1Արդ ո՞րն է հրեայի առավելությունը, կամ ո՞րն է թլփատության օգուտը։
2Շատ և ամեն առումով։ Նախ հենց այն, որ Աստծու պատգամները նրանց վստահվեցին։
3Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատարիմ չմնացին, մի՞թե նրանց անհավատարմությունն Աստծու հավատարմությունը կխափանի։
4Քա՛վ լիցի։ Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես որ գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» ։
5Բայց եթե մեր անիրավությունը հայտնապես ցույց է տալիս Աստծու արդարությունը, ի՞նչ ասենք. մի՞թե Աստված անարդար է, որ բարկություն է ցուցաբերում։ Ըստ մարդու տեսակետի եմ խոսում։
6Քա՛վ լիցի։ Հապա Աստված աշխարհն ինչպե՞ս է դատելու։
7Եթե իմ ստով Աստծու ճշմարտությունն ավելանում է իր փառքի համար, էլ ինչո՞ւ եմ ես մեղավորի պես դատվում։
8Եվ ինչո՞ւ չչարախոսենք այնպես, ինչպես ոմանք ասում են մեր մասին, իբր թե ասել ենք. «Չարիք գործենք, որ բարին գա»։ Այդպիսիների դատաստանն արդար է։
9Եվ հիմա ի՞նչ, մենք՝ հրեաներս, առավելությո՞ւն ունենք. ամենևին ոչ, որովհետև հաստատեցինք, որ հրեաներն ու հեթանոսները բոլորն էլ մեղքի տակ են,
10ինչպես որ գրված է. «Չկա արդար և ոչ մեկը։
11Ողջամիտ մեկը չկա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի։
12Բոլորը խոտորվել են, միասին անպետք դարձել. բարություն անող չկա, մե՛կն անգամ չկա ։
13Նրանց կոկորդը բաց գերեզման է, և իրենց լեզուներով նենգություն են անում. նրանց շրթունքների տակ իժերի թույն կա ։
14Նրանց բերանն անեծքով ու դառնությամբ է լի ։
15Նրանց ոտքերն արյուն թափելու համար են արագընթաց։
16Նրանց ճանապարհներին կործանում և թշվառություն է։
17Եվ խաղաղության ճանապարհը չճանաչեցին ։
18Աստծու երկյուղը նրանց աչքերի առաջ չէ »։
19Բայց գիտենք, որ ամեն բան, ինչ օրենքն ասում է, ասում է նրանց, ովքեր օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ դատապարտելի լինի։
20Քանի որ ոչ ոք նրա առաջ օրենքի գործերից չի արդարանա, որովհետև օրենքով է լինում մեղքի ճանաչումը։
21Բայց հիմա Աստծու արդարությունը հայտնվել է օրենքից անկախ՝ օրենքի և մարգարեների կողմից վկայված լինելով,
22այսինքն՝ Աստծու արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միոջոցով է բոլոր հավատացողների համար, որովհետև խտրություն չկա։
23Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։
24Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։
25Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը,
26որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։
27Արդ որտե՞ղ է պարծանքը. ջնջվել է։ Ո՞ր օրենքով՝ գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,
28որովհետև կարծում ենք, որ մարդը հավատով է արդարանում՝ անկախ օրենքի գործերից։
29Մի՞թե Աստված միայն հրեաներինն է և ոչ հեթանոսներինը. այո՛, հեթանոսներինն էլ է,
30որովհետև մեկ է Աստված, որ արդարացնում է հավատով թլփատվածներին, ինչպես նաև չթլփատվածներին՝ նույն հավատի միջոցով։
31Արդ մի՞թե օրենքը ջնջում ենք հավատի միջոցով. քա՛վ լիցի, այլ հաստատում ենք օրենքը։