Numbers 31
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։
3 Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։
4 Իսրայելի բոլոր ցեղերից յուրաքանչյուրից հազար տղամարդ պատերազմի կուղարկեք»։
5 Բազմահազար իսրայելացիների ամեն մի ցեղից ընտրվեց հազար տղամարդ, այսինքն՝ տասներկու հազար հոգի՝ զինված պատերազմելու համար։
6 Մովսեսը պատերազմի ուղարկեց ամեն մի ցեղից հազարական տղամարդ, նրանց հետ նաև Եղիազար քահանայի որդի Փենեհեսին՝ նրա ձեռքին սուրբ անոթներն ու ազդարարության շեփորները։
7 Նրանք պատերազմեցին մադիանացիների դեմ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին արական սեռի բոլոր մարդկանց։
8 Նրանց սպանվածների հետ սպանեցին նաև մադիանացիների հինգ թագավորներին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբեին. նաև Բեորի որդի Բաղաամին սրով սպանեցին։
9 Իսրայելի որդիները գերեվարեցին մադիանացիների կանանց ու երեխաներին և ավար առան նրանց բոլոր անասունները, հոտերն ու ամբողջ ունեցվածքը։
10 Նրանց բոլոր քաղաքներն իրենց բնակարաններով, բոլոր գյուղերը հրկիզեցին։
11 Վերցրին ամբողջ ավարն ու ամբողջ կողոպուտը՝ թե՛ մարդ և թե՛ անասուն։
12 Գերիներին, կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ բանակատեղի, որը գտնվում է Երիքովի դիմաց՝ Հորդանան գետի մոտ, Մովաբի դաշտերում։
13 Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան՝ դիմավորելու նրանց։
14 Մովսեսը բարկացավ զորահրամանատարների՝ հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից։
15 Մովսեսն ասաց նրանց. «Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք։
16 Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով, պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։
17 Հիմա սպանե՛ք արական սեռի բոլոր երեխաներին, նաև այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։
18 Բայց ո՛ղջ թողեք մանկահասակ այն բոլոր աղջիկներին, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։
19 Իսկ դուք յոթ օր բանակատեղիից դո՛ւրս մնացեք։ Ով որ մարդ է սպանել, կամ ով որ ձեռք է դիպցրել մեռելի, թող մաքրվի երրորդ և յոթերորդ օրը, թե՛ դուք և թե՛ ձեր գերիները։
20 Մաքրե՛ք նաև ամեն հագուստ, կաշվե ամեն անոթ, այծի մազից շինված ամեն բան և ամեն փայտե աման»։
21 Եղիազար քահանան ասաց պատերազմի գնացած զինվորներին. «Այս է այն օրենքի կարգը, որ Տերը պատվիրել է Մովսեսին.
22 ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագը, կապարը
23 և ամեն բան, որ կրակով է անցկացվում, կրակո՛վ անցկացրեք, և այն կլինի մաքուր, սակայն մաքրության ջրով էլ պետք է մաքրվի։ Բայց ինչ որ կրակով չի անցկացվում, պետք է մաքրվի ջրով։
24 Ձեր զգեստները կլվանաք յոթերորդ օրը և կմաքրվեք ու հետո կմտնեք բանակատեղի»։
25 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
26 «Դու Եղիազար քահանայի և ժողովրդի տոհմերի իշխանների հետ կվերցնես առնված ավարի գումարը՝ թե՛ մարդու և թե՛ անասունի։
27 Այդ ավարը հավասարապես կբաժանես պատերազմի գնացած ռազմիկների և ամբողջ ժողովրդի միջև։
28 Պատերազմին մասնակցած ռազմիկներից կառնես Տիրոջը հասանելիք բաժինը՝ հինգ հարյուրից մեկը, թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից և թե՛ ոչխարներից։
29 Դրանցից կեսը կառնես և կտաս Եղիազար քահանային իբրև Տիրոջ ընծա։
30 Իսկ Իսրայելի որդիների հասանելիք կես բաժնից հիսունից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ արջառներից, թե՛ էշերից, թե՛ ոչխարներից, բոլոր անասուններից կառնես և կտաս Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին»։
31 Մովսեսը և Եղիազար քահանան արեցին այնպես, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։
32 Կողոպուտը, այսինքն՝ պատերազմին մասնակցած զորքի ձեռք բերած ավարի գումարն այս էր. վեց հարյուր յոթանասունհինգ հազար ոչխար,
33 յոթանասուներկու հազար արջառ,
34 վաթսունմեկ հազար էշ
35 և երեսուներկու հազար կին, որոնք տղամարդու հետ չէին կենակցել։
36 Պատերազմին մասնակցածներին հասած կես բաժինն այս էր. ոչխարների թիվը՝ երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր։
37 Ոչխարներից Տիրոջ տուրքը եղավ վեց հարյուր յոթանասունհինգ,
38 արջառները՝ երեսունվեց հազար, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ յոթանասուներկու,
39 էշերը՝ երեսուն հազար հինգ հարյուր, իսկ նրանցից Տիրոջ տուրքը՝ վաթսունմեկ,
40 մարդիկ՝ տասնվեց հազար, և նրանցից Տիրոջ տուրքը՝ երեսուներկու հոգի։
41 Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։
42 Իսրայելի որդիների հասանելիքի կեսը, որ Մովսեսն էր վերցրել պատերազմին մասնակցածների բաժնից,
43 ժողովրդին հասած կես բաժինը կազմեց երեք հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր ոչխար,
44 երեսունվեց հազար արջառ,
45 երեսուն հազար հինգ հարյուր էշ
46 և տասնվեց հազար մարդ։
47 Մովսեսը Իսրայելի որդիների հասանելիքի կես բաժնից վերցրեց հիսունից մեկը, թե՛ մարդկանցից և թե՛ անասուններից ու դրանք տվեց Տիրոջ վրանի ծառայությունն անող ղևտացիներին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
48 Մովսեսին մոտեցան զորահրամանատարները, այսինքն՝ հազարապետներն ու հարյուրապետները,
49 և Մովսեսին ասացին. «Մենք՝ քո ծառաները, հաշվառեցինք մեր ձեռքի տակ գտնվող զինվորներին. մեզանից ոչ մի մարդ չի պակասում։
50 Տիրոջը որպես ընծա մատուցում ենք յուրաքանչյուրս ինչ որ գտանք՝ ոսկե զարդեր, շղթաներ, ապարանջաններ, մատանիներ, օղեր և մանյակներ, որպեսզի Տիրոջ առաջ մեր հոգիների համար քավություն անենք»։
51 Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկով աշխատված բոլոր զարդերը։
52 Հազարապետների և հարյուրապետների կողմից Տիրոջը որպես ընծա մատուցված ամբողջ ոսկին տասնվեց հազար յոթ հարյուր հիսուն սիկղ էր։
53 Պատերազմողներից յուրաքանչյուրն իր համար ավար էր վերցրել։
54 Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից և հարյուրապետներից ոսկին առան ու բերեցին ժողովի վրան, իբրև Իսրայելի որդիների հիշատակ Տիրոջ առաջ։