Exodus 13
1 Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
2 Սրբիր ինձ համար ամեն առաջինեկը՝ Իսրայէլի որդիների մէջ՝ ամեն արգանդ բացողը, թէ մարդ թէ անասուն. այն իմն է։
3 Եւ Մովսէսն ասեց ժողովրդին. Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը ծառայութեան տնից դուրս եկաք. որովհետեւ Եհովան ձեզ այս տեղից զօրաւոր ձեռքով հանեց. եւ խմորեալ չուտուի։
4 Դուք այսօր էք դուրս եկել, Ապիպ ամսումը։
5 Եւ կլինի որ երբ Եհովան քեզ տանելու լինի Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը՝ որ քեզ տալու համար քո հայրերին երդում արաւ, այն կաթ ու մեղր բղխող երկիրը, այս ամսումը պիտի կատարես այս պաշտօնը։
6 Եօթը օր բաղարջ պիտի ուտես, եւ եօթներորդ օրը տօն լինի Եհովայի համար։
7 Այն եօթը օրերումը բաղարջ պիտի ուտուի, եւ քեզ մօտ խմորեալ հաց պիտի չտեսնուի. ոչ էլ քեզ մօտ խմոր պիտի տեսնուի քո բոլոր սահմաններումը։
8 Եւ այն օրը քո որդուն պիտի պատմես՝ ասելով. Այս նորա համար է որ Եհովան արաւ ինձ՝ ես Եգիպտոսիցը դուրս գալիս։
9 Եւ սա քեզ համար նշան պիտի լինի ձեռքիդ վերայ, եւ յիշատակ՝ աչքերիդ մէջ տեղը, որ Եհովայի օրէնքը քո բերանումը լինի, որովհետեւ Եհովան քեզ զօրաւոր ձեռքով հանեց Եգիպտոսիցը։
10 Եւ դու այս կանոնը տարուց տարի իր ժամանակին պիտի պահես։
11 Եւ կլինի որ՝ երբ Եհովան քեզ Քանանացիների երկիրը տանէ, ինչպէս որ քեզ եւ քո հայրերին երդում արաւ, որ նորան քեզ տայ։
12 Եւ այն ամենը որ արգանդ կբանայ, Եհովային ներկայացրու. եւ քո ունեցած անասնի ամեն առաջինեկ արուները Եհովայինը լինի։
13 Եւ էշի ամեն առաջինեկը մի ոչխարով փրկես, եւ եթէ չփրկես, նորա վիզը կոտրիր. եւ քո որդիների մէջ մարդի ամեն առաջինեկը պիտի փրկես։
14 Եւ կլինի որ քո որդին էգուց քեզ կհարցնէ ասելով. Սա ի՞նչ է. նորան պիտի ասես թէ՝ Եհովան մեզ Եգիպտոսիցը ծառայութեան տունիցը զօրաւոր ձեռքով հանեց.
15 Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը խստացաւ և մեզ արձակել չուզեց, Եհովան Եգիպտոսի երկրումն ամեն առաջինեկը՝ մարդի առաջինեկից մինչեւ անասունի առաջինեկը մեռցրեց. նորա համար ես ամեն արգանդ բացող արուն զոհում եմ Եհովային, եւ իմ որդիների ամեն առաջինեկը փրկում եմ։
16 Եւ սա քո ձեռքի վերայ նշան եւ աչքերիդ մէջտեղը ճակատանոց լինի, որովհետեւ Եհովան մեզ Եգիպտոսիցը զօրաւոր ձեռքով հանեց։
17 Եւ եղաւ՝ երբ Փարաւօնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստուած նորանց Փղշտացիների երկրի ճանապարհովը չտարաւ, թէեւ նա մօտ էր, որովհետեւ Աստուած ասեց. Մի գուցէ ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջայ եւ ետ դառնայ Եգիպտոս։
18 Այլ Աստուած ժողովրդին Կարմիր ծովի անապատի ճանապարհովը պտոյտ անել տուաւ եւ Իսրայէլի որդիքը գօտեպնդուած ելան Եգիպտոսի երկրիցը։
19 Եւ Մովսէսը՝ Յովսէփի ոսկորներն իր հետ առաւ. որովհետեւ Իսրայէլի որդկանցը հաստատ երդում էր անել տուել ասելով. Անպատճառ Աստուած ձեզ այցելութիւն է անելու, եւ իմ ոսկորներն այս տեղիցը ձեզ հետ հանեցէք։
20 Եւ Սոկքովթիցը չուեցին եւ Ոթոմի մէջ անապատի ծայրումը իջեւան արին։
21 Եւ Եհովան գնում էր նորանց առաջին ցերեկը ամպի սիւնով նորանց ճանապարհ ցոյց տալու համար, եւ գիշերը կրակի սիւնով, որ նորանց լոյս տայ, որ ցերեկ եւ գիշեր գնան։
22 Ցերեկը ամպի սիւնը՝ եւ գիշերը կրակի սիւնը՝ ժողովրդի առջեւից չպակասեցրեց։