1Եւ խունկ ծխելու սեղան շինես. Սատիմի փայտից շինես նորան։
2Նորա երկայնութիւնը մէկ կանգուն եւ նորա լայնութիւնը մէկ կանգուն. քառակուսի լինի, եւ նորա բարձրութիւնը երկու կանգուն. նորա եղջիւրները իրանից լինին։
3Եւ նորան մաքուր ոսկով պատես՝ նորա մակարդակը՝ նորա պատերը շուրջանակի՝ եւ նորա եղջիւրները, եւ շուրջանակի ոսկի պսակ շինես նորա համար։
4Եւ նորա համար երկու ոսկի օղակներ շինես. պսակի տակիցը նորա երկու կողքերին երկու կողմերի վերայ շինես, որ նորանցով նորա վեր առնելու համար ձողերի անցկացնելու տեղերը լինին։
5Եւ ձողերը Սատիմի փայտից շինես, եւ նորանց ոսկով պատես,
6Եւ նորան դնես այն վարագոյրի առաջին, որ վկայութեան տապանակի դէմ է վկայութեան վերայի քաւութիւնի դիմացը այնտեղ ուր ես քեզ կհանդիպեմ։
7Եւ Ահարօնը նորա վերայ անուշահոտ խունկ ծխէ. ամեն առաւօտ ճրագները պատրաստելիս խունկ ծխէ։
8Եւ Ահարօնը իրիկուայ դէմ ճրագները վառելիս խունկ ծխէ, որ Եհովայի առաջին մշտնջենաւոր խունկ լինի ձեր ազգերի մէջ։
9Նորա վերայ օտար խունկ, կամ ողջակէզ, կամ հացի ընծայ չմատուցանէք, ոչ էլ նորա վերայ նուէր թափէք։
10Եւ Ահարօնը տարին մէկ անգամ նորա եղջիւրների վերայ քաւութիւն անէ, քաւութիւնների մեղքի պատարագի արիւնովը տարին մէկ անգամ նորա վերայ քաւութիւն անէ ձեր ազգերի մէջ. սա ամենասուրբ է Եհովայի համար։
11Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
12Երբոր Իսրայէլի որդիների գումարը առնելու լինես՝ իրանց թիւին նայելով, այն ժամանակ նորանց ամեն մէկն իր անձի փրկանքը տայ Եհովային՝ դու նորանց հաշուելիս, որ նորանց մէջ հարուած չլինի նորանց հաշուելիս։
13Այս պիտի տան՝ հաշուի տակ ամեն մէկ անցնողը կէս սիկղ արծաթ սրբարանի սիկղի համեմատ. մէկ սիկղը քսան կերատ է. Եհովայի ընծան կէս սիկղ լինի։
14Ամեն հաշուի տակ անցնող քսան տարեկանը եւ էլ աւելին տայ Եհովայի ընծան։
15Ոչ հարուստը աւելի՝ եւ ոչ աղքատը պակաս պիտի տայ կէս սիկղից ձեր անձերի համար քաւութիւն անելու համար Եհովային ընծայ տալիս։
16Եւ առնես Իսրայէլի որդիներից քաւութեան արծաթը եւ ժողովքի խորանի պաշտօնին տաս այն, որ Եհովայի առաջին յիշատակ լինի Իսրայէլի որդիներին՝ ձեր անձերին քաւութիւն անելու համար։
17Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
18Նաեւ մի պղնձի աւազան շինես լուացման համար, եւ նորա խարիսխն էլ պղնձի լինի. եւ ժողովքի խորանի եւ սեղանի մէջտեղը դնես այն, եւ նորա մէջը ջուր լցնես։
19Եւ Ահարօնն ու նորա որդիքը իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան նորանից։
20Ժողովքի խորանը մտնելիս ջրով լուացուին որ չմեռնեն՝ կամ սեղանին մօտենալիս, որ պաշտօն կատարեն և կրակով Եհովային զոհ մատուցանեն։
21Այսպէս իրանց ձեռքերն ու ոտքերը լուանան որ չմեռնեն. եւ սա իրանց համար յաւիտենական կանոն լինի, թէ իր համար եւ թէ իր սերունդի համար իրանց ազգերի մէջ։
22Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
23Առ քեզ մօտ գլխաւոր համեմներ, զուտ զմուռս հինգ հարիւր սիկղ, եւ նորա կէսի չափ՝ այսինքն երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ կինամոն, եւ երկու հարիւր յիսուն սիկղ անուշահոտ խունկեղէգն,
24Եւ հինգ հարիւր սիկղ կասիայ սրբարանի սիկղի համեմատ, եւ մէկ հիմէն ձէթի իւղ.
25Եւ սուրբ օծման իւղ շինես այն՝ իւղագործի արհեստով բաղադրուած. նա սուրբ օծման իւղ լինի։
26Եւ նորանով օծես ժողովքի խորանը. վկայութեան տապանակը,
27Եւ սեղանը ու նորա ամեն անօթները. եւ աշտանակը եւ նորա գործիքները. եւ խունկի սեղանը,
28Եւ ողջակէզի սեղանը իր ամեն գործիքների հետ մէկ տեղ, եւ աւազանը եւ նորա խարիսխը։
29Եւ սրբես նորանց, որ ամենասուրբ լինին. ինչ որ նորանց դպչէ՝ սուրբ պիտի լինի։
30Եւ Ահարօնին եւ նորա որդիներին օծես, եւ սուրբ անես նորանց որ ինձ համար քահանայութիւն անեն։
31Եւ Իսրայէլի որդիների հետ խօսես՝ ասելով. Սա ինձ համար սուրբ օծման իւղ պիտի լինի ձեր ազգերի մէջ։
32Մարդի մարմնի վերայ պիտի չթափուի նա, եւ նորա բաղադրութեան պէս նորա նմանը չշինէք. սա սուրբ է, ձեզ համար էլ սուրբ պիտի լինի։
33Ով որ նորա նմանը շինէ, կամ ով որ նորանից օտարականի վերայ դնէ, իր ժողովրդիցը պիտի կորչէ։
34Եւ Եհովան ասեց Մովսէսին. Առ քեզ համար անուշահոտ համեմներ, այսինքն ստաշխն ու եղունգն եւ քաղբան, այս անուշահոտ համեմները եւ մաքուր կնդրուկ. ամենը հաւասար կշռով լինին։
35Եւ նորանց իւղագործի արհեստով բաղադրեալ խունկ շինես աղուած՝ մաքուր՝ սուրբ։
36Եւ նորանցից մի քիչ ծեծես շատ բարակ, եւ դնես ժողովքի խորանի մէջ վկայութեանը առաջին, ուր ես քեզ կհանդիպեմ. նա ձեզ համար ամենասուրբ լինի։
37Եւ այն խունկը, որ շինելու ես իրան բաղադրութեան համեմատ, դուք ձեզ համար չշինէք. նա քեզ համար սուրբ պիտի լինի Եհովայի համար։
38Ով որ հոտոտելու համար նորա նմանը շինելու լինի, նա իր ժողովրդիցը պիտի կորչէ։