2 Kings 15AA1896

1Իսրայէլի թագաւոր Յերոբովամի քսանեւեօթներորդ տարին թագաւոր եղաւ Յուդայի թագաւոր Ամասիայի որդի Ազարիան։

2Տասնեւվեց տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ յիսունեւերկու տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յեքէլիա՝ Երուսաղէմից։

3Եւ նա ուղղութիւն արաւ Տիրոջ առաջին բոլորովին այնպէս, ինչպէս որ արաւ իր հայրը՝ Ամասիան։

4Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ։

5Եւ Տէրը զարկեց թագաւորին, եւ նա բորոտ էր մինչեւ իր մահուան օրը, եւ նա հիւանդանոցումն էր կենում. իսկ թագաւորի որդի Յովաթամը՝ տան վերատեսուչը՝ դատում էր երկրի ժողովրդին։

6Եւ Ազարիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։

7Եւ Ազարիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորան թաղեցին իր հայրերի հետ Դաւիթի քաղաքումը. եւ նորա որդի Յովաթամը թագաւոր եղաւ նորա տեղ։

8Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւութերորդ տարին թագաւորեց Իսրայէլի վերայ Յերոբովամի որդի Զաքարիան՝ Սամարիայում վեց ամիս թագաւորելով։

9Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին ինչպէս որ իր հայրերն էին արել. չհեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

10Եւ նորա դէմ ապստամբուեց Յաբիսի որդի Սեղղումը, եւ նորան զարկեց ժողովրդի առաջին եւ սպանեց նորան, եւ թագաւոր եղաւ նորա տեղ։

11Եւ Զաքարիայի գործերի մնացորդը, ահա գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։

12Այս Տիրոջ այն խօսքն է, որ խօսեց Յէուի հետ ասելով. Քո որդիքը մինչեւ չորրորդ սերունդը կնստեն Իսրայէլի աթոռի վերայ. եւ այնպէս եղաւ։

13Յաբիսի որդի Սեղղումը թագաւոր եղաւ Յուդայի Ոզիա թագաւորի երեսունեւիններորդ տարին, եւ թագաւորութիւն արաւ մէկ ամիս ժամանակ Սամարիայում։

14Եւ վեր եկաւ Գադդիյի որդի Մանայեմը Թերսայից. եւ եկաւ Սամարիա եւ զարկեց Յաբիսի որդի Սեղղումին Սամարիայում եւ սպանեց նորան ու թագաւորեց նորա տեղ։

15Եւ Սեղղումի գործերի մնացորդը, եւ նորա արած ապստամբութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։

16Այն ժամանակ զարկեց Մանայեմը Թափսան եւ բոլոր նորանում եղողներին եւ նորա սահմանները Թերսայից սկսած, որովհետեւ իր դռները չբացաւ. նա էլ ջարդեց, նորա բոլոր յղիներին ճղոտեց։

17Յուդայի թագաւոր Ազարիայի երեսունեւիններորդ տարին թագաւոր եղաւ Գադդիի որդի Մանայեմը Իսրայէլի վերայ տասը տարի Սամարիայումը թագաւորելով։

18Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. Նաբատեան Յերոբովամի մեղքերիցը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, չհեռացաւ իր բոլոր օրերումը։

19Երկրի վերայ եկաւ Ասորեստանի թագաւոր Փուղը, եւ Մանայեմը Փուղին հազար տաղանդ արծաթ տուաւ որ նորա ձեռքերը իր հետը լինեն, որ թագաւորութիւնը հաստատէ իր ձեռքին։

20Եւ Մանայեմը հարկ դրաւ այս արծաթը Իսրայէլի բոլոր հարուստների վերայ Ասորեստանի թագաւորին տալու համար՝ իւրաքանչիւր անձին քառասուն սիկղ արծաթ. եւ Ասորեստանի թագաւորը ետ դառաւ եւ այնտեղ այն երկրում չմնաց։

21Եւ Մանայեմի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը.

22Եւ Մանայեմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Փակէիան թագաւոր եղաւ. նորա տեղ։

23Յուդայի Ազարիա թագաւորի յիսուներերոդ տարին թագաւոր եղաւ Մանայեմի որդի Փակէիան Իսրայէլի վերայ Սամարիայումն երկու տարի թագաւորելով։

24Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. չհեռացաւ Նափատեան Յերոբովամի մեղքերիցը որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

25Եւ նորա դէմ դաւաճանութիւն արաւ իր զօրապետ՝ Ռովմելայի որդի Փակէէն եւ զարկեց նորան Սամարիայումը թագաւորի պալատի դահլիճումը Արգովբի եւ Արիէի հետ, եւ նորա հետ կային Գաղաադացիներից յիսուն հոգի. եւ նորան սպանեց եւ թագաւոր եղաւ նորա տեղը։

26Եւ Փակէիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։

27Յուդայի Ազարիա թագաւորի յիսունեւերկուերորդ տարին, թագաւոր եղաւ Ռովմելայի որդի Փակէէն Իսրայէլի վերայ Սամարիայումը քսան տարի թագաւորելով։

28Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին. չհեռացաւ Նաբատեան Յերոբովամի մեղքերից, որ Իսրայէլին մեղանչել տուաւ։

29Իսրայէլի թագաւոր Փակէէի օրերումն եկաւ Ասորեստանի Թագղաթ-փաղասար թագաւորը եւ առաւ Իյօնը, Աբէլ-բեթմաաքան, Յանովէն, Կադէսը, Հասորը, Գաղաադը եւ Գալիլեան՝ Նեփթաղիմի բոլոր երկիրը, եւ նորանց գերի տարաւ Ասորեստան։

30Եւ Էլայի որդի Ովսէէն դաւաճանութիւն արաւ Ռովմելայի որդի Փակէէի դէմ, եւ զարկեց նորան ու սպանեց եւ թագաւոր եղաւ նորա տեղ Ոզիայի որդի Յովաթամի քսաներորդ տարին։

31Եւ Փակէէի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։

32Իսրայէլի թագաւոր Ռովմելայի որդի Փակէէի երկրորդ տարին թագաւոր եղաւ Յովաթամը՝ Յուդայի թագաւոր Ոզիայի որդին։

33Քսանեւհինգ տարեկան էր, երբոր թագաւոր եղաւ, եւ տասնեւվեց տարի թագաւորեց Երուսաղէմում, եւ նորա մօր անունն էր Յերուսա՝ դուստր Սադովկի։

34Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, բոլորովին իր հայր Ոզիայի արածին պէս արաւ.

35Միայն թէ բարձրաւանդակները չհեռացան. ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր ծխում բարձրաւանդակների վերայ. նա շինեց Տիրոջ տան բարձր դուռը։

36Եւ Յովաթամի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։

37Այն օրերումը Տէրը սկսեց Յուդայի վերայ ուղարկել Ասորիների Ռասին թագաւորին եւ Ռովմելայի որդի Փակէէին։

38Եւ Յովաթամը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը, եւ նորա որդի Աքազը թագաւոր եղաւ նորա տեղ։

Choose Translation

Switch translation for 2 Kings 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.