1 Samuel 28
1 Եւ այն օրերում Փղշտացիները իրանց զօրքերը ժողովեցին պատերազմի, որ դուրս գան Իսրայէլի հետ պատերազմեն. Եւ Անքուսը Դաւիթին ասեց. Գիտենաս որ դու քո մարդկանցովը ինձ հետ պիտի բանակը դուրս գաս։
2 Եւ Դաւիթն Անքուսին ասեց. Եւրոմն դու կիմանաս թէ ծառադ ինչ կանէ, եւ Անքուսը դաւիթին ասեց. Նորա համար քեզ միշտ ինձ անձնապահ եմ անելու։
3 Իսկ Սամուէլը մեռած էր. Եւ բոլոր Իսրայէլը նորա համար սուգ էին արել. Եւ նորան թաղել էին իր քաղաքումը Ռամայի մէջ։ Սաւուղն էլ վհուկներին եւ նշանագէտներին՝ երկրիցը վեր էր առել։
4 Եւ Փղշտացիները ժողովուեցան եւ եկան Սունամումը բանակ տուին. Սաւուղն էլ ժողովեց բոլոր Իսրայէլին եւ բանակ տուին Գեղբուէումը։
5 Եւ Սաւուղը տեսաւ Փղշտացիների բանակը՝ եւ վախեցաւ, եւ սիրտը շատ դողաց։
6 Եւ Սաւուղը Տիրոջը հարցրեց, բայց Տէրը չպատասխանեց նորան՝ ոչ երազներով, ոչ ուրիմով, եւ ոչ մարգարէներով։
7 Այն ժամանակ Սաւուղն իր ծառաներին ասեց. Ինձ համար մէկ վհուկ կին որոնեցէք, որ գնամ նորան հարցնեմ։ Եւ ծառաները նորան ասեցին. Ահա Ենդովրի մէջ մէկ վհուկ կին կայ։
8 Եւ Սաւուղն իր հանդերձները փոխեց եւ ուրիշ հանդերձներ հագաւ, եւ իր հետ եղող երկու մարդով գնաց, եւ նորանք գիշերով այն կնկայ մօտ հասան։ Եւ Սաւուղն ասեց. Շնորհք արա, ինձ վհուկի ոգիով դիւթութիւն արա, եւ վեր հանիր ինձ համար որին որ քեզ ասեմ։
9 Եւ կինը նորան ասեց. Ահա դու գիտես Սաւուղի արած բանը, որ վհուկներին եւ նշանագէտներին երկրիցը բնաջինջ է արել. Ուրեմն ի՞նչու ինձ մեռցնելու համար իմ անձին որոգայթ ես պատրաստում։
10 Եւ Սաւուղը Տէրովը երդում արաւ նորան եւ ասեց. Տէրը կենդանի է որ այս բանից քեզ մէկ վնաս չի պատահիլ։
11 Այն ժամանակ կինն ասեց. Քեզ համար ո՞վ վեր հանեմ. Եւ նա ասեց. Սամուէլին հանիր ինձ համար։
12 Եւ կինը Սամուէլին տեսնելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Եւ կինը Սաւուղի հետ խօսեց եւ ասեց. Ի՞նչու ինձ խաբեցիր, որովհետեւ դու Սաւուղն ես։
13 Եւ թագաւորը նորան ասեց. Մի վախենար, բայց ի՞նչ տեսար։ Եւ կինը Սաւուղին ասեց. Գետնից դուրս եկող աստուածներ տեսայ։
14 Եւ Սաւուղը նորան ասեց. Նորա կերպարանքը ի՞նչպէս է։ Եւ կինն ասեց. Ահա մէկ ծեր մարդ է վեր գալիս, եւ մի վերարկու է հագած։ Եւ Սաւուղը հասկացաւ որ նա Սամուէլն է. Եւ երեսի վերայ գետինը ծռուելով նորան երկրպագութիւն արաւ։
15 Եւ Սամուէլն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ինձ նեղութիւն տուիր եւ ինձ վեր հանեցիր։ Եւ Սաւուղն ասեց. Ես մեծ նեղութեան մէջ եմ, որովհետեւ Փղշտացիները ինձ հետ պատերազմ են անում, եւ Աստուած ինձանից հեռացել է, եւ ինձ չէ պատասխանում ոչ մարգարէների միջոցով եւ ոչ երազներով, նորա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես թէ ինչ անեմ։
16 Եւ Սամուէլն ասեց. Ի՞նչու համար ինձ ես հարցնում, հիմա որ Տէրը քեզանից հեռացել է ու քեզ թշնամի եղել։
17 Եւ Տէրն արաւ ինչպէս որ իմ ձեռովը խօսել էր, եւ Տէրը քո ձեռքիցը թագաւորութիւնը պատառեց, եւ քո ընկեր Դաւիթին տուաւ այն։
18 Որովհետեւ դու Տիրոջ խօսքին չլսեցիր եւ նորա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վերայ գործ չդրիր, նորա համար այսօր Տէրը քեզ արաւ այս բանը։
19 Եւ Տէրը քեզ հետ Իսրայէլին էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը. Եւ էգուց դու եւ քո որդիքն ինձ մօտ կլինէք. Տէրը Իսրայէլի բանակն էլ է մատնելու Փղշտացիների ձեռքը։
20 Այն ժամանակ Սաւուղը շուտով վայր ընկաւ բոլոր հասակովը գետնի վերայ, եւ Սամուէլի խօսքերիցը շատ վախեցաւ, որ վերան ոյժ էլ չմնաց. Որովհետեւ բոլոր օրը եւ բոլոր գիշերը հաց չէր կերել։
21 Եւ կինը Սաւուղի մօտ գնաց, եւ տեսաւ նորա չափազանց սոսկումը եւ նորան ասեց. Ահա աղախինդ խօսքիդ լսեց. Եւ հոգիս ձեռքիս մէջ դնելով՝ ինձ ասած խօսքերիդ հնազանդեցի։
22 Եւ հիմա աղաչում եմ՝ դու էլ քո աղախնի խօսքին լսիր, եւ քո առաջին մի պատառ հաց դնեմ եւ կեր՝ որ ոյժ առնես. Որովհետեւ ճանապարհ ես գնալու։
23 Բայց նա չուզեց, եւ ասեց. Չեմ ուտում. Սակայն նորա ծառաները եւ կինն էլ բռնադատեցին նորան, եւ նորանց խօսքին լսեց. Եւ գետնից վեր կացաւ անկողնի վերայ նստեց։
24 Եւ կինը տան մէջ սնուցած մի հորթ ունէր, շուտով նորան մորթեց, եւ ալիւր առաւ հունցեց, եւ նորանով բաղարջ թխեց.
25 Եւ Սաւուղի առաջը եւ նորա ծառաների առաջը դրաւ. Եւ նորանք կեան եւ վեր կացան նոյն գիշերը գնացին։