1Սիրելիներ, սա արդէն երկրորդ թուղթն եմ գրում ձեզ, որոնցով ձեր մաքուր միտքը յիշեցնելով զարթնեցնեմ,
2Որ յիշէք սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը եւ մեր՝ Տիրոջ եւ Փրկչի առաքեալներիս պատուիրանքները։
3Բայց առաջ այս գիտացէք, որ յետին օրերումը ծաղր անողներ կ’գան, որ իրանց ցանկութիւնների պէս կ’վարուին։
4Եւ կ’ասեն. Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ։
5Վասնզի նորանք ուզում են այս բանը մոռանալ, թէ երկինքները վաղուց էին եւ երկիրս ջրից եւ ջրով հաստատուած է Աստուծոյ խօսքովը.
6Նորա համար այն հին աշխարհքը ջրհեղեղով ապականուած կորաւ։
7Եւ այժմեան երկինքը եւ երկիրս նոյն խօսքովը պահպանուած պահվում են կրակի համար դատաստանի եւ ամբարիշտ մարդկանց կորստեան օրումը։
8Բայց այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։
9Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն։
10Բայց Տիրոջ օրը (գիշերուայ) գողի պէս կ’գայ. որ նորանում երկինքը շառաչիւնով կ’անցնէ եւ տարերքը կրակով վառուած կ’հալուին, եւ երկիրը եւ նորանում եղած բաներն էլ կ’այրուին։
11Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։
12Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել, որ նորանում երկինքները կրակով այրուած կ’լուծուին. Եւ տարերքը կրակ ընկած կ’հալուին։
13Բայց նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. Որոնցում արդարութիւն է բնակվում։
14Սորա համար, սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք նորա առաջին խաղաղութեան մէջ։
15Եւ մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք. Ինչպէս մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ Աստուածանից իրան տրուած իմաստութեան պէս գրեց ձեզ։
16Ինչպէս ամեն թղթերումն էլ խօսում է այս բաների համար. Որոնցում մի քանի դժուարիմաց բաներ կան. Որ անուսումները եւ անհաստատները նորանց ծռում են, ինչպէս միւս գրքերն էլ՝ իրանց անձերի կորստեան համար։
17Ուրեմն դուք, սիրելիներ, առաջուց իմանալով զգոյշ կացէք, որ մի գուցէ անօրէնների մոլորութիւնովը յափշտակուելով ընկնէք ձեր հաստատութիւնիցը։
18Եւ աճեցէք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի շնորհքովը եւ գիտութիւնովը. նորան լինի փառք եւ հիմա եւ մինչեւ յաւիտենական օրն։ Ամէն։