Isaiah 62AA1896

1Սիօնի պատճառովը ես չեմ լռելու, եւ Երուսաղէմի համար չեմ հանգստանալու, մինչեւ որ ծագէ նորա արդարութիւնը արշալուսի պէս, եւ նորա փրկութիւնը՝ բոցավառ ջահի պէս։

2Եւ ազգերը պիտի տեսնեն քո արդարութիւնը, եւ բոլոր թագաւորութիւնները՝ քո փառքը. եւ քեզ նոր անունով պիտի կոչեն, որ Տիրոջ բերանը կանուանէ։

3Եւ դու փառաւոր պսակ կլինես Տիրոջ ձեռքումը, եւ արքայական թագ՝ քո Աստուծոյ ափումը։

4Այլ եւս քեզ չեն ասիլ՝ Թողուած, եւ քո երկրին այլ եւս չեն ասիլ՝ Աւերակ, այլ քեզ պիտի ասուի՝ Իմ հաւանածը, եւ քո երկրին՝ Ամուսին ունեցող, որովհետեւ Տէրը քեզ հաւանելու է, եւ քո երկիրն ամուսնանալու է։

5Որովհետեւ երիտասարդը կոյսի հետ ամուսնանալու պէս՝ պէտք է քո որդիները քեզ հետ ամուսնանա, եւ փեսան հարսի վերայ ուրախանալու պէս՝ պէտք է քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը։

6Քո պարիսպների վերայ, ով Երուսաղէմ, պահապաններ եմ դրել. նորանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնաւ պիտի չլռեն. Դուք ով Տիրոջը յիշողներ, մի լռէք,

7Եւ նորան դադար մի տաք, մինչեւ որ նա հաստատէ, եւ մինչեւ որ նա Երուսաղէմը օրհնութիւն շինէ երկրումը։

8Տէրը երդում է արել իր աջովը եւ իր զօրութեան բազուկը, թէ՝ Քո ցորենը միւսանգամ չեմ տալու քո թշնամիներին իբրեւ կերակուր, եւ օտարների որդիքը պիտի չխմեն գինին, որի վերայ դու վաստակեցիր։

9Այլ նորա հնձողները պիտի ուտեն նորան, եւ Տիրոջը օրհնաբանեն, եւ նորա ժողովողները պիտի խմեն իմ սրբարանի սրահներումը։

10Անցէք՝ անցէք դռներիցը, պատրաստեցէք ժողովրդի ճանապարհը, ուղղեցէք՝ ուղղեցէք ուղին, քարերը միջիցը հանեցէք, դրօշակ բարձրացրէք ազգերի համար։

11Ահա Տէրը լսել է տուել մինչեւ երկրի ծայրը. ասեցէք Սիօնի աղջկանը՝ Ահա քո Փրկիչը գալիս է, ահա նորա վարձքը նորա հետն է, եւ նորա հատուցումը նորա առաջին։

12Եւ նորանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկուածներ. եւ քեզ պիտի կոչեն. Ուզուած, Չթողուած քաղաք։

Choose Translation

Switch translation for Isaiah 62.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.