Acts 7
1 Եւ քահանայապետն ասեց թէ Արդեօք այդ բաներն այդպէ՞ս են։
2 Նա էլ ասեց. Մարդիկ՝ եղբայրներ եւ հայրեր, լսեցէք. Փառքի Աստուածն երեւեցաւ մեր հայր Աբրահամին, որ Միջագետումն էր, դեռ Խառանի մէջ չ’բնակուած. Եւ ասեց նորան.
3 Դուրս եկ քո երկրիցը եւ քո ազգիցը, եւ եկ այն երկիրն՝ որ ես ցոյց կ’տամ քեզ։
4 Այն ժամանակ Քաղդէացիների երկրիցը դուրս եկաւ՝ Խառանումը բնակուեց. Եւ այն տեղից նորա հօր մեռնելուց յետոյ՝ նորան փոխադրեց պանդխտացրեց այս երկրումը, որ նորանում դուք հիմա բնակուած էք։
5 Եւ սորանում ժառանգութիւն չ’տուաւ նորան, եւ ոչ էլ մի ոտքի քայլի տեղ, եւ խոստացաւ նորան այս տեղը ստացուացք տալ նորան. Եւ նորանից յետոյ՝ նորա զաւակին, նա դեռ որդի չ’ունեցած։
6 Եւ Աստուած այսպէս խօսեց. թէ Նորա զաւակը պանդուխտ կ’լինի օտար երկրի մէջ. Եւ կ’ծառայեցնեն նորան, եւ կ’չարչարեն չորս հարիւր տարի։
7 Եւ այն ազգին, որին կ’ծառայեն, նորան ես կ’դատեմ, ասեց Աստուած. Եւ սորանից յետոյ դուրս կ’գան՝ եւ այստեղ ինձ կ’պաշտեն։
8 Եւ նորան թլփատութեան ուխտը տուաւ. եւ յետոյ Իսահակին ծնեց, եւ ութերորդ օրը թլփատեց նորան. Եւ Իսահակը Յակոբին, եւ Յակոբը տասնեւերկու նահապետներին։
9 Եւ նահապետները նախանձելով Յովսէփին վերայ ծախեցին Եգիպտոս. եւ Աստուած նորա հետ էր։
10 Եւ փրկեց նորան իր բոլոր նեղութիւններիցը. Եւ նորան շնորհք եւ իմաստութիւն տուաւ Եգիպտոսի Փարաւօն թագաւորի առաջին. Եւ նորան իշխան կանգնեցրեց Եգիպտոսի եւ իր բոլոր տան վերայ։
11 Եւ սով եկաւ Եգիպտոսի բոլոր երկիրը՝ եւ Քանանն էլ, եւ մեծ նեղութիւնը. Եւ մեր հայրերը կերակուր չէին գտնում։
12 Եւ Յակոբը լսելով թէ Եգիպտոսումը ցորեն կայ, մեր հայրերին ուղարկեց առաջին անգամը։
13 Եւ երկրորդումը Յովսէփն իրան ճանաչել տուաւ իր եղբայրներին. Եւ Յովսէփի ազգը յայտնի եղաւ Փարաւօնին։
14 Յովսէփն էլ ուղարկեց եւ կանչեց իր հայր Յակոբին, եւ բոլոր ազգատոհմին՝ եօթանասունեւհինգ հոգի։
15 Եւ Յակոբն իջաւ Եգիպտոս, եւ վախճանեց ինքը եւ մեր հայրերը։
16 Եւ փոխադրուեցան Սիւքեմ, դրուեցան այն գերեզմանում, որ Աբրահամը Սիւքեմի հայր Եմովրի որդիներիցն առաւ արծաթով։
17 Եւ երբոր խոստմունքի ժամանակը մօտեցաւ՝ որ Աստուած Աբրահամին երդումով խոստացել էր, ժողովուրդը աճեց եւ շատացաւ Եգիպտոսումը.
18 Մինչեւ որ մի ուրիշ թագաւոր վերկացաւ Եգիպտոսումը՝ որ Յովսէփին չէր ճանաչում։
19 Նա հնարք գործածեց մեր ազգի դէմ, եւ մեր հայրերին չարչարեց՝ որ իրանց երեխաները դուրս գցեն, որ չ’ապրեն։
20 Որ այն ժամանակ Մովսէսն էլ ծնուեցաւ, եւ գեղեցիկ էր Աստուծոյ առաջին. Որ իր հօր տանն երեք ամիս կերակրուեցաւ։
21 Եւ երբ որ դուրս գցեցին նորան, Փարաւօնի աղջիկը վեր առաւ նորան եւ մեծացրեց նորան՝ իրան համար իբրեւ որդի։
22 Եւ Մովսէսը վարժուեցաւ Եգիպտացիների բոլոր իմաստութիւնովը. եւ զօրաւոր էր խօսքերով եւ գործերով։
23 Եւ երբոր նորա քառասուն տարեկան ժամանակը լրացաւ, նորա սրտի մէջ ընկաւ՝ որ իր եղբայրներին՝ Իսրայէլի որդիներին այցելութիւն անէ։
24 Եւ երբոր տեսաւ, որ նորանցից մէկը զրկուած էր, պաշտպանեց եւ այն զրկուածի վրէժն առաւ՝ Եգիպտացուն սպանելով։
25 Կարծում էր թէ նորա եղբայրները կ’իմանան, որ Աստուած նորա ձեռովը փրկութիւն պիտի տայ նորանց. Բայց նորանք չ’իմացան։
26 Եւ հետեւեալ օրն երեւեցաւ նորանց, որ կռիւ էին անում, եւ յորդորեց նորանց դէպի խաղաղութիւն, ասելով. Մարդիկ, դուք եղբայրներ էք, ի՞նչու էք իրար զրկում։
27 Բայց նա՝ որ ընկերին զրկում էր, մերժեց նորան եւ ասեց. Քեզ ո՞վ կանգնեցրեց մեզ վերայ իշխան եւ դատաւոր։
28 Մի՞թէ դու կամենում ես ինձ էլ սպանել, ինչպէս երէկ Եգիպտացուն սպանեցիր։
29 Եւ Մովսէսը փախաւ այս խօսքի վերայ, եւ պանդուխտ եղաւ Մադիամի երկրումը, ուր երկու որդի ծնեց։
30 Եւ երբոր քառասուն տարի լրացաւ, Սինա սարի անապատումը Տիրոջ հրեշտակն երեւեցաւ նորան կրակի բոցով, մորենումը։
31 Եւ Մովսէսն երբոր տեսաւ՝ զարմացաւ այն տեսիլքի համար, եւ երբոր մօտենում էր որ մտիկ անէ, Տիրոջ ձայնը եղաւ նորան.
32 Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. Եւ Մովսէսը զարհուրած չէր համարձակում նայել։
33 Եւ Տէրն ասեց նորան. Կօշիկներդ հանիր ոտներիցդ, որովհետեւ այդ տեղը որ դու կանգնել ես, սուրբ երկիր է։
34 Տեսնելով տեսայ իմ ժողովրդի չարչարանքները որ Եգիպտոսումն է, եւ լսեցի նորանց հառաչանքը եւ իջայ որ նորանց փրկեմ. Եւ հիմա եկ, քեզ ուղարկեմ Եգիպտոս։
35 Հէնց այն Մովսէսին՝ որին ուրացան եւ ասեցին. Քեզ ո՞վ կանգնեցրեց մեզ վերայ իշխան եւ դատաւոր, Աստուած նորան իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռովը, որ մորենումն երեւեցաւ նորան։
36 Նա հանեց նորանց՝ եւ հրաշքներ եւ նշաններ արաւ Եգիպտոսի երկրումը, եւ Կարմիր ծովումը, եւ անապատումը քառասուն տարի։
37 Սա այն Մովսէսն է, որ ասեց Իսրայէլի որդկանցը, Ձեր Տէր Աստուածը մի մարգարէ վեր կ’կացնէ ձեզ համար ձեր եղբայրներիցն ինձ նման. նորան լսեցէք։
38 Սա է՝ որ եղաւ ժողովրդի մէջ անապատումն այն հրեշտակի հետ, որի հետ Սինա սարումը խօսեց՝ եւ մեր հայրերի հետ. որ կենդանի պատգամներ առաւ՝ որ տայ մեզ։
39 Որին մեր հայրերը չ’կամեցան հնազանդ լինիլ. Այլ մերժեցին եւ իրանց սրտերովը ետ դառան Եգիպտոս.
40 Եւ Ահարօնին ասեցին. Մեզ համար աստուածներ շինիր, որ մեր առաջին գնան. Որովհետեւ այն Մովսէսն՝ որ Եգիպտոսի երկրիցը մեզ հանեց, չ’գիտենք թէ ի՞նչ եղաւ նորան։
41 Եւ այն օրերումը մի հորթ շինեցին, եւ զոհ մատուցրին կուռքին եւ ուրախանում էին իրանց ձեռքերի գործերովը։
42 Եւ Աստուած երեսը դարձրեց եւ նորանց մատնեց՝ որ երկնքի զօրութեանը պաշտեն. Ինչպէս որ գրուած է մարգարէների գրքումն. Մի՞թէ զոհեր եւ պատարագներ բերիք ինձ քառասուն տարի անապատումն, ով Իսրայէլի տուն.
43 Եւ Մողոքի վրանն առաք, եւ ձեր Հռեմփա աստուծոյ աստղն. Այն պատկերները որ արիք նորանց երկրպագութիւն տալու համար. Եւ ես ձեզ կ’փոխադրեմ Բաբիլոնից այն կողմը։
44 Վկայութեան խորանը մեր հայրերի հետ անապատումն էր. Ինչպէս հրաման տուաւ Մովսեսի հետ խօսողը, որ նորան անէ այն օրինակի պէս՝ որ տեսաւ։
45 Որ նորան մեր հայրերն էլ առան բերին Յեսուի հետ այն ազգերի կալուածքը, որ Աստուած դուրս արաւ մեր հայրերի երեսիցը. Մինչեւ Դաւիթի օրերը,
46 Որ Աստուծոյ առաջին շնորհք գտաւ, եւ խնդրեց՝ որ Յակոբի Աստուծոյ համար բնակարան գտնէ։
47 Բայց Սողոմոնը նորա համար տուն շինեց.
48 Սակայն Բարձրեալը ոչ թէ ձեռագործ տաճարներում է բնակվում. Ինչպէս մարգարէն ասում է,
49 Երկինքն իմ աթոռն է, եւ երկիրն իմ ոտների պատուանդան. Ի՞նչպիսի տուն պիտի շինէք ինձ համար, ասում է Տէրը, կամ ո՞րն է իմ հանգիստ առնելու տեղը։
50 Չէ՞ որ իմ ձեռն արաւ այս ամենը։
51 Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չ’թլփատուածներ. Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. Ինչպէս ձեր հայրերը այնպէս էլ դուք։
52 Մարգարէներից ո՞րին չ’հալածեցին ձեր հայրերը, եւ սպանեցին նորանց՝ որ առաջուց պատմեցին այն Արդարի գալստեան համար, որի դուք հիմա մատնիչներն եւ սպանողներն եղաք.
53 Որ օրէնքն առաք հրեշտակների մատակարարութեամբն, եւ չ’պահեցիք։
54 Եւ այս խօսքերը լսելով, իրանց սրտերումը կատաղում էին, եւ ատամները կրճտացնում էին նորա վերայ։
55 Իսկ նա լցուած Սուրբ Հոգով՝ դէպի երկինքը նայեց եւ Աստուծոյ փառքը տեսաւ, եւ Յիսուսին՝ կանգնած Աստուծոյ աջ կողմումը. Եւ ասեց. Ահա տեսնում եմ երկինքը բացուած, եւ Մարդի Որդին կանգնած Աստուծոյ աջ կողմումը։
56 Իսկ նորանք մեծաձայն աղաղակելով խփեցին իրանց ականջները, եւ միասին յարձակուեցան նորա վերայ։
57 Եւ քաղաքիցը դուրս հանելով նորան քարկոծում էին. եւ վկաներն իրանց հանդերձները դնում էին մի երիտասարդի ոտների մօտ՝ որ Սօղոս էր կոչվում։
58 Եւ քարկոծում էին Ստեփաննոսին, որ կանչում էր եւ ասում. Տէր Յիսուս, ընդունիր իմ հոգին։
59 Եւ ծունկ դրաւ՝ եւ բարձր ձայնով աղաղակեց. Տէր, այդ մեղքը մի համարիր դորանց համար. եւ այս ասելով ննջեց. եւ Սօղոս կամակից էր նորա սպանուելուն։