1 Samuel 24
1 Եւ այնտեղից վեր ելաւ եւ Ենգադդիի ամուր տեղերումը նստեց։
2 Եւ երբոր Սաւուղը Փղշտացիներիցը ետ դառաւ՝ նորան իմացրին եւ ասեցին. Ահա Դաւիթը Ենգադդիի անապատումն է։
3 Եւ Սաւուղը բոլոր Իսրայէլիցը երեք հազար ընտիր մարդիկ առաւ, եւ գնաց, որ Դաւիթին եւ նորա մարդկանցը որոնէ Այծեմանց ժայռերի վերայ։
4 Եւ եկաւ ճանապարհի վերայ եղող ոչխարների փարախրները, եւ այնտեղ մէկ քարայր կար. Եւ Սաւուղը հարկաւորութեան համար ներս մտաւ. Եւ Դաւիթն իր մարդկանցովը այն քարայրի ներսումը նստել էր։
5 Եւ Դաւիթի մարդիկը նորան ասեցին. Ահա այս այն օրն է, որի համար Տէրը քեզ ասել է թէ Ահա, քո թշնամին քո ձեռքը կմատնեմ, եւ քո աչքերին հաճոյ երեւեցածը արա նորան։ Եւ Դաւիթը վեր կացաւ եւ Սաւուղի վերարկուի մի ծայրը ծածուկ կտրեց։
6 Եւ յետոյ Դաւիթի սիրտը խղճաց, որ Սաւուղի վերարկուի ծայրը կտրեց։
7 Եւ իր մարդկանց ասեց. Աստուած չանէ որ Տիրոջ օծեալին՝ իմ տիրոջը այս բանը անեմ, որ իմ ձեռքը նորա վերայ մեկնեմ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
8 Եւ Դաւիթն այս խօսքերով իր մարդկանցը զսպեց, եւ նորանց թող չտուաւ որ Սաւուղի վերայ յարձակուին։ Եւ Սաւուղը քարայրիցը դուրս եկաւ եւ իր ճանապարհը գնաց։
9 Եւ յետոյ Դաւիթը վեր կացաւ այն քարայրիցը դուրս եկաւ եւ Սաւուղի ետեւից կանչելով ասեց. Ով տէր իմ թագաւոր։ Եւ երբոր Սաւուղն ետ նայեց, Դաւիթն երեսի վերայ ծռելով խոնարհութիւն արաւ։
10 Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ի՞նչու համար ես մարդկանց խօսքին ականջ դնում, որ ասում են թէ Ահա Դաւիթը քո չարութիւնն է ուզում։
11 Ահա այսօր քո աչքերը տեսնում են, որ Տէրը այսօր քարայրի մէջ քեզ իմ ձեռքը մատնեց. Եւ ասեցին որ քեզ մեռցնեմ, բայց ես քեզ խնայեցի, եւ ասեցի. Ես իմ ձեռքը դէպի իմ տիրոջը չեմ մեկնիլ. Որովհետեւ նա Տիրոջ օծեալն է։
12 Եւ տես, հայր իմ, տես, քո վերարկուի ծայրն իմ ձեռքին է. Եւ ես քո վերարկուի ծայրը կտրելով՝ քեզ չմեռցրի. Հասկացիր եւ տես, որ իմ ձեռքին չարութիւն եւ անօրէնութիւն չկայ, եւ քեզ դէմ մի յանցանք չեմ արել, բայց դու ուզում ես իմ անձը մեռցնել։
13 Տէրը դատաստան անէ իմ ու քո մէջ, եւ Տէրը իմ վրէժը քեզանից առնէ. Բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։
14 Ինչպէս որ վաղեմի առակն ասում է. Անօրէններիցը դուրս կգայ անօրէնութիւն, բայց իմ ձեռքը քեզ վերայ չի լինիլ։
15 Իսրայէլի թագաւորի որի՞ ետեւից է դուրս եկել, եւ դու որի՞ ետեւից ես ընկնում. մի մեռած շա՞ն ետեւից, մի լուի՞ ետեւից։
16 Եւ Տէրը դատաւոր լինի, եւ իմ ու քո մէջ դատաստան անէ. Եւ տեսնէ ու իմ դատը վարէ, եւ ինձ քո ձեռքիցն ազատէ։
17 Եւ երբոր Դաւիթը վերջացրեց այս խօսքերը Սաւուղին ասելը. Սաւուղն ասեց. Այս քո ձա՞յնն է, որդեակ իմ Դաւիթ. Եւ Սաւուղն իր ձայնը բարձրացրեց եւ լաց եղաւ.
18 Եւ Դաւիթին ասեց. Դու ինձանից արդար ես. Որովհետեւ դու ինձ բարիք հատուցրիր, բայց ես քեզ չարիք հատուցրի։
19 Եւ դու այսօր քո ինձ արած բարութիւնը յայտնեցիր, որ Տէրը ինձ քո ձեռքն էր մատնել, բայց դու ինձ չմեռցրիր։
20 Որովհետեւ երբ մէկ մարդ իր թշնամիին գտնելու լինի, թող կտա՞յ որ նա խաղաղութեամբ գնայ, եւ այսօր քո ինձ արածի փոխարէնը Տէրը քեզ բարիք հատուցանէ։
21 Եւ հիմա ահա գիտեմ որ դու անշուշտ թագաւոր պիտի դառնաս, եւ Իսրայէլի թագաւորութիւնը քո ձեռքումը պիտի հաստատուի։
22 Եւ հիմա Տէրովն ինձ երդում արա թէ ինձանից յետոյ իմ սերունդին չես մեռցնիլ, եւ իմ հօր տանիցն իմ անունը բնաջինջ չես անիլ։
23 Եւ Դաւիթը Սաւուղին երդում արաւ։ Եւ Սաւուղը գնաց իր տունը, եւ Դաւիթն իր մարդկանցովը վեր ելաւ պինդ տեղը։