Song of Solomon 3
1 Գիշերն իմ անկողնում ես փնտրեցի իմ հոգու սիրելիին. փնտրեցի, բայց չգտա։
2 Վեր կենամ, շրջեմ քաղաքում, փողոցներում ու հրապարակներում, փնտրեմ իմ հոգու սիրելիին. փնտրեցի նրան, բայց չգտա։
3 Քաղաքում շրջող պահապանները գտան ինձ. «Տեսե՞լ եք իմ հոգու սիրելիին»։
4 Հազիվ էի անցել նրանցից, երբ գտա իմ հոգու սիրելիին. բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև որ նրան չտարա մորս տունը և ինձ ծնողի ներքնասենյակը։
5 Ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, երդվել եմ տալիս ձեզ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ արթնացրեք սերը, մինչև որ ինքը չբարեհաճի։
6 Ո՞վ է սա, որ գալիս է անապատից ծխի սյուների նման, խնկված զմուռսով ու կնդրուկով և բուրավաճառի ամեն տեսակ փոշիներով։
7 Ահա Սողոմոնի գահույքը. Իսրայելի զորավորներից վաթսուն զորավորներ կան նրա շուրջը։
8 Նրանք բոլորն էլ սուսերավոր են, պատերազմի վարժված, յուրաքանչյուրի սուրն իր ազդրի վրա՝ գիշերվա ահի համար։
9 Սողոմոն թագավորը Լիբանանի փայտից մի գահավորակ է սարքել իր համար։
10 Նրա սյուներն արծաթից է շինել, հենարանը՝ ոսկուց, բազմոցը՝ ծիրանիից. նրա ներսը Երուսաղեմի աղջիկների սիրով է գործված։
11 Ո՛վ Սիոնի աղջիկներ, դո՛ւրս եկեք ու տեսե՛ք Սողոմոն թագավորին այն թագով, որով պսակեց նրան նրա մայրը, նրա փեսայանալու օրը, նրա սրտի ուրախության օրը։