1Եւ նորա որդի Յովսափատը թագաւոր եղաւ նորա տեղ. Եւ զօրացաւ Իսրայէլի դէմ։
2Եւ Յուդայի ամեն պարսպաւոր քաղաքներումը զօրքեր դրաւ եւ պահապան զօրքեր դրաւ Յուդայի երկրումը եւ Եփրեմի քաղաքներումը, որ նորա հայր Ասան առել էր։
3Եւ Տէրը Յովսափատի հետ էր, որովհետեւ իր հայր Դաւիթի առաջի ճանապարհներումն էր գնում, եւ Բահաղներ չորոնեց։
4Այլ իր հօր Աստուծուն խնդրեց եւ նորա պատուիրանքներումը վարուեցաւ, եւ ոչ թէ Իսրայէլի արածին պէս։
5Եւ Տէրը հաստատեց թագաւորութիւնը նորա ձեռքումը. Եւ բոլոր Յուդան ընծաներ էր տալիս Յովսափատին եւ նորա հարստութիւնն ու փառքը շատացաւ։
6Եւ նորա սիրտը բարձրացաւ Տիրոջ ճանապարհներումը, եւ նա վերցրեց Յուդայից բարձրաւանդակները եւ Աստարովթի կուռքերը։
7Եւ իր թագաւորութեան երրորդ տարիումն ուղարկեց իր իշխաններին՝ Բենհայիլին, Աբդիային, Զաքարիային, Նաթանայէլին եւ Միքիային, որ Յուդայի քաղաքներում սովորեցնեն։
8Եւ նորանց հետ էին Ղեւտացիները՝ Սեմայիա, Նաթանիա, Զաբաթիա, Ասայէլ, Սեմիարմովթ, Յովնաթան, Ադոնիա, Տուբիա եւ Տոբադոնիա Ղեւտացիները, եւ նորանց հետ էին Եղիսամա եւ Յովրամ քահանաները։
9Եւ սովորեցնում էին Յուդայում, եւ նորանց հետ Տիրոջ օրէնքի մէկ գիրքը կար. Եւ շրջեցին Յուդայի բոլոր քաղաքները. Եւ սովորեցնում էին ժողովրդին։
10Եւ Տիրոջ վախը եղաւ Յուդայի շրջակայքում եղող բոլոր երկիրների թագաւորութիւնների վերայ, եւ Յովսափատի հետ պատերազմ չարին։
11Եւ Փղշտացիներից էլ ընծաներ եւ հարկի փող էին բերում Յովսափատի համար. Արաբացիներն էլ էին բերում նորա համար հօտերից՝ եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ։
12Եւ Յովսափատը գնալով մեծացաւ՝ շատ բարձր. Եւ Յուդայի մէջ բերդեր եւ շտեմարանների քաղաքներ շինեց։
13Եւ նա շատ գործքեր ունէր Յուդայի քաղաքներումը. Եւ Երուսաղէմի մէջ քաջ զօրաւորներ՝ պատերազմող մարդիկ ունէր։
14Եւ սա է նորանց համարը իրանց ազգատոհմերի համեմատ. Յուդայի հազարապետները՝ Եդնա իշխան, եւ նորա հետ երեք հարիւր հազար քաջ զօրաւորներ։
15Եւ նորանից յետոյ՝ Յօհանան իշխան, եւ նորա հետ երկու հարիւր ութսուն հազար։
16Եւ նորանից յետոյ՝ Զեքրիի որդի Ամասիան որ իրան ուխտել էր Տիրոջը, եւ նորա հետ երկու հարիւր հազար քաջ զօրաւորներ։
17Եւ բենիամինից քաջ զօրաւոր Եղիադան, եւ նորա հետ երկու հարիւր հազար աղեղնաւոր եւ ասպարաւոր մարդիկ։
18Եւ նորանից յետոյ Յովզաբադ, եւ նորա հետ հարիւր ութսուն հազար սպառազինեալներ։
19Սորանք էին թագաւորին ծառայութիւն անողները բացի նորանցից, որոնց թագաւորը դրաւ պարսպաւոր քաղաքներումը բոլոր Յուդայի մէջ։