Jeremiah 48AA1896

1Մովաբի մասին այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ Նաբաւին, որ աւերակ է դառել. Կարիաթեմն ամաչեց՝ առնուեցաւ, ամաչեց Մասգաբը եւ զարհուրեց։

2Այլ եւս Մովաբի պարծենալը չ'կայ Եսեբոնում. նորա վերայ չարիք են խորհում, ասելով՝ Գնանք նորան փչացնենք ազգութիւնից. Դու էլ, ով Մադմէն, պիտի պապանձես. ետեւիցդ գալիս է սուրը։

3Աղաղակի ձայն է գալիս Որոնայիմիցը, աւերո՜ւմ եւ մեծ կոտորա՜ծ։

4Մովաբը փշրուեցաւ. նորա պզտիկները աղաղակ բարձարցրին։

5Որովհետեւ Ղուիթի զառիվերովը լացով են վեր ելնում՝ լացով. որովհետեւ Որոնայիմի զառիվայրի վերայ լսում են թշնամիքը կոտորածի աղաղակ։

6Փախէք, ազատեցէք ձեր անձը. եւ մոշենիի պէս եղէք անապատումը։

7Որովհետեւ քո գործերին եւ քո գանձերին վստահելուդ համար դու էլ պիտի առնուիս. եւ Քամովսը պիտի գերի գնայ՝ նորա քահանաները եւ նորա իշխանները միասին իր հետ։

8Եւ պիտի գայ կործանողը ամեն քաղաքի վերայ, եւ ոչ մի քաղաք պիտի չ'պրծնէ, եւ հովիտը պիտի փչանայ եւ դաշտը աւերուի, որն որ ասել է Տէրը։

9Մովաբին թեւեր տուէք, որ թռչէ փախչէ. եւ նորա քաղաքները աւերակ պիտի դառնան, բնակիչ պիտի չ՛լինի նորանցում։

10Անիծեալ լինի Տիրոջ գործը թուլութեամբ անողը, եւ անիծեալ լինի իր սուրը արիւնից խնայողը։

11Հանգիստ էր Մովաբն իր մանկութիւնից ի վեր, եւ հանդարտ մնացել էր իր մրուրի վերայ, նա չ'թափուեցաւ ամանից աման, եւ գերութեան չ'գնաց. դորա համար նորա համը մնաց իրանում եւ հոտը չ'փոխուեցաւ։

12Ուրեմն ահա օրեր են գալիս, ասում է Տէրը, որ ես նորա համար փոխադրողներ կ'ուղարկեմ, եւ նորանք կը փոխադրեն նորան, եւ նորա ամանները կ'դարտակեն եւ նորա տիկերը կ'պատառոտեն։

13Եւ Մովաբը կ'ամաչէ Քամովսից, ինչպէս որ Իսրայէլի տունը ամաչեց իր ապաւինած Բեթէլից։

14Ի՞նչպէս էք ասում, Մենք տղամարդիկ ենք, եւ զօրաւոր մարդիկ՝ պատերազմի համար։

15Մովաբը քանդուեցաւ եւ նորա քաղաքները վեր ելան, եւ նորա ընտիր երիտասարդները իջան մորթուելու, ասում է Թագաւորը՝ որի անունը Զօրաց Տէր է։

16Մօտ է Մովաբի կորուստը որ գայ, եւ նորա ձախորդութիւնը շտապում է։

17Ողբացէք նորա վերայ, ով բոլոր նորա շրջակայքը, եւ ով բոլոր նորա անունը գիտացողներ, ասեցէք, Ի՜նչպէս կոտրուեցաւ զօրութեան գաւազանը՝ փառաց ցուպը։

18Իջիր փառքիցը եւ նստիր ծարաւութիւնում, ով Դեբոնում բնակող աղջիկ. որովհետեւ Մովաբը կործանողը քեզ վերայ է յարձակուելու, եւ քարուքանդ է անելու քո բերդերը։

19Ճանապարհին կանգնիր եւ դիտիր, ով Արոերի բնակիչ, հարցրու փախչողին եւ պրծնողին, ասիր՝ Ի՞նչ դառաւ։

20Ամաչեց Մովաբը, որովհետեւ կոտրուեցաւ. ոռնա եւ գոռա. պատմեցէք Առնոնումը, թէ աւերակ եղաւ Մովաբը։

21Եւ դատաստան եկաւ դաշտի երկրի վերայ Քօզոնի, Յասսայի եւ Մեփայաթի վերայ.

22Եւ Դեբոնի վերայ, Նաբաւի վերայ, եւ Բեթդէբլաթեմի վերայ,

23Եւ Կարիաթեմի վերայ, եւ Բեթգամովղի վերայ եւ Բեթմաւոնի վերայ.

24Եւ Կարիօթի վերայ, եւ Բօսրայի վերայ, եւ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վերայ, հեռաւորների եւ մօտաւորների վերայ։

25Կոտրուեցաւ Մովաբի եղջիւրը, եւ նորա բազուկը փշրուեցաւ, ասում է Տէրը։

26Նորան արբեցրէք, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ, որ թաւալուի Մովաբն իր փսխածումը եւ ինքն էլ ծաղր լինի։

27Կամ մի՞թէ Իսրայէլը ծաղր չ'եղաւ քեզ համար, կամ նա գողերի միջում գտնուեցա՞ւ. որ քանիցս որ նորա վերայ խօսէիր, գլուխդ էիր շարժում։

28Ձգեցէք քաղաքները եւ վէմերում բնակուեցէք, ով Մովաբի բնակիչներ. եւ աղաւնիի նման եղէք, որ բոյն է դնում անդունդի բերանի անցքումը։

29Մենք լսել ենք Մովաբի ամբարտաւանութիւնը. նա շատ ամբարտաւան է. նորա հպարտութիւնը, եւ նորա ամբարտաւանութիւնը, նորա գոռոզութիւնը եւ նորա բարձրամտութիւնը։

30Ես գիտեմ, ասում է Տէրը, նորա սրտմտութիւնը, բայց պարապ է. նորա սնապարծ խօսքերը ոչինչ չեն գործել։

31Սորա համար պիտի ողբամ Մովաբի վերայ, եւ աղաղակեմ բոլոր Մովաբի վերայ, Կիրհարեսի մարդկանց համար հառաչում են։

32Յազերի լացովը լաց եմ լինելու քեզ վերայ, ով Սեբամայի որթը, քո շառաւիղները անցան ծովիցը, մինչեւ Յազերի ծովն են հասել. քո ամառային պտուղի եւ քո այգեկութի վերայ աւարառու յարձակուեցաւ։

33Եւ վեր է առնուելու ուրախութիւնն ու ցնծութիւնը պտղաբեր արտերիցն ու Մովաբի երկրիցը, եւ գինին դադարեցնելու եմ հնձաններիցը, ուրախութիւնով խաղող պիտի չ'կոխուի, եւ խաղող կոխելու ուրախութիւնը ուրախութիւն չէ լինելու։

34Եսեբոնի աղաղակից մինչեւ Եղէաղէ մինչեւ Յասսա տուին իրանց ձայնը. Սեգովրից մինչեւ Որոնայիմ եռամեայ երինջի նման. որովհետեւ Նեմերիմի ջուրերը անապատ են դառել։

35Եւ պիտի դադարեցնեմ Մովաբից, ասում է Տէրը, բարձրաւանդակում ողջակէզ մատուցանողին, եւ նորա աստուածներին խունկ ծխողին։

36Սորա համար սիրտս հնչում է սրինգների պէս Մովաբի վերայ, եւ իմ սիրտը Կիրհարեսի մարդկանց վերայ հնչում է սրինգների պէս, սորա համար այն հարստութիւնը, որ արել էին, փչանում է։

37Որովհետեւ ամեն գլուխ պիտի կնտանայ, եւ ամեն մօրուք կտրուի, բոլոր ձեռքերի վերայ կտրածներ պիտի լինեն, եւ մէջքի վերայ՝ քուրձ։

38Մովաբի բոլոր կտուրների վերայ եւ նորա փողոցներումը բոլորովին ողբ պիտի լինի, որ ես կոտրեցի Մովաբին մի այնպիսի ամանի պէս, որից չեն ախորժիլ, ասում է Տէրը։

39Ի՜նչպէս կոտրուեցաւ. ոռնում են. ի՜նչպէս է Մովաբը մէջքը դարձնում ամօթով. եւ Մովաբը ծաղր ու սոսկում պիտի լինի բոլոր իրան շրջապատողների համար։

40Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Ահա արծիւի պէս թռչում է, եւ տարածում իր թեւերը Մովաբի վերայ։

41Քաղաքները առնվում են, եւ բերդերը՝ նուաճվում. եւ այն օրը Մովաբի տղամարդկանց սիրտը երկանց ցաւ քաշող կնոջ սրտին պէս կ'լինի։

42Եւ Մովաբը պիտի ոչնչանայ ժողովուրդ լինելուց, որովհետեւ նա գոռոզացաւ Տիրոջ դէմ։

43Վախ ու վիհ ու վարմ քեզ վերա՜յ, ով Մովաբի բնակիչ, ասում է Տէրը։

44Վախիցը փախչողը վիհը պիտի ընկնէ, եւ վիհիցը դուրս ելնողը վարմումը պիտի բռնուի. որովհետեւ ես նորա վերայ այսինքն Մովաբի վերայ պիտի բերեմ նորանց այցելութեան տարին, ասում է Տէրը։

45Եսեբոնի հովանումը կանգնում են ուժը գնացած փախստականները. բայց կրակ դուրս եկաւ Եսեբոնից եւ Սեհոնի միջից՝ բոց, եւ կերաւ Մովաբի ծայրը եւ աղմուկի որդկանց գագաթը։

46Վա՜յ քեզ, Մովաբ, կորաւ Քամովսի ժողովուրդը, որովհետեւ քո տղերքը գերի առնուեցան, եւ աղջկերքդ՝ գերութեան։

47Բայց ետքի օրերը ետ պիտի դարձնեմ Մովաբի գերութիւնը, ասում է Տէրը։ Մինչեւ այստեղ է Մովաբի դատաստանը։

Choose Translation

Switch translation for Jeremiah 48.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.