2 Samuel 22
1 Եւ Դաւիթն ասեց Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։
2 Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։
3 Աստուած իմ ժայռն է. ես նորան եմ յուսացած. Իմ վահանը եւ իմ փրկութեան եղջիւրը, իմ բարձրութիւնն ու ապաստանը, Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։
4 Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կազատուիմ իմ թշնամիներիցը։
5 Որովհետեւ մահուան ալիքներն ինձ պաշարեցին, Կորուստի վտակներն ինձ տագնապեցրին։
6 Դժոխքի լարերը պատեցին ինձ. Մահուան որոգայթներն իմ առաջն առան.
7 Իմ նեղութեան մէջ Տիրոջը կանչեցի, Եւ իմ Աստուծուն աղաղակեցի. Եւ նա լսեց իր տաճարիցն իմ ձայնը. Եւ իմ աղաղակը նորա ականջին հասաւ։
8 Այն ժամանակ երկիրը սասանուեց ու դողաց, Երկնքի հիմունքը սարսուեցան, Եւ սասանուեցան, որովհետեւ նա բարկացաւ։
9 Նորա քթիցը ծուխ ելաւ, Եւ նորա բերանիցը մաշող կրակ. Կայծակներ փայլատակուեցան նորանից։
10 Եւ նա խոնարհեցրեց երկինքն, եւ իջաւ. Եւ մէգ կար նորա ոտների տակ։
11 Եւ նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ, Եւ երեւեցաւ հողմի թեւերի վերայ։
12 Խաւարն իր շուրջը վարագոյր դրաւ՝ Թանձր ջրերը՝ օդեղէն ամպերը։
13 Նորա առաջի ճաճանչիցը Կրակի կայծակներ բորբոքուեցան։
14 Երկնքիցը որոտաց Տէրը, Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։
15 Եւ նետեր ուղարկեց ու նորանց ցրուեց, Կայծակներ՝ ու նորանց խռովեցրեց։
16 Եւ երեւեցան ծովի յատակները, Յայտնուեցան երկրի հիմունքը, Տիրոջ յանդիմանութիւնովը, Նորա բարկութեան հողմի փչելուցը։
17 Բարձրիցն ուղարկեց՝ ինձ բռնեց. Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։
18 Ինձ ազատեց զօրաւոր թշնամիիցս, Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին.
19 Իմ առաջն առան իմ դժբաղդութեան օրը. Բայց Տէրն ինձ նեցուկ եղաւ։
20 Եւ նա ինձ հանեց լայնարձակ տեղ. Ինձ փրկեց. Որովհետեւ ինձ հաւանեց։
21 Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ, Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ։
22 Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները, Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չարի։
23 Որովհետեւ նորա բոլոր իրաւունքներն իմ առաջին են. Եւ նորա օրէնքներիցը չհեռացայ։
24 Եւ նորա առաջին կատարեալ եղայ. Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։
25 Եւ ինձ հատուցրեց Տէրն իմ արդարութեան պէս, Իմ մաքրութեան պէս՝ նորա աչքերի առաջին։
26 Սուրբի հետ սուրբ ես, Կատարեալ մարդի հետ կատարեալ ես.
27 Մաքուրի հետ մաքուր ես, Եւ ծուռի հետ ծռվում ես։
28 Եւ դու վշտացած ժողովրդին փրկում ես. Եւ աչքերդ բարձրերի վերայ է որ կործանես։
29 Որովհետեւ դու ես իմ ճրագը, ով Տէր. Եւ Տէրը լուսաւորելու է իմ խաւարը։
30 Որովհետեւ քեզանով կվազեմ գունդի վերայ. Իմ Աստուծով պարսպից կանցնեմ։
31 Աստուծոյ ճանապարհը կատարեալ է. Տիրոջ խօսքը զտուած է. Նա վահան է բոլոր իրան յուսացողներին։
32 Որովհետեւ ո՞վ է Աստուած բացի Եհովայից. Ու ո՞վ է Վէմ բացի մեր Աստուածանից։
33 Աստուած է իմ զօրաւոր բերդը. Ու կատարեալին տանում է իր ճանապարհովը։
34 Նա հաստատեց իմ ոտքերն ինչպէս եղջերուինը, Եւ իմ բարձր տեղերի վերայ կանգնեցրեց ինձ։
35 Նա սովորեցնում է ձեռքերս պատերազմի Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ։
36 Եւ դու տուիր ինձ քո փրկութեան վահանը, Ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։
37 Լայնացրիր իմ գնացքն իմ ոտքի տակին, Ու իմ սրունքները չդողդողացին։
38 Իմ թշնամիներին հալածեցի ու փչացրի նորանց. Ու ես ետ չդառայ մինչեւ որ վերջացան։
39 Ես ջնջեցի նորանց ու խորտակեցի նորանց որ չկանգնեն։ Նորանք վայր ընկան իմ ոտների տակը։
40 Դու ինձ զօրութեամբ գօտեւորեցիր պատերազմի Ու ինձ դէմ կանգնողներին իմ տակը գցեցիր։
41 Իմ թշնամիների մէջքը դէպի ինձ տուիր, Ինձ ատողներին՝ որ ես ջարդեմ նորանց։
42 Նայեցին, բայց փրկող չկար. Դէպի Տէրը, բայց չպատասխանեց նորանց։
43 Իսկ ես նորանց կփշրեմ երկրի փոշիի պէս. Ճանապարհի ցեխի պէս կմանրեմ՝ կոխ կտամ նորանց։
44 Բայց դու ինձ ազատեցիր իմ ժողովրդի հակառակութիւնիցը. Ինձ պահեցիր ազգերի գլուխ լինելու. Իմ չճանաչած ազգը ծառայում է ինձ։
45 Օտարների որդիքն ինձ խոնարհութիւն արին. Ականջով լսելով ինձ հնազանդեցին։
46 Օտարների որդիքը թուլացան. Ու դողալով դուրս եկան իրանց ապաստանարաններիցը։
47 Կենդանի է Եհովան, եւ օրհնեալ է իմ Վէմը, Եւ բարձրեալ լինի Աստուած՝ իմ փրկութեան Վէմը.
48 Այն Աստուածը, որ ինձ համար վրէժխնդիր է լինում, Ու ազգերն իմ տակն իջեցնում։
49 Եւ որ ինձ իմ թշնամիներիցը պրծացնում է, Եւ իմ հակառակորդներիցն ինձ աւելի բարձր ես անում, Բռնաւոր մարդիցն ինձ ազատում ես։
50 Սորա համար, ով Տէր, քեզ պիտի գովեմ ազգերի մէջ, Եւ պիտի սաղմոս երգեմ քո անունին.
51 Որ իր թագաւորի համար փրկութիւնները մեծացնում է, Եւ ողորմութիւն է անում յաւիտեան, Իր օծեալին՝ Դաւիթին եւ նորա զաւակին մինչեւ յաւիտեան։