1Բայց այն ժամերի եւ ժամանակների համար, եղբարք, պէտք չ’ունիք գրել ձեզ։
2Որովհետեւ դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ։
3Վասն զի երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ, եւ նորանք չեն պրծնիլ։
4Իսկ դուք, եղբարք, խաւարումը չէք, որ այն օրը գողի պէս ձեզ վերայ հասնէ։
5Դուք ամենդ լոյսի որդիք էք եւ ցերեկի որդիք, գիշերինը չենք եւ ոչ խաւարինը։
6Ապա ուրեմն չ’քնենք ուրիշների պէս, բայց արթուն եւ զարթուն լինենք։
7Որովհետեւ նորանք որ քնում են գիշերն են քնում, եւ նորանք որ արբում են գիշերն են արբում։
8Իսկ մենք ցերեկինը լինելով արթուն լինինք՝ հագած հաւատքի եւ սէրի զրահը, եւ փրկութեան յոյսի սաղաւարտը։
9Որովհետեւ Աստուած մեզ չ’դրաւ բարկութեան համար, այլ փրկութիւնը ստանալու համար մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը.
10Որ մեզ համար մեռաւ, որ՝ թէ արթուն լինենք եւ թէ քնենք, նորա հետ մէկտեղ ապրենք։
11Սորա համար իրար մխիթարեցէք, եւ իրար շինութիւն տուէք՝ ինչպէս անում էլ էք։
12Եւ աղաչում ենք ձեզ, եղբարք, որ ճանաչէք ձեր միջումը աշխատողներին եւ ձեր վերակացուներին Տէրումը, եւ ձեր խրատողներին էլ։
13Եւ նորանց առաւելապէս պատուեցէք սէրով իրանց գործի պատճառով. իրար հետ խաղաղութիւնով վարուեցէք։
14Աղաչում ենք ձեզ, եղբարք, խրատեցէք անկարգներին, մխիթարեցէք փոքրասիրտերին, օգնական եղէք տկարներին, երկայնամիտ եղէք ամենի հետ։
15Զգոյշ կացէք՝ մի գուցէ մէկը չարի տեղ չար հատուցանէ, այլ ամեն ժամանակ բարիին հետեւեցէք իրար հետ եւ ամենի հետ։
16Ամեն ժամանակ ուրախ եղէք։
17Անդադար աղօթք արէք։
18Ամեն բանի մէջ գոհացէք. որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Յիսուսումը։
19Հոգին մի հանգցնէք։
20Մարգարէութիւնները մի անարգէք։
21Ամեն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք։
22Ամեն կերպ չար բանից հեռու կացէք։
23Եւ ինքը խաղաղութեան Աստուածը ձեզ սուրբ անէ բոլորովին. եւ ձեր բոլոր հոգին եւ շունչը եւ մարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալը։
24Հաւատարիմ է նա որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ։
25Եղբարք, աղօթք արէք մեզ համար էլ։
26Բարեւ տուէք բոլոր եղբայրներին սուրբ համբոյրով։
27Երդում եմ տալիս ձեզ Տէրովը, որ այս թուղթը բոլոր սուրբ եղբայրներին կարդացուի։
28Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի. Ամէն։