1Ճշմարիտ է այս խօսքը, եթէ մէկը եպիսկոպոսութեան է ցանկանում բարի գործի է ցանկանում։
2Բայց եպիսկոպոսին պէտք է անարատ լինել, մէկ կնկան մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, սովորեցնելու յարմար.
3Ոչ գինեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիւ չ’անող, ոչ արծաթասէր.
4Իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներ ունենայ հնազանդութեան մէջ ամեն պարկեշտութիւնով.
5(Բայց եթէ մէկն իր տանը վերակացու լինել չ’գիտենայ, ի՞նչպէս նա Աստուծոյ եկեղեցուն խնամք կ’տանի.)
6Ոչ նորահաւատ որ չ’գոռոզանայ եւ սատանայի դատաստանն ընկնի։
7Բայց պէտք է նորան, դրսիններիցը բարի վկայութիւն էլ ունենալ. Որ չ’ընկնի նախատինքի եւ սատանայի որոգայթի մէջ։
8Այնպէս էլ սարկաւագները պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ երկու լեզուանի, ոչ գինու մոլի. Ոչ ամօթալից շահ սիրող.
9Այլ հաւատքի խորհուրդը սուրբ խղճմտանքի մէջ ունեցող։
10Եւ սորանք առաջ թող փորձուին, եւ յետոյ այն պաշտօնը մտնեն, եթէ անարատ լինեն։
11Այնպէս էլ նորանց կանայքը պէտք է ծանրաբարոյ լինեն. ոչ թէ չարախօս, այլ զգաստ, ամեն բանի մէջ հաւատարիմ։
12Սարկաւագները մէկ կնկան մարդ լինին, իրանց որդկանցը եւ իրանց տներին բարի վերակացու։
13Որովհետեւ պաշտօնը լաւ կատարողներն իրանց անձերի համար բարի աստիճան են շահում, եւ շատ համարձակութիւն՝ այն հաւատքումը որ Քրիստոս Յիսուսումն է։
14Սա գրում եմ քեզ յուսալով որ շուտով քեզ մօտ գամ։
15Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծոյ տան մէջ վարուիլ. որ է կենդանի Աստուծոյ եկեղեցի, սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։
16Եւ յայտնապէս մեծ է Աստուածպաշտութեան խորհուրդը. Աստուած յայտնուեցաւ մարմնում, արդարացաւ Հոգով, երեւեցաւ հրեշտակներին, քարոզուեցաւ հեթանոսներին, հաւատացուեցաւ աշխարհքումը եւ վերացաւ փառքով։