Acts 18AA1896

1Սորանից յետոյ Պօղոսն Աթէնքից բաժանուեց եկաւ Կորնթոս։

2Եւ մի Հրէայ գտաւ՝ անունը Ակիւղաս, ազգով Պոնտացի, եւ նորա Պրիսկիղա կինն էլ, Իտալիայից նոր եկած, Կղօդիոսի հրամանի համեմատ՝ որ բոլոր Հրէաները Հռովմից հեռանան. Եւ նորանց մօտ գնաց։

3Եւ որովհետեւ արհեստակից էր, մնաց նորանց մօտ եւ բան էր անում. Որովհետեւ արհեստով վրանակար էին։

4Եւ խօսում էր ժողովարանումն ամեն շաբաթ օր եւ Հրէաներին եւ Յոյներին համոզում էր։

5Եւ երբոր Շիղան եւ Տիմոթէոսն իջան Մակեդոնիայից, Պօղոսը հոգովը վառվում էր վկայելով Հրէաներին թէ Յիսուսն է Քրիստոսը։

6Եւ երբոր նորանք հակառակում էին եւ հայհոյում, հանդերձները թօթափեց եւ ասեց նորանց. Ձեր արիւնը ձեր գլուխը, ես անպարտ եմ, այսուհետեւ հեթանոսներին եմ գնում։

7Եւ այն տեղից գնաց մտաւ մէկի տունը՝ որի անունը Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որ նորա տունը ժողովարանի կից էր։

8Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջն իր բոլոր տնովը. Եւ Կորնթացիներից շատերը երբոր լսեցին՝ հաւատացին եւ մկրտուեցան։

9Եւ Տէրն ասեց գիշերումը տեսիլքով Պօղոսին, Մի վախենար՝ այլ խօսիր՝ եւ լուռ մի կենար։

10Որովհետեւ ես քեզ հետ եմ, եւ ոչ ով քեզ դէմ չի կենալ՝ քեզ վնասելու. Որովհետեւ ես շատ ժողովուրդ ունիմ այս քաղաքումը։

11Եւ այնտեղ մէկ տարի եւ վեց ամիս նստեց՝ եւ նորանց սովորեցնում էր Աստուծոյ խօսքը։

12Եւ երբոր Գաղիոնը փոխանորդ բդեշխ էր Աքայիայումը, Հրէաները միաբան վեր կացան Պօղոսի վերայ, եւ նորան տարան ատեանը.

13Ասելով թէ Սա օրէնքի հակառակ հրապուրում է մարդկանց Աստուած պաշտել։

14Եւ երբոր Պօղոսն իր բերանը ուզում էր բանալ Գաղիոնը Հրէաներին ասեց. Ով Հրէաներ, եթէ մի անիրաւութիւն կամ մի չար նենգութիւն լինէր, ինձ արժան էր որ լսէի։

15Բայց եթէ խնդիրը խօսքի եւ անունների եւ ձեր օրէնքի համար է, դուք ինքներդ տեսէք. Որովհետեւ այդպիսի բաների դատաւոր չեմ ուզում լինել։

16Եւ նորանց հանեց դատաստանիցը։

17Եւ բոլոր Յոյները Սոսթենէս ժողովրդապետին բռնեցին եւ ատեանի առաջին ծեծում էին. Եւ Գաղիոնը սորանց համար ոչինչ հոգս չէր անում։

18Բայց Պօղոսը տակաւին շատ օրեր մնալուց յետոյ, եղբայրներիցը հրաժարուելով, նաւով գնում էր դէպի Սիւրիա. Եւ Պրիսկիղան եւ Ակիւղասն նորա հետ, Կենքրայումը գլուխը խուզեց. Որ ուխտ ունէր։

19Եւ երբոր հասաւ Եփեսոս, նորանց այնտեղ թողեց, եւ ինքը ժողովարանը մտնելով Հրէաների հետ խօսում էր։

20Եւ երբոր նորանք աղաչում էին նորան՝ որ շատ ժամանակ այնտեղ մնայ, յանձը չ’առաւ։

21Բայց նորանցից հրաժարեց եւ ասեց. Անպատճառ պէտք է ես առաջիկայ տօնը Երուսաղէմումն անեմ.՝՝ Աստուծոյ կամքովը դարձեալ ձեզ մօտ կ’դառնամ. Եւ Եփեսոսիցը վերկացաւ,

22Եւ իջաւ Կեսարիա, վեր ելաւ, եւ բարեւ տուաւ եկեղեցուն, եւ վայր եկաւ Անտիոք։

23Եւ այնտեղ մի ժամանակ մնալուց յետոյ, դուրս եկաւ՝ որ կարգով ման գայ Գաղատացիների աշխարհքումը եւ Փռիւգիայումը, բոլոր աշակերտները հաստատելով։

24Եւ մի Հրէայ՝ անունը Ապողոս, ազգով Աղեքսանդրացի, ճարտարախօս մարդ՝ եկաւ հասաւ Եփեսոս, որ զօրաւոր էր Գրքերովը։

25Սա Տիրոջ ճանապարհին տեղեկացած էր, եւ հոգով վառուած՝ Տիրոջ համար խօսում էր՝ եւ ստոյգ սովորեցնում էր. Բայց միայն Յովհաննէսի մկրտութիւնը գիտէր։

26Սա սկսեց ժողովարանումը համարձակ խօսել. Եւ երբոր Ակիւղասն եւ Պրիսկիղան նորանից լսեցին, նորան իրանց մօտ առան, եւ էլ աւելի ստոյգ Աստուծոյ ճանապարհը բացատրեցին նորան։

27Եւ երբոր նա կամեցաւ գնալ Աքայիա, եղբայրները քաջալերելով գրեցին աշակերտներին, որ նորան ընդունեն. Երբոր նա այնտեղ հասաւ, հաւատացեալներին շատ օգնութիւն էր տալիս շնորհքի ձեռովը։

28Որովհետեւ խիստ սաստիկ յանդիմանում էր Հրէաներին հրապարակաւ Գրքերիցը ցույց տալով, թէ Քրիստոսը Յիսուսն է։

Choose Translation

Switch translation for Acts 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.