1Նորանից յետոյ Յոբը բացաւ իր բերանը եւ անիծեց իր օրը։
2Եւ Յոբը պատասխանելով ասեց.
3Կորչի այն օրը որ ես ծնուեցի, եւ այն գիշերը՝ որ ասեց թէ՝ Արու զաւակ գոյացաւ։
4Այն օրը խաւար լինի, Աստուած նորան չորոնէ վերեւից, եւ նորա վերայ լոյս չծագէ։
5Խաւարն ու մահուան ստուերը նորան սեփհականեն. Ամպը նստի նորա վերայ. Օրուան մէգը նորան զարհուրեցնէ։
6Այն գիշերը՝ մառախուղը տանէ նորան. Չուրախանայ նա տարուայ օրերի հետ. Ամիսների թիւի մէջը չմտնէ։
7Ահա այն գիշերը ամայի մնայ. Ուրախութիւն չմտնէ նորա մէջը։
8Նորան անիծեն օրն անիծողները, որոնք պատրաստ են Լեւիաթանին զարթեցնելու։
9Նորա արշալոյսի աստղերը խաւարուին, լուսի սպասէ, եւ չլինի. Եւ արեւագալի թարթիչները չտեսնէ.
10Որ չգոցեց իմ ծնողի արգանդի դռները, եւ չծածկեց տառապանքն իմ աչքերից։
11Ի՞նչու համար ծնողիս արգանդումը չմեռայ. Որովայնից ելած չվախճանուեցայ։
12Ի՞նչու համար ծունկերն ինձ դիմաւորեցին, եւ ի՞նչու ստինքը, որ ես ծծեմ։
13Որրովհետեւ հիմա պառկած էի եւ կհանգչէի, կքնանայի. Ուրեմն հանգիստ կլինէի,
14Թագաւորների եւ երկրի խորհրդականների հետ, որոնք աւերակներ շինեցին իրանց համար.
15Կամ ոսկի ունեցող իշխանների հետ. Որոնք իրանց տները լցրին արծաթով.
16Կամ թաղուած վիժածի նման՝ որ չէի լինիլ, այն մանուկների նման, որոնք լոյս չտեսան։
17Այնտեղ ամբարիշտները դադարում են չարանալուց, եւ այնտեղ հանգչում են ուժից ընկածները.
18Կապուածները հանգստանում են միասին, հարկահանի ձայնը չեն լսում.
19Փոքրը եւ մեծը այնտեղ են, ծառան էլ ազատ է իր տիրոջից։
20Նա ի՞նչու համար է թշուառին լոյս տալիս, եւ դառնահոգիներին՝ կեանք.
21Որոնք սպասում են մահուան, եւ նա չէ գալիս. Եւ նորան գանձերից աւելի են որոնում։
22Որոնք ուրախանում են հրճուանքով, եւ զուարճանում են, որ գերեզման են գտել.
23Այնպիսի մարդի, որի ճանապարհը կապուած է, եւ Աստուած փակել է նորա շրջապատը։
24Որովհետեւ հացիս փոխարէն՝՝ հառաչանք է գալիս, եւ ջրերի պէս հոսում են հեծեծանքս։
25Որովհետեւ այն երկիւղալի բանից որ վախենում էի, ինձ հանդիպեց, եւ ինչից որ սարսում էի, հասաւ ինձ։
26Ոչ խաղաղութիւն ունիմ, ոչ հանգստութիւն, եւ ոչ հանդարտութիւն. Եւ վրդովումն է եկել։