Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Galatians 4

:
Armenian - AA1896
1 Բայց ասում եմ. քանի ժամանակ որ ժառանգը երեխայ է՝ ծառայից ոչինչ տարբերութիւն չունի, թէեւ ամեն բանի տէր է։
2 Բայց վերակացուների եւ տնտեսների ներքեւ է մինչեւ հօր որոշած ժամանակը։
3 Այնպէս էլ մենք, քանի որ երեխաներ էինք՝ աշխարհքի սկզբունքների ներքեւ ծառայութեան մէջ էինք։
4 Բայց երբոր ժամանակի լրումն եկաւ, Աստուած ուղարկեց իր Որդին՝ կնկանից ծնուած՝ եւ օրէնքի ներքեւ եղած,
5 Որ օրէնքի տակ լինողներին փրկէ, որ որդեգրութիւնն ընդունենք։
6 Եւ որովհետեւ դուք որդիք էք, Աստուած իր Որդու Հոգին ուղարկեց ձեր սրտերի մէջ, որ աղաղակում է Աբբա Հայր։
7 Ուրեմն այլ եւս ծառայ չես՝ այլ որդի. եւ եթէ որդի՝ Աստուծոյ ժառանգ էլ Քրիստոսով։
8 Բայց այն ժամանակ որ Աստուծուն չգիտէիք, ծառայում էիք նորանց որ ի բնէ աստուածներ չեն։
9 Բայց հիմա որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ի՞նչպէս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել։
10 Օրեր էք զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ։
11 Վախենում եմ ձեզանից՝ որ մի գուցէ զուր տեղն աշխատեցի ձեր միջումը։
12 Ինձ նման եղէք, որովհետեւ ես էլ ձեզ նման եմ. եղբարք, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։
13 Եւ գիտէք որ մարմնի տկարութիւնով աւետարանեցի ձեզ առաջի անգամը.
14 Եւ իմ փորձանքն՝ որ իմ մարմնումն էր, չանարգեցիք եւ չարհամարհեցիք, այլ ինչպէս Աստուծոյ հրեշտակ ընդունեցիք ինձ՝ ինչպէս Քրիստոս Յիսուսին։
15 Արդ ի՞նչ էր այն ձեր երանութիւնը. որովհետեւ վկայում եմ ձեզ համար, որ եթէ կարելի էր՝ ձեր աչքերն էլ կհանէիք եւ ինձ կտայիք։
16 Ուրեմն թշնամի՞ եղայ ձեզ՝ ձեզ հետ ճշմարիտը խօսելովս։
17 Նախանձով են ձեզ համար, ոչ թէ ի բարին. այլ կամենում են արգելել մեզ որ նորանց համար նախանձաւոր լինիք։
18 Սակայն լաւ է բարի բանում ամեն ժամանակ նախանձաւոր լինել, եւ ոչ թէ միայն երբ որ ձեզ մօտ լինեմ։
19 Իմ որդեակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցաւով, մինչեւ որ Քրիստոսը կերպարանուի ձեզանում։
20 Կամենում էի որ հիմա ձեզ մօտ գամ եւ ձայնս փոխեմ. Որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։
21 Ասեցէք ինձ դուք, որ կամենում էք օրէնքի տակ լինել, օրէնքը չէ՞ք լսում։
22 Որովհետեւ գրուած է, թէ Աբրահամը երկու որդիք ունէր, մինն աղախնիցը, եւ միւսն ազատիցը։
23 Բայց նա որ աղախնիցն էր՝ մարմնի կողմանէ էր ծնուած, եւ նա որ ազատիցն՝ խոստմունքի համեմատ։
24 Այս բաները այլաբանօրէն են. որ նորանք երկու կտակարաններն են, մէկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած՝ որ է Հագարը։
25 Որովհետեւ Հագարը Սինա սարն է՝ Արաբիայումն, որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է։
26 Բայց վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է։
27 Որովհետեւ գրուած է թէ, Ցնծա, ով ամուլ՝ որ չէիր ծնում, գոչիր եւ աղաղակիր դու՝ որ ծնելու ցաւ չէիր քաշում. որովհետեւ աւելի շատ են թողուածի որդիքը քան թէ արամբիինը։
28 Իսկ մենք, եղբարք, Իսահակի պէս խոստմունքի որդիք ենք։
29 Բայց ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր, այնպէս էլ հիմա։
30 Բայց գի՞րքն ինչ է ասում. Դուրս հանիր աղախնին ու նորա որդուն. որ աղախնի որդին ժառանգութիւն չպիտի ստանայ ազատի որդու հետ։
31 Սորա համար, եղբարք, աղախնի որդիք չենք, այլ ազատի։