Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 12

:
Armenian - AA1896
1 Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չգիտենաք։
2 Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։
3 Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չկայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։
4 Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։
5 Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։
6 Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։
7 Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։
8 Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։
9 Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։
10 Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանութիւններ։
11 Բայց այս ամենը հէնց միեւնոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։
12 Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, այսպէս էլ Քրիստոսը։
13 Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։
14 Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ։
15 Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։
16 Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։
17 Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, որտե՞ղ էր լսելիքը. եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, որտե՞ղ էր հոտոտելիքը։
18 Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ։
19 Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, որտե՞ղ էր մարմինը։
20 Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ։
21 Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք։
22 Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են։
23 Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում. եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին։
24 Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չունին. բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով։
25 Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չլինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։
26 Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։
27 Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ։
28 Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառավարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։
29 Մի՞թէ ամենն առաքեալներ են. մի՞թէ ամենը մարգարէներ են. մի՞թէ ամենը վարդապետներ են. մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։
30 Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. մի՞թէ ամենը թարգմանում են։
31 Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։