Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

Isaiah 60

:
Armenian - AA1896
1 Վեր կաց, լուսաւորուիր, որովհետեւ լոյսդ եկել է, եւ Տիրոջ փառքը ծագել է քեզ վերայ։
2 Որովհետեւ ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։
3 Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը։
4 Բարձրացրու աչքերդ շուրջանակի եւ տես, բոլորը ժողովուած գալիս են դէպի քեզ. քո որդիքը հեռուանց են գալիս, եւ աղջկերքդ բազուկների մէջ են գրկուած։
5 Այն ժամանակ կտեսնես եւ կզմայլես, եւ սիրտդ ուրախութիւնից կդողայ եւ կլայնանայ. որովհետեւ դէպի քեզ պիտի դիմէ ծովի առատութիւնը, եւ ազգերի հարստութիւնը պիտի գայ քեզ մօտ։
6 Ուղտերի երամակը պիտի ծածկէ քեզ՝ Մադիամի եւ Գեփայի կոզռակները, բոլորը Սաբայիցն են գալիս, ոսկի եւ կնդրուկ են բերելու, եւ Տիրոջ գովասանքներն են աւետելու։
7 Կեդարի բոլոր հօտերը քեզ մօտ պիտի ժողովուին, Նաբէօթի խոյերը պիտի ծառայեն քեզ. վեր պիտի ելնեն իմ սեղանի վերայ իբրեւ ընդունելի, եւ ես իմ փառաց տունը պիտի փառաւորեմ։
8 Ո՞վ են սորանք, որ թռչում են ամպի պէս, եւ աղաւնիների պէս՝ դէպի իրանց վանդակները։
9 Որովհետեւ կղզիները սպասում են ինձ, եւ Թարսիսի նաւերը առաջինն են, որ քո որդկանցը բերեն հեռուից, եւ նորանց հետ նորանց արծաթն ու նորանց ոսկին, քո Տէր Աստուծոյ եւ քեզ զարդարող Իսրայէլի Սուրբի անունի համար։
10 Եւ օտարների որդիքը պիտի քո պարիսպները, եւ նորանց թագաւորները քեզ պիտի ծառայեն. որովհետեւ իմ բարկութիւնումը քեզ զարկեցի, բայց իմ հաճութիւնովը պիտի քեզ գթամ։
11 Եւ քո դռները պիտի միշտ բաց լինեն, ցերեկը եւ գիշերը պիտի չկապուին. որ ազգերի զօրութիւնը քեզ մօտ բերեն, եւ նորանց թագաւորները հանդէսով կգան։
12 Որովհետեւ այն ազգը եւ այն թագաւորութիւնը որ քեզ չի ծառայիլ, պիտի փչանայ. եւ այնպիսի ազգերը պիտի բոլորովին քանդուին։
13 Լիբանանի փառքը քեզ մօտ պիտի գայ, մայրը, սօսին եւ տօսախը մէկտեղ, իմ սրբարանի տեղը զարդարելու համար, եւ ես իմ ոտքերի տեղը պիտի փառաւորեմ։
14 Եւ քեզ մօտ պիտի գան ծռելով քեզ տանջողների որդիքը, եւ քեզ պիտի երկրպագութիւն անեն ոտքերիդ թաթերի մօտ բոլոր քեզ անարգողները. եւ քեզ պիտի կոչեն. Տիրոջ քաղաք, Իսրայէլի Սուրբի Սիօնը։
15 Նորա փոխանակ որ եղել էիր թողուած, ատուած, եւ անտես ձգուած, ես քեզ շինել եմ յաւիտենական փառք, ուրախութիւն՝ ազգից ազգ։
16 Եւ պիտի ազգերի կաթը ծծես, եւ թագաւորների ստինքն ես ծծելու, եւ իմանալու ես, որ ես Տէրս եմ քո Փրկիչը, եւ քեզ Ազատողը՝ Յակոբի Հզօրս։
17 Պղնձի տեղ ոսկի պիտի բերեմ, եւ երկաթի տեղ պիտի արծաթ բերեմ, եւ փայտերի տեղ՝ պղինձ, եւ քարերի տեղ՝ երկաթ, եւ քո վերակացուներդ պիտի շինեմ խաղաղութիւնը, եւ քո ոստիկաններդ՝ արդարութիւնը։
18 Այլ եւս լսելի չի լինիլ քո երկրումը բռնութիւն, եւ աւերում ու կոտորած՝ քո սահմաններումը. Եւ դու Փրկութիւնը կոչելու ես քո պարիսպները եւ քո դռները Օրհնաբանութիւնը։
19 Այլ եւս արեւը չի լինելու քո լոյսը ցերեկը, եւ լուսինը քեզ լոյս չի տալու լուսաւորելու համար. այլ Եհովան կլինի քեզ համար յաւիտենական լոյսը, եւ քո Աստուածը՝ քո փառքը։
20 Քո արեւն այլ եւս պիտի մար չմտնէ, եւ քո լուսինը չնուաղի, այլ Եհովան պիտի լինի քո յաւիտենական լոյսը, եւ պիտի վերջանան քո սուգի օրերը։
21 Եւ քո ժողովրդի բոլորն էլ արդար պիտի լինեն, յաւիտեան պիտի ժառանգեն երկիրը, իբրեւ իմ տնկած ընձիւղը՝ իմ ձեռքերի գործը՝ փառաւորուելու համար։
22 Ամենափոքրը հազար պիտի դառնայ, եւ ամենապզտիկը՝ զօրաւոր ազգ. Ես Տէրս իր ժամանակին շուտով կանեմ։