Hebrews 11AA1896

1Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւեցող բաների ապացոյցն է։

2Որովհետեւ նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին։

3Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չերեւողներիցն այս տեսնուողներս եղած են։

4Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է։

5Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չտեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն։

6Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կլինի։

7Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը։

8Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցավ հնազանդ եղաւ դուրս գնալու այնտեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում։

9Հաւատքով պանդուխտ եղաւ աւետիքի երկրումն իբր օտարութիւնում. խորաններում բնակուելով Իսահակի եւ Յակոբի հետ, որ նոյն խոստմունքի ժառանգակիցներն էին։

10Որովհետեւ սպասում էր այն հիմունքով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է։

11Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին։

12Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ։

13Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը։

14Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում։

15Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու։

16Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար։

17Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր,

18Որ ասուեցաւ թէ Իսահակով քեզ զաւակ կկոչուի։

19Մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան։

20Հաւատքով Իսահակը Յակոբին եւ Եսաւին օրհնեց հանդերձեալ բաների մասին։

21Հաւատքով Յակոբը մեռնելիս Յովսէփի որդկանց ամեն մէկին օրհնեց, եւ իր գաւազանի ծայրի վերայ երկրպագութիւն արաւ։

22Հաւատքով Յովսէփը վախճանելիս յիշեց Իսրայէլի որդկանց դուրս գնալու մասին, եւ իր ոսկորների համար հրաման տուաւ։

23Հաւատքով Մովսէսը երբոր ծնուեցաւ՝ երեք ամիս թաքուն պահուեցաւ իր ծնողքի ձեռովը. վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չվախեցին թագաւորի հրամանիցը։

24Հաւատքով Մովսէսը երբոր մեծացաւ՝ չկամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ։

25Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ,

26Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։

27Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չվախենալով թագաւորի բարկութիւնիցը. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս։

28Հաւատքով արաւ զատիկը եւ արիւնի սրսկումը. որ առաջինեկներին սատակիչը չմօտենայ նորանց։

29Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան։

30Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին։

31Հաւատքով Ռախաբ պոռնիկը չկորաւ անհաւատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղութիւնով։

32Եւ էլ ի՞նչ ասեմ. որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէոնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար,

33Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին.

34Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին.

35Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն.

36Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան.

37Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած.

38Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում։

39Եւ սորանք ամենը հաւատքով վկայութիւն առան, բայց խոստմունքը չընդունեցին.

40Որովհետեւ Աստուած մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ չկատարուին։

Choose Translation

Switch translation for Hebrews 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.