Ezekiel 44
1 Եւ ինձ ետ դարձրեց դուրսի սրբարանի դռան ճանապարհովը, որ նայում է դէպի արեւելք. Եւ նա կղպուած էր։
2 Եւ Տէրն ասեց ինձ. Այս դուռը կղպուած պիտի մնայ. Չպիտի բացուի, նորանով պիտի չմտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանով. ուրեմն կղպուած պիտի մնայ։
3 Իսկ իշխանը ինքը իբրեւ իշխան նստէ այնտեղ Տիրոջ առաջին հաց ուտելու համար. նա դռան սրահի ճանապարհովը պիտի մտնէ, եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։
4 Եւ ինձ տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը տան առաջը, եւ տեսայ, եւ ահա լցրել էր Տիրոջ փառքը Տիրոջ տունը. Եւ ես ընկայ երեսիս վերայ։
5 Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, ուշադրութիւն արա եւ տես աչքերովդ եւ ականջներովդ լսիր ամեն ինչ որ խօսում եմ քեզ հետ Տիրոջ տան բոլոր կանոնների նկատմամբ եւ նորա բոլոր օրէնքի նկատմամբ. Եւ ուշդ դարձրու տան մուտքին սրբարանի բոլոր ելքերովը։
6 Եւ ասիր ապստամբներին՝ այսինքն Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ համար ձեր բոլոր պղծութիւնները, ով Իսրայէլի տուն,
7 Որ դուք ներս էք բերում օտարների որդկանցը՝ սրտով անթլփատներին՝ մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանումը լինեն իմ տունը պղծելու համար, դուք իմ հացը, ճարպը եւ արիւնը մատուցանելիս. Եւ նորանք դրժեցին իմ ուխտը, ձեր բոլոր պղծութիւններից ի զատ։
8 Եւ չպահեցիք իմ սուրբ բաների պահպանութիւնը, այլ իմ սրբարանումն իմ պահպանութիւնը անելու համար ձեզ համար պահապաններ դրիք։
9 Այսպէս է ասում Տէր Եհովան. Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ եւ մարմնով անթլփատ պիտի չմտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մէջ են։
10 Այլ եւ Ղեւտացիքն էլ, որոնք հեռացան ինձանից Իսրայէլի ինձ դէմ արած մոլորութիւնովը մոլորուելով եւ իրանց կուռքերին հետեւելով, պիտի իրանց անօրէնութիւնները կրեն։
11 Եւ սպասաւորներ պիտի լինեն իմ սրբարանումը տան դռներին որոշուած եւ տանը ծառայողներ. նորանք պէտք է մորթեն ողջակէզը եւ զոհը ժողովրդի համար. Եւ նորանք պէտք է կանգնեն նորանց առաջին նորանց ծառայելու համար։
12 Որովհետեւ նորանց ծառայութիւն արին իրանց կուռքերի առաջին, եւ Իսրայէլի տան համար անօրէնութեան գայթակղութիւն եղան. դորա համար ձեռքս բարձրացրի նորանց վերայ, ասում է Տէր Եհովան, որ կրեն իրանց անօրէնութիւնները։
13 Եւ պէտք է ինձ չմօտենան՝ ինձ համար քահանայութիւն անելու եւ իմ բոլոր սուրբ բաներին եւ ամենասուրբ բաներին մօտենալու համար. այլ իրանց նախատինքը պիտի կրեն եւ իրանց արած պղծութիւնները։
14 Սակայն նորանց պիտի տանը պահապանութիւնը պահպանողներ շինեմ նորա բոլոր ծառայութեան համար, եւ այն ամեն բանի համար որ նորանում պիտի կատարուի։
15 Բայց Ղեւտացի քահանաները՝ Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանութիւնը Իսրայէլի որդիքը ինձանից ապստամբուելու ժամանակ, նորանք պիտի մօտենան ինձ որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին ինձ ճարպ եւ արիւն մատուցանելու, ասում է Տէր Եհովան։
16 Նորանք պիտի իմ սրբարանը մտնեն, եւ նորանք պիտի մօտենան իմ սեղանին ինձ ծառայելու համար, եւ պիտի պահպանեն իմ պահպանութիւնը։
17 Եւ կլինի որ նորանք ներսի գաւիթի դռներովը մտնելիս՝ պէտք է կտաւի հանդերձներ հագնեն, եւ նորանց վերայ բուրդ պիտի չգայ, նորանք ներսի գաւիթի դռներումը եւ ներսումը ծառայելու ժամանակ։
18 Կտաւի ապարօշներ պիտի լինեն նորանց գլխին եւ կտաւի վարտիքներ՝ նորանց երանքների վերայ. քրտնեցնող գօտի պիտի չկապեն։
19 Եւ դրսի գաւիթը գնալիս երբոր դուրս են գալիս դրսի գաւիթը ժողովրդի մօտ՝ պէտք է այն հանդերձները հանեն, որոնցով նորանց պաշտօն են մատուցանում, եւ նորանց պիտի սուրբ սենեակներումը դնեն, եւ ուրիշ հանդերձներ հագնեն, որպէսզի ժողովուրդը չսրբեն իրանց հանդերձներովը։
20 Եւ իրանց գլուխը պիտի չածիլեն եւ իրանց վարսերը չերկայնացնեն. իրանց գլխի մազերը պէտք է անպատճառ խուզեն։
21 Եւ բնաւ գինի պիտի չխմեն քահանաները երբոր ներքին գաւիթն են գալիս։
22 Եւ որբեւայրին ու արձակուածը իրանց համար կին չառնեն, այլ Իսրայէլի տան սերունդից եղող կոյսը, կամ այն որբեւայրին որ մի քահանայից որբեւայրի է մնացել, առնեն։
23 Եւ իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց։
24 Եւ դատերի վերայ նորանք պէտք է կենան դատելու համար իմ դատաստաններումը եւ նորանց դատեն իմ օրէնքովը եւ իմ կանոններովը, եւ իմ տօները պիտի պահեն եւ իմ շաբաթները սրբեն։
25 Եւ մեռած մարդի մօտ պիտի չգնան որ չպղծուին, այլ միայն իր հօր եւ մօր, տղու եւ աղջկայ, եղբօր եւ քրոջ մօտ գնան որ մարդի չէ գնացած, դորանց մեռած դիակի մօտ թող պղծուին։
26 Եւ մէկը իր մաքրուելուց յետոյ եօթը օր համարէ իրան համար։
27 Եւ նա սրբարանը ներսի գաւիթը սրբարանում պաշտօն մատուցանելու մտած օրը, նա պիտի մատուցանէ իր մեղքի պատարագը, ասում է Տէր Եհովան։
28 Եւ սա նորանց համար ժառանգութիւն լինի՝ ես եմ նորանց ժառանգութիւնը. Եւ նորանց կալուածք չտաք Իսրայէլումը. ես եմ նորանց կալուածքը։
29 Հացի ընծան, մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը նորանք պիտի ուտեն. Եւ Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը նորանցը պիտի լինի։
30 Եւ ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. Եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ։
31 Ոչ մի մեռած կամ գազանաբեկ, թէ թռչուն թէ անասուն, պիտի չուտեն քահանաները։