1Եւ երեք տարի կացան, որ պատերազմ չկար Ասորիների եւ Իսրայէլի մէջ։
2Եւ երրորդ տարին եղաւ, որ Յուդայի Յովսափատ թագաւորն իջաւ Իսրայէլի թագաւորի մօտ։
3Եւ Իսրայէլի թագաւորն ասեց իր ծառաներին. Գիտէ՞ք որ Ռամովթ-գաղաադը մերն է. Իսկ մենք հոգ չենք տանում նորան Ասորիների թագաւորի ձեռքիցն առնելու համար։
4Եւ ասեց Յովսափատին. Ինձ հետ կգնա՞ս պատերազմի Ռամովթ- գաղաադի վերայ. Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես. Ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. Ինչպէս քո ձիանքը՝ այնպէս էլ իմ ձիանքը։
5Եւ յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Խնդրեմ հիմա Տիրոջ խօսքը հարցրու։
6Եւ Իսրայէլի թագաւորը ժողովեց մարգարէներին չորս հարիւր մարդի չափ եւ ասեց նորանց. Ռամովթ-գաղաադ գնա՞մ պատերազմի, թէ չգնամ։ Եւ նորանք ասեցին. Գնա, եւ Տէրը թագաւորի ձեռքը պիտի տայ։
7Եւ Յովսափատն ասեց. Այստեղ՝ էլ Տիրոջ մարգարէ չկա՞յ, որ նորանից հարցնէինք։
8Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Մէկ մարդ էլ կայ որով Տիրոջը կարելի է հարցնել. Բայց ես ատում եմ նորան. Որովհետեւ ինձ համար բարի չէ մարգարէանում, այլ չար՝ Յեմլայի որդի Միքիան. Եւ Յովսափատն ասեց. Թագաւորը թող այդպէս չխօսէ։
9Եւ Իսրայէլի թագաւորը մի ներքինի կանչեց եւ ասեց. Շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։
10Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը նստել էին իւրաքանչիւրն իր աթոռի վերայ զգեստներ հագած, Սամարիայի դռան առաջի կալումը. Եւ բոլոր մարգարէները մարգարէանում էին նորանց առաջին։
11Եւ Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթի եղջիւրներ շինեց, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Սորանցով կհրես Ասորիներին մինչեւ որ նորանց բնաջինջ անես։
12Եւ բոլոր մարգարէներն այնպէս մարգարէանում էին ասելով. Գնա Ռամովթ-գաղաադ եւ կյաջողուի. Եւ Տէրը կտայ թագաւորի ձեռքը։
13Եւ այն պատգամաւորները, որ գնացել էր Միքիային կանչելու, նորան այսպէս ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար. Թող քո խօսքերն էլ նորանցից մէկինի պէս լինեն, եւ բարի խօսիր։
14Բայց Միքիան ասեց. Կենդանի է Տէրը որ ինչ որ ինձ ասէ Տէրը, այն եմ խօսելու։
15Եւ նա եկաւ թագաւորի մօտ. Եւ թագաւորն ասեց նորան. Միքիա, Ռամովթ-գաղաադ պատերազմի գնա՞նք թէ չգնանք. Եւ նա ասեց. Գնա, եւ կյաջողուի, եւ Տէրը կտայ թագաւորի ձեռքը։
16Եւ թագաւորը նորան ասեց. Քանի՞ անգամ ես քեզ երդում տամ որ Տիրոջ անունով ինձ լոկ ճշմարտութիւն խօսես։
17Այն ժամանակ նա ասեց. Ես տեսայ բոլոր Իսրայէլը սարերի վերայ իբրեւ ոչխարներ որ հովիւ չունեն. Եւ Տէրն ասեց. Սորանք տէրեր չունեն. Ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ։
18Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Քեզ չասեցի՞ որ ինձ համար բարի չի մարգարէանալ, այլ չար։
19Եւ նա ասեց. Ուրեմն Տիրոջ խօսքը լսիր. Ես տեսայ Տէրը նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա առաջին նորա աջ եւ նորա ձախ կողմին։
20Եւ Տէրն ասեց. Ո՞վ կխաբէ Աքաաբին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. Եւ մէկը այսպէս եւ միւսն այնպէս էր ասում։
21Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես նորան կխաբեմ. Եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով.
22Նա էլ ասեց. Ես դուրս կգնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կլինեմ. Եւ Տէրն ասեց. Դու կխաբես եւ կարող էլ ես. Գնա եւ այդպէս արա։
23Եւ արդ Տէրը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարէների բերանում, բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։
24Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մօտեցաւ եւ ապտակ տուաւ Միքիային՝ նորա ծնօտին եւ ասեց. Ի՞նչպէս է անցկացել Տիրոջ հոգին ինձանից որ քեզ հետ խօսէ։
25Միքիան էլ ասեց նորան. Ահա կտեսնես այն օրը որ սենեակից սենեակ կմտնես թաքնուելու համար։
26Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առ Միքիային եւ տար քաղաքագլուխ Ամոնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ,
27Եւ ասիր. Այսպէս է ասում թագաւորը. Սորան դրէք բանտը, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։
28Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դառար եկար, ուրեմն Տէրն ինձանով չէ խօսել. Նաեւ ասեց. Լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։
29Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը վեր գնացին Ռամովթ-գաղաադ։
30Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Ինձ պէտք է կերպարանափոխուիլ եւ յետոյ պատերազմի գնալ, բայց դու հագիր քո հանդերձները. Եւ Իսրայէլի թագաւորը կերպարանափոխուեցաւ եւ գնաց պատերազմի։
31Եւ Ասորիների թագաւորը հրամայեց իր երեսունեւերկու կառապետներին ասելով. Չպատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։
32Եւ հէնց որ կառապետները Յովսափատին տեսան, ասեցին. Յիրաւի նա է Իսրայէլի թագաւորը, եւ դարձան դէպի նորան որ նորա հետ պատերազմեն. Եւ Յովսափատն աղաղակեց։
33Եւ եղաւ երբոր տեսան կառապետները, որ նա Իսրայէլի թագաւորը չէր, այլ ժամանակ ետ դառան նորա ետեւիցը։
34Եւ մի մարդ անմեղութեամբ քաշեց իր աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի մէջովը. Եւ նա ասեց իր կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը, որովհետեւ վիրաւորուեցայ։
35Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը, եւ թագաւորը մնաց իր կառքումը Ասորիների դէմ, եւ իրիկունը մեռաւ. Եւ վէրքիցն արիւնը գնաց կառքի մէջ։
36Եւ արեգակը մայր մտնելիս մունետիկը՝ ման եկաւ բանակի մէջ ասելով. Ամեն մարդ իր քաղաքը եւ ամեն մարդ իր երկիրը գնայ։
37Եւ թագաւորը մեռաւ եւ բերուեցաւ Սամարիա. Եւ թագաւորին թաղեցին Սամարիայում։
38Եւ կառքը լուացին Սամարիայի աւազանի մօտ, եւ շուները լակեցին նորա արիւնը. (եւ բոզերը այնտեղ լուացուեցան) Տիրոջ խօսած խօսքի համեմատ։
39Եւ Աքաաբի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածները, եւ նորա փղոսկրով շինած տունը եւ նորա շինած բոլոր քաղաքները, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
40Եւ Աքաաբը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորա որդի Ոքոզիան թագաւորեց նորա տեղ։
41Եւ Ասայի որդի Յովսափատը թագաւոր եղաւ Յուդայի վերայ Իսրայէլի Աքաաբ թագաւորի չորրորդ տարին։
42Եւ Յովսափատը երեսունեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ազուբա դուստր Սաղիի։
43Եւ նա գնաց բոլորովին իր հայր Ասայի ճանապարհումը, նորանից չխոտորուեց, եւ արաւ Տիրոջ աչքի առաջին ուղիղ եղածը։
44Բայց բարձրաւանդակները չվերացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր մատուցանում բարձրաւանդակների վերայ։
45Եւ Յովսափատը խաղաղութիւն արաւ Իսրայէլի թագաւորի հետ։
46Յովսափատի գործերի մնացորդը եւ նորա արած քաջութիւնը եւ պատերազմը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
47Եւ այն մնացած իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերումը, բնաջինջ արաւ երկրիցը։
48Եւ այն ժամանակ Եդովմումը թագաւոր չկար, մի փոխարքայ կար։
49Յովսափատը Թարսիսի նաւեր շինեց որ գնան Ոփիր ոսկիի համար, բայց չգնաց. Որովհետեւ նաւերը կոտրատուեցան Գասիոնգաբերում։
50Այն ժամանակ Աքաաբի որդի Ոքոզիան ասեց Յովսափատին. Թող իմ ծառաները քո ծառաների հետ նաւերով գնան, բայց Յովսափատը չուզեց։
51Եւ Յովսափատը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Յովրամը թագաւորեց նորա տեղ։
52Աքաաբի որդի Ոքոզիան թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Սամարիայումը Յուդայի թագաւոր Յովսափատի տասնեւեօթներորդ տարիում, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։
53Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը, իր մօր ճանապարհովը եւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամի ճանապարհովը։
54Եւ պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան, եւ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին իր հօր արածին պէս։