Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Song of Solomon 2

:
Armenian - 2018
1 Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։
2 Ինչպես շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրուհին է աղջիկների մեջ։
3 Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։
4 Ինձ գինու տունը տարավ, և նրա դրոշն ինձ վրա սեր է։
5 Զորացրե՛ք ինձ չամիչով կարկանդակներով, ուժեղացրե՛ք ինձ խնձորներով, որովհետև սիրով հիվանդ եմ ես։
6 Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։
7 Երդվել եմ տալիս ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք սիրուհուս, մինչև որ ինքը չբարեհաճի։
8 Իմ սիրեկանի ձայնն է. ահա նա գալիս է՝ թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։
9 Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։
10 Իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ. «Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։
11 Որովհետև ահա ձմեռն անցել է, անձրևն անցել-գնացել է։
12 Հողի վրա երևում են ծաղիկները, հասել է էտելու ժամանակը, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։
13 Թզենին իր պտուղներն է հասունացնում, և ծաղկած որթատունկերը բույր են արձակում։ Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։
14 Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։
15 Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։
16 Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։
17 Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, ե՛տ դարձիր, ո՛վ իմ սիրեկան, նմանվի՛ր այծյամին կամ եղնիկի ձագին Բեթերի լեռների վրա։