Ezekiel 28AA1896

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

2Մարդի որդի, ասիր Տիւրոսի իշխանին՝ թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ սիրտդ հպարտացաւ եւ ասեցիր. Ես աստուած եմ, Աստուծոյ աթոռի վերայ եմ նստած ծովի միջումը. բայց դու մարդ ես եւ ոչ Աստուած, թէեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի տեղն ես դրել.

3Ահա դու Դանիէլիցը իմաստուն ես. Ոչ մի գաղտնիք մութ չէ քեզ համար.

4Քո իմաստութեամբն ու հանճարովը քեզ համար հարստութիւն շինեցիր, եւ ոսկի ու արծաթ դրիր քո գանձարաններումը.

5Քո շատ իմաստութիւնովը՝ քո վաճառականութիւնովը շատացրիր քո հարստութիւնը, եւ սիրտդ բարձրացաւ քո հարստութիւնովը։

6Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Որովհետեւ դու քո սիրտը Աստուծոյ սրտի նման շինեցիր,

7Դորա համար ահա ես քեզ վերայ պիտի բերեմ օտարներին՝ ազգերի բռնաւորներին, եւ նորանք պիտի հանեն իրանց սրերը քո իմաստութեան գեղեցկութեան վերայ, եւ պիտի ապականեն քո գեղեցկութիւնը։

8Քեզ գուբը պիտի գցեն, եւ դու պիտի մեռնես վիրաւորուածների մահով ծովի մէջ։

9Մի՞թէ ասելու ես քեզ սպանողների առաջին. Ես աստուած եմ. քանի որ դու մարդ ես եւ ոչ Աստուած՝ քեզ սպանողների ձեռքին։

10Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով. որովհետեւ ես խօսեցի. Ասում է Տէր Եհովան։

11Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.

12Մարդի որդի, ողբ բարձրացրու Տիւրոսի թագաւորի վերայ եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու կատարելութեան կնիքն ես՝ լիքն իմաստութիւնով, եւ գեղեցկութեամբ կատարեալ։

13Եդեմումն՝ Աստուծոյ դրախտումն էիր. բոլոր պատուական քարերը քո ծածկոցն էին՝ սարդիոն, տպազիոն, անդամանդ, ոսկեքար, եղնգնաքար եւ յասպիս, շափիւղայ, կարկեհան եւ զմրուխտ եւ ոսկի. քո թմբուկների եւ քո սրինգների գործը քեզ համար քո ստեղծուած օրը պատրաստուեցաւ.

14Դու մի օծուած քերովբէ էիր ծածկող, եւ ես քեզ շինեցի. Աստուծոյ սուրբ սարի վերայ էիր. Կրակի քարերի մէջ տեղ էիր ման գալիս։

15Դու կատարեալ էիր քո ճանապարհներումը քո ստեղծուած օրիցը մինչեւ որ քեզանում անօրէնութիւն գտնուեցաւ։

16Քո առուտուրի շատութեան համար լցուեցաւ քո ներսը զրկանքով եւ դու մեղանչեցիր. Եւ ես քեզ իբրեւ պիղծ հեռացրի Աստուծոյ սարիցը, եւ քեզ փչացրի, ով ծածկող քերովբէ, կրակի քարերի միջից։

17Սիրտդ հպարտացաւ քո գեղեցկութիւնովը. դու ապականեցիր քո իմաստութիւնը քո գեղեցկութեան պատճառով. ես քեզ գետինը պիտի գցեմ. Թագաւորների առաջին քեզ տեսարան պիտի շինեմ։

18Քո անօրէնութիւնների շատութիւնովը՝ քո անիրաւ վաճառականութիւնովը պղծեցիր քո սրբարանները. Եւ ես կրակ պիտի հանեմ քո միջից. նա պիտի ուտէ քեզ, եւ ես քեզ մոխիր պիտի շինեմ երկրի վերայ բոլոր քեզ տեսնողների աչքերի առաջին։

19Ազգերի մէջ քեզ ամեն ճանաչողները պիտի ապշեն քեզ վերայ. դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։

20Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

21Մարդի որդի, երեսդ Սիդոնին դարձրու, եւ մարգարէացիր նորա վերայ.

22Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սիդոն. Եւ պիտի փառաւորուիմ քեզանում, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը, երբոր նորանում դատաստաններ անեմ եւ նորանում սրբուիմ։

23Եւ նորա մէջ ժանտախտ պիտի ուղարկեմ եւ նորա փողոցների մէջ՝ արիւն. Եւ վիրաւորուածներ պիտի ընկնեն նորա մէջ նորա վերայի սրով շուրջանակի։ Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը։

24Եւ Իսրայէլի տան համար այլեւս պիտի չլինի խայթող տատասկ եւ ցաւացնող փուշ նորանց բոլոր շրջականերից, որ ատում են նորանց. Եւ պիտի գիտենան, որ ես եմ Տէր Եհովան։

25Այսպէս է ասում Տէր Եհովան. Երբոր ես կհաւաքեմ Իսրայէլի տունը այն ազգերի միջից որոնցում ցրուել եմ, եւ երբոր ես կսրբուիմ նորանցով ազգերի աչքերի առաջին, այն ժամանակ նորանք կբնակուեն իրանց հողի վերայ, որ ես տուի իմ ծառայ Յակոբին։

26Եւ նորանք կբնակուեն նորանում ապահովութիւնով եւ տուներ կշինեն եւ այգիներ կտնկեն, եւ ապահով կբնակուեն, երբոր ես դատաստաններ կանեմ իրանց շրջակայքիցը բոլոր իրանց արհամարհողներին, եւ կգիտենան որ ես եմ Տէրը նորանց Աստուածը։

Choose Translation

Switch translation for Ezekiel 28.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.