1Եւ Ռոբովամն եկաւ Երուսաղէմ եւ ժողովեց Յուդայի եւ բենիամինի տանիցը հարիւր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ Իսրայէլի հետ պատերազմ անեն եւ թագաւորութիւնը ետ դարձնեն Ռոբովամին։
2Եւ Տիրոջ խօսքն եղաւ Աստուծոյ մարդ Սեմայիային, ասելով.
3Ասիր Յուդայի թագաւոր Սողոմոնեան Ռոբովամին եւ Յուդայի ու Բենիամինի մէջ եղող բոլոր իսրայէլացիներին, ասելով.
4Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք, եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների հետ, ետ դարձէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը։ Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ քաշուեցան Յերոբովամի վերայ գնալուց։
5Եւ Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում, եւ պարսպաւոր քաղաքներ շինեց Յուդայի մէջ։
6Այսինքն շինեց Բեթլէհէմը, Ետամը, Թեկուէն.
7Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը,
8Գէթը, Մարեսան, Զիփը,
9Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,
10Սաարան, Այեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի եւ Բենիամինի մէջ պարսպաւոր քաղաքներ էին։
11Եւ պարիսպներն ամրացրեց եւ նորանց մէջ զօրապետներ դրաւ, եւ կերակուրի ու իւղի եւ գինիի շտեմարաններ.
12Եւ իւրաքանչիւր քաղաքում վահաններ եւ նիզակներ. Եւ նորանց խիստ շատ ամրացրեց. Եւ Յուդան ու Բենիամինը նորանը եղան։
13Եւ բոլոր Իսրայէլի մէջ եղող քահանաներն ու Ղեւտացիները ժողովուեցան նորա մօտ բոլոր սահմաններից.
14Որովհետեւ Ղեւտացիները թողում էին իրանց արուարձանները եւ իրանց կալուածքները եւ գնում էին Յուդա եւ Երուսաղէմ, որովհետեւ Յերոբովամը եւ նորա որդիքը նորանց դուրս էին անում Տիրոջ քահանայութիւնիցը։
15Եւ իրան համար քահանաներ դրաւ բարձրաւանդակների եւ դեւերի համար եւ իր շինած որթերի համար։
16Եւ նորանցից յետոյ Իսրայէլի բոլոր ցեղերիցն իրանց սիրտերը Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու տուող մարդիկը եկան Երուսաղէմ իրանց հայրերի Տէր Աստուծուն զոհ անելու համար։
17Եւ ուժովացրին Յուդայի թագաւորութիւնը, եւ զօրացրին Սողոմոնեան Ռոբովամին երեք տարի. Որովհետեւ գնում էին Դաւիթի եւ Սողոմոնի ճանապարհովը այդ երեք տարին։
18Եւ Ռոբովամն իրան համար կին առաւ Դաւիթի որդի Յերիմովթի աղջիկ Մայէլէթին, եւ Յեսսէի որդի Եղիաբի աղջիկ Աբիքէլին.
19Եւ նորա համար որդիք ծնեց՝ Յէուսին՝ Սամարիային եւ Զաամին։
20Եւ նորանից յետոյ առաւ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որ նորա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային եւ Սաղօմիթին։
21Եւ Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային աւելի էր սիրում իր բոլոր կնիկներից եւ հարճերից. (որովհետեւ նա ունէր տասնեւութը կին եւ վաթսուն հարճ, եւ ծնեց քսանեւութը տղայ եւ վաթսուն աղջիկ)։
22Եւ Ռոբովամը գլխաւոր դրաւ Մաաքայի որդի Աբիային իբրեւ իշխան իր եղբայրների մէջ, որովհետեւ ուզում էր նորան թագաւոր անել։
23Եւ նա խելօքութիւն արաւ եւ իր որդիներին Յուդայի եւ Բենիամինի ամեն երկիրների մէջ ցրուեց ամեն պարսպաւոր քաղաքներում. Եւ նորանց առատ ապրուստ տուաւ. Եւ շատ կանայք ուզեց։