1Եւ երբոր Սամուէլը ծերացաւ իր որդիներին Իսրայէլի վերայ դատաւոր դրաւ։
2Եւ նորա անդրանիկ որդիի անունը Յովէլ, եւ երկրորդի անունը Աբիա էր, եւ Բերսաբէէումը դատաւորութիւն էին անում։
3Եւ նորա որդիքը չգնացին նորա ճանապարհների մէջ, այլ շահասիրութեան ետեւից ընկան եւ կաշառք էին առնում, եւ իրաւունքը ծռում էին։
4Եւ Իսրայէլի բոլոր ծերերը ժողովուեցան, եւ գնացին Ռամա Սամուէլի մօտ,
5Եւ նորան ասեցին. Ահա դու ծերացել ես, եւ քո որդիքը չեն գնում քո ճանապարհների մէջ. արդ մեզ վերայ թագաւոր դիր, որ մեզ դատէ ինչպէս որ ամեն ազգերը։
6Եւ այս բանը Սամուէլի աչքին վատ երեւեցաւ, որ ասեցին թէ՝ մեզ թագաւոր տուր, որ մեզ դատէ. Եւ Սամուէլն աղօթք արաւ Տիրոջը։
7Եւ Տէրը Սամուէլին ասեց. Լսիր ժողովրդի խօսքին եւ այն ամենին որ քեզ ասեցին. Որովհետեւ նորանք ոչ թէ քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նորանց վերայ չթագաւորեմ։
8Բոլոր այն գործերի պէս որ նորանք արին նորանց Եգիպտոսից հանած օրիցս մինչեւ այս օրը որ ինձ թող տալով ուրիշ աստուածների ծառայութիւն արին, այնպէս էլ քեզ են անում։
9Եւ հիմա դու նորանց խօսքին լսիր. Բայց նորանց յայտնի վկայես եւ նորանց իմացնես այն թագաւորի իրաւունքը որ նորանց վերայ պիտի իշխէ։
10Եւ Սամուէլը Տիրոջ բոլոր խօսքերն ասեց իրանից թագաւոր ուզող ժողովրդին.
11Եւ ասեց. Ձեզ վերայ իշխելու թագաւորի իրաւունքը այս է լինելու. Ձեր տղերքը կառնէ եւ կտանէ իր համար իր կառքերի եւ ձիերի վերայ կդնէ, որ վազեն իր կառքերի առաջից.
12Եւ իր համար հազարապետներ ու յիսնապետներ շինէ, եւ որ նորանք իր արտերը հերկեն եւ հունձերը հնձեն, եւ նորա պատերազմական զէնքերն ու կառքերի գործիքները շինեն։
13Եւ կառնէ ձեր աղջկերքը իւղագործ, խոհարար ու հացթուխ կշինէ։
14Եւ ձեր ընտիր արտերը՝ այգիները եւ ձիթենիները կառնէ եւ իր ծառաներին կտայ։
15Եւ ձեր հունտերիցը եւ ձեր այգիներիցը տասանորդ կառնէ եւ իր ներքինիներին եւ ծառաներին կտայ։
16Եւ ձեր ընտիր ծառաներն ու աղախինները, եւ ձեր տղամարդերը, եւ ձեր էշերը կառնէ եւ իր համար կգործածէ։
17Ձեր հօտերիցը տասանորդ կառնէ, եւ դուք նորա ծառաները կլինէք։
18Այն օրը դուք ձեր ընտրած թագաւորի երեսիցը կաղաղակէք, բայց Տէրը այն օրը ձեզ պատասխան չի տալ։
19Սակայն ժողովուրդը Սամուէլի խօսքին լսել չուզեց, եւ ասեցին. Ոչ, անպատճառ մեզ վերայ թագաւոր լինի.
20Եւ մենք էլ բոլոր ազգերի պէս լինենք. Եւ մեր թագաւորը մեզ դատէ, եւ նա մեր առաջին դուրս գայ, եւ նա պատերազմէ մեր պատերազմները։
21Եւ Սամուէլը ժողովրդի բոլոր խօսքերը լսեց եւ ասեց Տիրոջ ականջին։
22Եւ Տէրը Սամուէլին ասեց. Նորանց ձայնին լսիր, եւ նորանց վերայ թագաւոր դիր։ Այն ժամանակ Սամուէլն Իսրայէլի որդկանցն ասեց. Ամեն մարդ իր քաղաքը գնայ։