Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 17

:
Armenian - AA1896
1 Եւ Փղշտացիները իրանց զօրագունդերը ժողովեցին պատերազմելու համար, եւ Յուդայի Սոքովի մէջ ժողովուեցան. Եւ բանակ տուին սոքովի ու Ազեկայի մէջտեղը Ափեսդոմմի։
2 Եւ Սաւուղը եւ Իսրայէլի մարդիկը ժողովուեցան, Էլայի հովտումը բանակ տուին եւ կարգաւ շարուեցան Փղշտացիների դէմ պատերազմ անելու համար։
3 Եւ Փղշտացիները կանգնել էին սարի վերայ մէկ կողմանէ, եւ իսրայէլացիները կանգնել էին սարի վերայ միւս կողմանէ, եւ հովիտը նորանց մէջտեղը։
4 Եւ մի միջնամարտիկ էր դուրս եկել Փղշտացիների բանակից՝ անունը Գողիաթ՝ Գէթացի՝ բարձրութիւնը մէկ կանգուն եւ մէկ թիզ։
5 Նորա գլխին կար մի պղնձի սաղաւորտ. Եւ նա մի հիւսուած զրահ էր հագած. Եւ նորա զրահի ծանրութիւնը հինգ հազար սիկղ պղինձ։
6 Եւ նորա ոտքերի վերայ պղնձի սռնապաններ, եւ ուսերի մէջ պղնձի գեղարդ։
7 Նորա նիզակը բունը ոստայնանկների գլանի պէս էր. Եւ նիզակի տէգը վեց հարիւր սիկղ երկաթ. Եւ նոր վահանը կրողը գնում էր նորա առաջիցը։
8 Եւ նա կանգնեց եւ կանչեց Իսրայէլի գունդերին եւ նորանց ասեց. Ի՞նչու համար էք դուրս եկել եւ պատերազմի շարուել. Մի՞թէ ես Փղշտացի չեմ, եւ դուք՝ Սաւուղի ծառանե՞րը. Ձեր միջիցը մի մարդ ընտրեցէք, որ իջնէ ինձ մօտ։
9 Եթէ նա կարողանայ ինձ հետ մենամարտել, եւ ինձ մեռցնէ, այն ժամանակ մենք ձեր ծառաները լինենք. Բայց եթէ ես յաղթեմ եւ նորան մեռցնեմ, այն ժամանակ դուք մեր ծառաները լինէք եւ մեզ ծառայէք։
10 Եւ այն Փղշտացին ասեց. Ես այսօր Իսրայէլի գունդերին նախատեցի. Ինձ մէկ մարդ տուէք, որ իրար հետ մենամատրենք։
11 Եւ երբոր Սաւուղն ու բոլոր Իսրայէլը լսեցին Փղշտացիի այս խօսքերը, զարհուրեցին եւ շատ վախեցան։
12 Բայց Դաւիթը այն Եփրաթացի՝ այսինքն Յուդայի Բեթլեհէմացի Յեսսէ անունով մարդի որդին էր, եւ նա ութը որդի ունէր, եւ նա Սաւուղի ժամանակներին մարդկանց մէջ ծեր մարդ էր համարվում։
13 Եւ Յեսսէի երեք մեծ որդիները դուրս էին եկել՝ Սաւուղի ետեւից պատերազմի գնացել. Եւ պատերազմի գնացող երեք որդկանց անունները՝ անդրանիկը Եղիաբ, երկրորդինը Աբինադաբ, եւ երրորդինը Սամաա էր։
14 Եւ Դաւիթը կրտսերն էր. Եւ երեք մեծերը Սաւուղի ետեւից գնացին.
15 Բայց Դաւիթը Սաւուղի մօտից դուրս էր եկել ետ դառել Բեթլէհէմ, որ իր հօր ոչխարները արածեցնէ։
16 Եւ այն Փղշտացին քառասուն օր առաւօտ եւ իրիկուն մօտենում էր եւ կանգնում։
17 Եւ Յեսսէն իր որդի Դաւիթին ասեց. Քո եղբայրների համար վեր առ այս մէկ արդու հեղին եւ այս տասը հացը, եւ վազիր բանակը եղբայրներիդ մօտ։
18 Եւ այս տասը գլուխ յաթնապանիրը տար հազարապետին, եւ տես եղբայրներդ առո՞ղջ են, եւ նորանցից ապահովութեան նշան բեր։
19 Եւ Սաւուղը եւ նորանք եւ բոլոր Իսրայէլի մարդիկը Էլայի հովիտումը Փղշտացիների հետ պատերազմում էին։
20 Եւ Դաւիթն առաւօտը կանուխ վեր կացաւ ոչխարները պահապանին յանձնեց, եւ վեր առաւ գնաց, ինչպէս որ Յեսսէն նորան հրամայել էր։ Եւ երբոր հասաւ կառքերի տեղը, զօրքերը կարգաւ շարվում ու պատերազմի համար բարձր ձայնով աղաղակում էին։
21 Եւ Իսրայէլն ու Փղշտացիները շարուեցան ճակատ առ ճակատ։
22 Եւ Դաւիթն իր վերայից ամանները յանձնեց ամանների պահապանի ձեռքը եւ վազեց գունդը. Եւ գնաց իր եղբայրներին հարցրեց, թէ ո՞ղջ են։
23 Եւ երբոր նա նորանց հետ խօսում էր, ահա այն միջնամարտիկը՝ Փղշտացի գողիաթ անունով՝ որ Գէթիցն էր, Փղշտացի գունդերիցը դուրս եկաւ, եւ այն խօսքերի պէս խօսեց. Եւ դաւիթը լսեց։
24 Եւ Իսրայէլի բոլոր մարդիկը երբոր այն մարդին տեսան, նորա երեսիցը փախան եւ շատ վախեցան։
25 Եւ Իսրայէլի մարդիկն ասեցին. Այս դուրս եկած մարդը տեսա՞ք, որ դուրս է եկել Իսրայէլին նախատելու. Ով որ նորան մեռցնէ, թագաւորը մեծ հարստութիւնով հարստացնելու է նորան, եւ իր աղջիկը նորան է տալու եւ նորա հօր տունը Իսրայէլի մէջ ազատ է անելու։
26 Եւ Դաւիթը խօսեց իր մօտ եղող մարդկանց հետ եւ ասեց. Ի՞նչ կանեն այն մարդին՝ որ այս Փղշտացիին մեռցնէ եւ Իսրայէլիցը նախատինքը վեր առնէ. Որովհետեւ այս անթլփատ Փղշտացին ո՞վ է՝ որ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատէ։
27 Եւ ժողովուրդը նոյն խօսքերն ասեց նորան թէ Այսպէս պիտի լինի այն մարդին որ նորան մեռցնէ։
28 Եւ նորա մեծ եղբայր Եղիաբը, երբոր լսեց նորա խօսելն այն մարդկանց հետ, Դաւիթի վերայ Եղիաբի բարկութիւնը բորբոքուեց եւ ասեց. Դու ի՞նչու իջար այստեղ, եւ այն մի քանի ոչխարները անապատում որի՞ յանձնեցիր. Ես քո հպարտութիւնը եւ քո սրտի չարութիւնը գիտեմ. Անտարակոյս դու իջել ես պատերազմը տեսնելու։
29 Եւ Դաւիթն ասեց. Հիմա ես ի՞նչ եմ արել. Այս բանը չէ՞։
30 Եւ նորա մօտից մէկ ուրիշ մարդի դարձաւ, եւ նոյն խօսքերն ասեց, եւ ժողովուրդն էլ առաջի խօսքերի պէս պատասխանեցին նորան։
31 Եւ լսուեցան այն խօսքերը որ Դաւիթը խօսել էր. Եւ երբոր Սաւուղի առաջին պատմեցին, բերել տուաւ նորան։
32 Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորա պատճառով ոչ մի մարդի սիրտը չթուլանայ. Ծառադ կգնայ, եւ այն Փղշտացիի հետ կմարտնչէ։
33 Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Դու չես կարող այն Փղշտացիի վերայ գնալ եւ նորա հետ մարտնչել, որովհետեւ դու երիտասարդ ես, բայց նա իր մանկութիւնիցն ի վեր պատերազմի մարդ է։
34 Եւ Դաւիթն ասեց Սաւուղին. Ծառադ իր հօր ոչխարները արածեցնում էր, եւ առիւծը կամ արջը գալիս էր, եւ հօտերիցը ոչխար էր տանում։
35 Ես նորա ետեւիցը գնում էի՝ նորան զարկում եւ նորա բերանիցը ազատում էի. Եւ երբոր նա վեր էր կենում ինձ վերայ, մօրուքիցը բռնում էի, զարկում եւ մեռցնում։
36 Ծառադ առիւծ էլ է մեռցրել՝ արջ էլ. Եւ այս անթլփատ Փղշտացին էլ թող նորանց մէկի պէս լինի, որովհետեւ կենդանի Աստուծոյ զօրքերին նախատեց։
37 Եւ Դաւիթն ասեց. Եհովան որ առիւծի եւ արջի ձեռքից ինձ ազատեց, այս Փղշտացիի ձեռքիցն էլ կազատէ։ Եւ Սաւուղը Դաւիթին ասեց. Գնա, եւ Տէրը քեզ հետ լինի։
38 Եւ Սաւուղն իր հանդերձները հագցրեց Դաւիթին, եւ նորա գլխին մէկ պղնձի սաղաւարտ դրաւ, եւ նորան զրահ էլ հագցրեց։
39 Եւ Դաւիթը նորա սուրը մէջքը կապեց հանդերձների վերայից եւ սկսեց ման գալ, որովհետեւ սովոր չէր. Եւ Դաւիթը Սաւուղին ասեց. Սորանցով չեմ կարող ման գալ, որովհետեւ սովոր չեմ. Եւ Դաւիթը հանեց նորանք իր վերայից։
40 Եւ իր ցուպը ձեռքն առաւ, եւ հեղեղատիցն իր համար հինգ հատ գայլախազ քար ջոկեց, եւ նորանց իր հովուական ամանի՝ այսինքն մախաղի մէջ դրաւ, եւ պարսը ձեռքին՝ մօտեցաւ Փղշտացիին։
41 Եւ Փղշտացին էլ եկաւ եւ Դաւիթին մօտեցաւ, եւ նորա վահանը կրող մարդը նորա առաջին էր։
42 Եւ երբոր Փղշտացին նայեց եւ Դաւիթին տեսաւ, արհամարհեց նորան, որովհետեւ նա կարմիր գոյնով եւ գեղեցկադէմ պատանի էր։
43 Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Մի՞թէ ես շուն եմ՝ որ ինձ վերայ ցուպով ես գալիս, եւ Փղշտացին նզովեց Դաւիթին իր աստուածներովը։
44 Եւ Փղշտացին ասեց Դաւիթին. Եկ ինձ մօտ, եւ ես քո մարմինը երկնքի թռչուններին եւ դաշտի գազաններին տամ։
45 Եւ Դաւիթն ասեց Փղշտացիին. Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայէլի զօրքերի Աստուծոյ անունովը, որին դու նախատեցիր։
46 Այսօր Տէրը քեզ իմ ձեռքը կմատնէ. Ու ես քեզ կմեռցնեմ, եւ քո վերայից գլուխդ կառնեմ. Եւ Փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կտամ. որպէս զի բոլոր երկիրը իմանայ որ Իսրայէլը Աստուած ունի.
47 Եւ այս բոլոր ժողովքը իմանան՝ որ Տէրը սրով եւ նիզակով չէ ազատում. Որովհետեւ պատերազմը Տիրոջն է, եւ նա ձեզ մեր ձեռքը կմատնէ։
48 Եւ երբոր Փղշտացին վեր կացաւ եւ եկաւ դիմաւորելով Դաւիթին մօտեցաւ, Դաւիթն էլ շուտով վազեց պատերազմի ասպարէզը Փղշտացիին դիմաւորելու։
49 Եւ Դաւիթն իր ձեռքը իր մախաղի մէջ կոխեց եւ այն տեղից մի քար առաւ, եւ պարսով շպռտեց եւ Փղշտացիի ճակատին զարկեց. Եւ քարը նորա ճակատի մէջ փորուեցաւ, եւ նա երեսի վերայ գետինն ընկաւ։
50 Այսպէս Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց. Եւ զարկեց Փղշտացիին եւ մեռցրեց նորան, բայց Դաւիթի ձեռքին սուր չկար։
51 Եւ Դաւիթը վազեց այն Փղշտացիի վերայ կանգնեց, եւ նորա սուրն առաւ, պատեանիցը հանեց, եւ նորան մեռցրեց՝ յետոյ գլուխը նորանով կտրեց։ Եւ երբոր Փղշտացիները իրանց զօրաւոր մարդի մեռնելը տեսան, փախան։
52 Այն ժամանակ Իսրայէլի եւ Յուդայի մարդիկը վեր կացան, եւ աղաղակներով հալածեցին Փղշտացիներին մինչեւ հովիտը՝ եւ մինչեւ Ակկարոնի դռները՝ եւ Փղշտացիների սպանուածները ընկան Սագարիմի ճանապարհի վերայ եւ մինչեւ Գէթ ու Ակկարոն։
53 Եւ Իսրայէլի որդիքը Փղշտացիներին հալածելուց յետոյ ետ դառան եւ նորանց բանակը կողոպտեցին։
54 Եւ Դաւիթը Փղշտացիի գլուխն առաւ, եւ նորան տարաւ Երուսաղէմ. Բայց նորա զէնքերը դրաւ իր վրանի մէջ։
55 Եւ երբոր Սաւուղը Դաւիթին տեսաւ, որ դուրս է գալիս Փղշտացիի դէմ, զօրավար Աբեններին ասեց. Աբեններ, այս պատանին որի՞ տղան է։ Եւ Աբեններն ասեց. կենդանի է քո անձը, ով թագաւոր, եթէ գիտեմ՝՝։
56 Եւ թագաւորն ասեց. Հարցրու թէ այս պատանին որի՞ տղան է։
57 Եւ երբոր Դաւիթը Փղշտացիին մեռցնելուց ետ դառաւ, Աբեններն առաւ նորան եւ Սաւուղի առաջը տարաւ, եւ Փղշտացիի գլուխը նորա ձեռքին էր։
58 Եւ Սաւուղն ասեց նորան. Ո՞ւմ տղան ես դու, պատանի։ Եւ Դաւիթն ասեց. Քո ծառայ Բեթլեհէմացի Յեսսէի տղան եմ։