնէ նորան, եւ իր անձն ատողը այս աշխարհքումը, յաւիտենական կեանքի մէջ կպահէ նորան։
26Եթէ մէկը ծառայէ ինձ, թող նա իմ ետեւից գայ. եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտօնեան կլինի. եթէ մէկը ծառայէ ինձ, Հայրը կպատուէ նորան։
27Հիմա իմ անձը խռոված է. եւ ի՞նչ ասեմ. Հայր, ազատիր ինձ այս ժամիցը. սակայն իսկ սորա համար եկայ այս ժամի մէջ։
28Հայր, փառաւորիր քո անունը։ Եւ երկնքիցը ձայն եկաւ, թէ՝ Փառաւորեցի էլ եւ դարձեալ կփառաւորեմ։
29Եւ ժողովուրդը, որ կանգնած էր եւ լսում էր, ասում էին, Որոտմունք եղաւ. ուրիշներն ասում էին. Հրեշտակ խօսեց նորա հետ։
30Յիսուսը պատասխանեց եւ ասեց. Այս ձայնը ոչ թէ ինձ համար եղաւ, այլ ձեզ համար։
31Հիմա դատաստան է այս աշխարհքի. հիմա այս աշխարհքի իշխանը դուրս կգցուի։
32Եւ ես երբոր բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մօտ։
33Եւ այս ասում էր, որ ցոյց տայ, թէ ինչպիսի մահով պիտի մեռնի։
34Ժողովուրդը պատասխանեց նորան. Մենք օրէնքիցը լսեցինք, թէ Քրիստոսը յաւիտեան կկենայ. եւ դու ինչպէ՞ս ես ասում, թէ պէտք է մարդի Որդին բարձրանայ. ո՞վ է այն մարդի Որդին։
35Յիսուսն էլ ասեց նորանց. Մի քիչ ժամանակ դեռ լոյսը ձեզ հետ է. գնացէք, քանի որ լոյսն ունիք, որ խաւարը ձեզ չհասնէ. եւ խաւարումը գնացողը չգիտէ, թէ ո՞ւր է գնում։
36Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք։ Յիսուսը այս բանը խօսեց, եւ գնաց թագցուեցաւ նորանցից։
37Եւ թէպէտ նա այնքան նշաններ արել էր նորանց առաջին, նորանք չէին հաւատում նորան.
38Որ Եսայիա մարգարէի խօսքը կատարուի, որ ասեց. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
39Նորա համար չէին կարողանում հաւատալ. որ Եսայիան դարձեալ ասում է.
40Նորանց աչքերը կուրացրեց, եւ նորանց սրտերը թմրացրեց, որ աչքով չտեսնեն, եւ սրտով չիմանան, եւ դառնան՝ եւ ես բժշկեմ նորանց։
41Եսայիան սա ասեց, երբոր նորա փառքը տեսաւ, եւ նորա համար խօսեց։
42Բայց եւ այնպէս իշխաններիցը շատերը հաւատացին նորան. սակայն Փարիսեցիների պատճառովը չէին դաւանում, որ ժողովարանիցը դուրս չգցուին։
43Որովհետեւ մարդկանց փառքն աւելի սիրեցին քան թէ Աստուծոյ փառքը։
44Եւ Յիսուսը աղաղակում էր եւ ասում. Ինձ հաւատացողը չէ թէ ինձ է հաւատում, այլ ինձ ուղարկողին։
45Եւ ինձ տեսնողը, ինձ ուղարկողին է տեսնում։
46Ես լոյս եկայ աշխարհքը, որ ամեն ինձ հաւատացողը խաւարի մէջ չմնայ։
47Եւ եթէ մէկն իմ խօսքերին լսէ եւ չհաւատայ, ես չեմ դատիլ նորան. որովհետեւ ես չեկայ որ աշխարհքը դատեմ, այլ որ փրկեմ աշխարհքը։
48Ինձ անարգողը եւ իմ խօսքերը չընդունողը ունի իրան դատողին. այն խօսքն՝ որ ես խօսեցի, նա կդատէ նորան յետին օրը։
49Որովհետեւ ես իմ անձիցը չխօսեցի. բայց ինձ ուղարկող Հայրը, նա պատուէր տուաւ ինձ, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ։
50Եւ գիտեմ, որ նորա պատուիրանքը յաւիտենական կեանք է. ուրեմն ինչ որ ես խօսում եմ, ինչպէս Հայրն ասեց ինձ՝ այնպէս եմ խօսում։