1 Samuel 30
1 Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը երրորդ օրը մտան Սիկելակ, ահա Ամաղեկացիները յարձակուել էին հարաւային երկրի ու Սիկելակի վերայ. Եւ Սիկելակը զարկելով՝ նորան կրակով այրել էին.
2 Եւ այնտեղի կանայքը գերի էին առել՝ պզտիկից մինչեւ մեծը մէկ մարդ չէին մեռցրել, այլ իրանց հետ տանելով՝ գնացել էին իրանց ճանապարհը։
3 Եւ երբոր Դաւիթը եւ իր մարդիկը քաղաքը հասան, ահա կրակով այրուած էր նա. Եւ իրանց կանայքը, տղերքը եւ աղջկերքը գերի էին տարուած։
4 Եւ Դաւիթը եւ իր հետ եղող ժողովուրդն իրանց ձայները բարձրացրին եւ լաց եղան, մինչեւ որ նորանց վերայ ոյժ չմնաց լալու։
5 Եւ Դաւիթի երկու կանայքը յեզրայէլացի Աքինոամը եւ Կարմելացի աբաղի կինը՝ Աբիգեան էլ էր գերի տարուած։
6 Եւ Դաւիթը մեծ տագնապի մէջ էր, որովհետեւ ժողովուրդը նորան ուզում էր քարկոծել, նորա համար որ բոլոր ժողովրդից ամեն մէկի սիրտը կսկծում էր իր տղերանց ու աղջկանց համար. Բայց Դաւիթը զօրացաւ իր Տէր Աստուծովը։
7 Եւ Դաւիթը Աքիմելէքի որդի Աբիաթար քահանային ասեց. Եփուդ մօտեցրու ինձ, եւ Աբիաթարը եփուդը Դաւիթին մօտեցրեց։
8 Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Այս գունդի ետեւից հալածե՞մ. Նորանց կհասնե՞մ. Եւ նա նորան ասեց. Հալածիր, որովհետեւ անպատճառ կհասնես եւ բոլորովին կազատես։
9 Եւ Դաւիթը ինքը եւ իր հետ եղող վեց հարիւր մարդիկը գնացին, եւ եկան մինչեւ բոսոր հեղեղատը, եւ ետ մնացողները կանգնեցին։
10 Եւ Դաւիթը չորս հարիւր մարդով թշնամիին հալածեց. (սակայն երկու հարիւր մարդիկը որ շատ յոգնած էին, մնացին Բոսոր հեղեղատի այս կողմին առանց անցնելու։)
11 Եւ նորանք դաշտի մէջ մի Եգիպտացի մարդ գտան, եւ նորան բերին Դաւիթի մօտ. Եւ նորան հաց տուին, ու կերաւ, եւ նորան ջուր խմեցրին.
12 Եւ նորան մի քիչ չոր թուզ եւ երկու ողկոյզ չամիչ տուին, որ կերաւ եւ ոգին վերան եկաւ. Որովհետեւ երեք օր եւ երեք գիշեր հաց չէր կերել եւ ջուր չէր խմել։
13 Եւ Դաւիթը նորան ասեց. Դու ո՞ւմ մարդն ես, եւ ո՞ր տեղից ես։ Եւ նա ասեց. Ես մի Եգիպտացի պատանի եմ, մի Ամաղեկացի մարդի ծառայ. Եւ իմ տէրն ինձ ձգել է, որովհետեւ հիմա երեք օր է որ հիւանդ եմ։
14 Մենք Քերեթի հարաւային կողմի Յուդայի կողմերի եւ Քաղէբի հարաւային կողմերի վերայ յարձակուեցանք, եւ Սիկելակը կրակով այրեցինէ։
15 Եւ Դաւիթը նորան ասեց. Ինձ այն գունդին մօտ կտանե՞ս։ Եւ նա ասեց. Դու ինձ Աստուծմով երդում արա որ ինձ չես մեռցնիլ, եւ ինձ իմ տիրոջ ձեռքը չես տալ. Ես էլ քեզ այն գունդին կտանեմ։
16 Եւ նա նորան տարաւ. Եւ ահա նորանք բոլոր գետնի երեսի վերայ ցրուած էին. Ուտում էին ու խմում էին, եւ Փղշտացիների երկրից ու Յուդայի երկրից առած այն բոլոր մեծ աւարի համար ուրախութիւն էին անում։
17 Եւ Դաւիթն արշալոյսից մինչեւ հետեւեալ օրուայ իրիկունը նորանց զարկեց, եւ նորանցից ոչ մի մարդ չազատուեցաւ, բայց միայն չորս հարիւր երիտասարդներ՝ որոնք ուղտերի վերայ հեծան եւ փախան։
18 Եւ Դաւիթն Ամաղեկացիների առած բոլոր բաները ազատեց. Եւ Դաւիթն իր երկու կանանցն էլ ազատեց։
19 Եւ իրանց մէկ բանը պակաս չէր պզտիկից մինչեւ մեծը, թէ տղայ, թէ աղջիկ, եւ թէ աւար, ինչ որ նորանք առել տարել էին, Դաւիթն ամենն էլ ետ բերաւ։
20 Եւ Դաւիթը բոլոր ոչխարներն ու արջառներն առաւ, եւ նորանց հօտերի առաջից տանում էին, եւ ասում էին՝ Դաւիթի աւարն է այս։
21 Եւ Դաւիթն այն երկու հարիւր մարդկանց մօտ եկաւ, որոնք շատ յոգնած էին եւ չէին կարողացել Դաւիթի ետեւից գնալ. Եւ նա նորանց նստեցրել էր Բոսոր հեղեղատի մօտ. Եւ նորանք դուրս եկան Դաւիթին եւ նորա հետ եղող ժողովրդին դիմաւորելու. Եւ Դաւիթը երբոր ժողովրդին մօտեցաւ, նորանց ողջութիւնը հարցրեց։
22 Եւ Դաւիթի հետ գնացող մարդկանցից բոլոր չար անզգամ մարդիկը պատասխանեցին եւ ասեցին. Ըստ որում սորանք մեզ հետ չեն գնացել՝ մենք էլ նորանց մեր ազատած աւարիցը չենք տալ. Ամեն մարդ միայն իր կինն ու որդին առնէ ու գնայ։
23 Բայց Դաւիթն ասեց. Այդպէս մի անիք, եղբայրներս, որովհետեւ Տէրը մեզ տուաւ այս, եւ ինքը մեզ պահեց եւ մեր վերայ եկող գունդին մեր ձեռքը մատնեց.
24 Եւ այս բանի մէջ ո՞վ ձեզ կլսէ. Որովհետեւ կարասիների մօտ նստողների բաժինը պատերազմի գնացողների բաժնի հետ հաւասար պիտի լինի. Հաւասարապէս պիտի բաժանեն։
25 Եւ այն օրից ի վեր այսպէս է Իսրայէլի մէջ. Նա կանոն եւ օրէնք դրաւ այս մինչեւ այս օրը։
26 Եւ Դաւիթն եկաւ Սիկելակ, եւ այն աւարիցն ուղարկեց Յուդայի ծերերին՝ իր բարեկամներին ասելով. Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների աւարիցը մէկ ընծայ։
27 Այսինքն բեթելում եղողներին, հարաւային Ռամովթում եղողներին, Յաթիրում եղողներին,
28 Արոերում եղողներին, Սեփամովթում եղողներին,
29 Եսթեմովում եղողներին, Րաքալում եղողներին, Յերամելացիների քաղաքներում եղողներին, Կենեցիների քաղաքներում եղողներին,
30 Հօրմայում եղողներին, Քովրասանում եղողներին, Աթաքում եղողներին,
31 Քեբրոնում եղողներին, եւ այն ամեն տեղերը ուր որ Դաւիթն իր մարդկանցովը ման էր եկել։