1Արդ՝ դէն գցելով ամեն չարութիւնը եւ ամեն խաբէութիւնը, եւ կեղծաւորութիւնները, եւ նախանձը, եւ ամեն չարախօսութիւնը,
2Նորածին երեխաների պէս ցանկացէք այն բանաւոր անխարդախ կաթին որ նորանով աճէք [դէպի փրկութիւնը].
3Եթէ ճաշակել էք որ Տէրը քաղցր է։
4Որին մօտեցել էք՝ այն կենդանի Վէմին, որ թէեւ մարդկանցից անարգուած, բայց Աստուծոյ մօտ ընտրուած եւ պատուական է։
5Դուք էլ կենդանի քարերի պէս շինուեցէք հոգեւոր տաճար, սուրբ քահանայութիւն, որ հոգեւոր պատարագներ մատուցանէք Աստուծոյ ընդունելի՝ Յիսուս Քրիստոսի ձեռովը։
6Որովհետեւ գրքումն էլ կայ, թէ Ահա Սիօնումն անկիւնի գլուխ՝ ընտիր պատուական քար եմ դնում, եւ նորան հաւատացողը չի ամաչիլ։
7Արդ՝ ձեզ հաւատացեալներիդ պատուականութիւնն է. Բայց անհաւատներին այն քարը որ շինողներն անարգեցին, նա անկիւնի գլուխ եղաւ.
8Եւ գլորման քար, եւ գայթակղելու վէմ որ գայթակղում են խօսքին չ’հաւատալով. որ նորա համար էլ գրուած են։
9Բայց դուք ընտիր ազգ էք, թագաւորական քահանայութիւն, սուրբ ազգ, սեփհական ժողովուրդ, որ քարոզէք նորա առաքինութիւնները, որ ձեզ խաւարիցը կանչեց իր զարմանալի լոյսի մէջ.
10Որ դուք ժամանակով ժողովուրդ չ’էիք, բայց հիմա Աստուծոյ ժողովուրդ էք. Որ ողորմուած չ’էիք, բայց հիմա ողորմուածներ։
11Սիրելիներ, աղաչում եմ ձեզ ինչպէս պանդուխտներ եւ օտարականներ, հեռու կացէք մարմնաւոր ցանկութիւններիցը, որ կռվում են հոգու դէմ։
12Ձեր վարքը հեթանոսների մէջ բարի պահեցէք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պէս բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն այցելութեան օրումը։
13Արդ հնազանդեցէք ամեն մարդկային կարգի՝ Տիրոջ համար. Թէ թագաւորի ինչպէս թէ մի վերնագոյնի.
14Թէ կուսակալների ինչպէս նորանից ուղարկուածների՝ չարագործները պատժելու եւ բարեգործները գովելու համար։
15Որովհետեւ Աստուծոյ կամքն այսպէս է, որ բարի գործերով պապանձեցնէք անխելք մարդկանց տգիտութիւնը։
16Ինչպէս ազատներ, եւ ոչ թէ ազատութիւնն ինչպէս չարութեան ծածկոց ունեցողներ. այլ ինչպէս Աստուծոյ ծառաներ։
17Ամենին պատուեցէք եղբայրութիւնը սիրեցէք. Աստուածանից վախեցէք. թագաւորին պատուեցէք։
18Ծառաները հնազանդ լինին տէրերին ամեն վախով, ոչ միայն բարիներին եւ հեզահոգիներին, բայց ժանտաբարոներին էլ։
19Որովհետեւ սա շնորհք է եթէ մէկն դէպի Աստուած ունեցած խղճմտանքովը նեղութիւնների համբերէ անիրաւ տեղը։
20Վասնզի ի՞նչ գովասանք է, եթէ մեղանչէք եւ նորա համար ծեծուիք, ու համբերէք. Այլ եթէ բարիք գործէք եւ նորա համար չարչարուիք ու համբերէք, դա է շնորհք Աստուածանից։
21Որովհետեւ դուք հէնց այդ բանի մէջ կանչուեցաք որ Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք.
22Որ մեղք չ’գործեց, եւ նենգութիւն չ’գտնուեցաւ նորա բերանումը.
23Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. Չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին.
24Որ ինքն մեր մեղքերն իր մարմնումը խաչափայտի վերայ բարձրացրեց. որ մեղքերիցը հեռանալով արդարութեան համար ապրենք, որ նորա խոցերովը բժշկուեցաք։
25Որովհետեւ մոլորուած ոչխարների պէս էիք. բայց հիմա դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը։