1Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին։
2Այն օրը գինիի այգի կլինի. Նորա համար երգեցէք։
3Ես Տէրս եմ նորա պահապանը, ամեն վայրկեան ոռոգում եմ նորան. Որպէս զի նորան ոչ ով չվնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ։
4Ես բարկութիւն չունիմ. Երանի թէ ցախեր՝ փուշեր լինէին, պատերազմով նորանց վերայ կյարձակուէի. Ամենը միասին կայրէի։
5Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. Խաղաղութիւն անեն ինձ հետ։
6Ապագայում Յակոբը պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. Եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով։
7Մի՞թէ նորա զարկողի զարկածին պէս է զարկել նորան, կամ նա նորա սպանուելու սպանման նման սպանուեցա՞ւ։
8Չափաւորութեամբ վիճեցիր նորա հետ նորան արձակելիս, նորան դուրս արաւ սաստիկ քամիով արեւելեան քամիի օրը։
9Ուրեմն սորանով կքաւուի Յակոբի անօրէնութիւնը, եւ սա է նորա մեղքի հեռացնելու բոլոր պտուղը. Երբոր սեղանի քարերը փշրուած կրաքարերի պէս կանէ, վեր չեն կենալ աստարովթներ եւ արեգական կուռքերը։
10Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւղերը վերջացնելու է։
11Նորա ճիւղերը չորանալով պիտի կոտրատուին, կնիկները պիտի գան, վառեն նորան, որովհետեւ նա իմաստուն ժողովուրդ չէ, վասն որոյ նորան չէ ողորմելու նորա Արարիչը, եւ նորա ստեղծողը նորան չէ գթալու։
12Եւ այն օրը կլինի, որ Տէրը կթօթափէ Գետի յորձանքիցը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, եւ դուք կհաւաքուիք մէկ մէկ, ով Իսրայէլի որդիք։
13Եւ այն օրը փչուելու է մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը։