Nehemiah 5
1 Եվ ժողովրդի ու նրանց կանանց աղաղակը մեծ էր իրենց հրեա եղբայրների դեմ։
2 Եվ կային ասողներ, թե՝ «Մենք մեր որդիներով և դուստրերով շատ ենք. ուտելիք կառնենք, կուտենք և կապրենք»։
3 Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մեր արտերը, այգիները և տները գրավ ենք դնում, որ սովի ժամանակ ուտելիք առնենք»։
4 Եվ ասողներ էլ կային, թե՝ «Մենք թագավորի հարկի համար փող ենք պարտք անում մեր արտերով և մեր այգիներով։
5 Արդ մեր մարմինը մեր եղբայրների մարմնի պես է, մեր որդիները՝ նրանց որդիների պես, և ահա մենք մեր որդիներին և դուստրերին հպատակության ենք տալիս. մեր դուստրերից ոմանք արդեն հպատակության մեջ են, իսկ մեր ձեռքին կարողություն չկա, որովհետև մեր արտերն ու այգիները ուրիշների ձեռքին են»։
6 Եվ ես շատ նեղացա, երբ որ նրանց աղաղակը և այս խոսքերը լսեցի։
7 Իմ սիրտը նեղվեց, և հանդիմանեցի իշխաններին ու զորականներին և ասացի նրանց. «Դուք ամենքդ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից», և նրանց դեմ մեծ ժողով գումարեցի։
8 Եվ նրանց ասացի. «Մենք, որքան որ կարող էինք, փրկանքով հետ գնեցինք մեր հրեա եղբայրներին, որ ծախված էին հեթանոսներին, իսկ դուք ծախում եք ձեր եղբայրներին. նրանք մեզ վրա՞ ծախվեն»։ Իսկ նրանք լռեցին և պատասխան չգտան։
9 Եվ ես ասացի. «Լավ չէ այս բանը, որ դուք եք անում. մի՞թե պիտի մեր Աստծու երկյուղով չընթանաք, որ մեր թշնամի ազգերի առջև խայտառակ չլինենք։
10 Ե՛վ ես, և՛ եղբայրներս ու ծառաներս նրանց փող և ցորեն ենք փոխ տվել. եկեք այս պարտքը նրանց շնորհենք։
11 Խնդրում եմ, նրանց արտերը, նրանց այգիները, ձիթենիներն ու տներն այսօր իրե՛նց վերադարձրեք և հարյուրից մեկը նրանցից ձեզ հասանելի արծաթը, ցորենը, գինին և յուղն էլ»։
12 Եվ նրանք ասացին. «Վերադարձնում ենք, նրանցից ոչինչ չենք ուզի. այնպես կանենք, ինչպես որ դու ես ասում»։ Եվ ես կանչեցի քահանաներին և նրանց երդվել տվեցի, որ այսպես անեն։
13 Եվ ես թափ տվեցի իմ հագուստը և ասացի. «Աստված ամեն մարդու այսպես թափ տա իր տնից ու իր աշխատանքից, ով որ այս խոսքը չպահի, և նա այսպես թափ տրված և դատարկ լինի»։ Եվ ամբողջ ժողովն ասաց. «Ամեն», և օրհնեցին Տիրոջը. և ժողովուրդն այդպե՛ս արեց։
14 Եվ այն օրից, երբ թագավորն ինձ հրամայեց, որ նրանց իշխանը լինեմ Հրեաստանում, Արտաշես թագավորի քսաներորդ տարուց մինչև երեսուներկուերորդ տարին՝ տասներկու տարի, ես և իմ եղբայրները իշխանական հացը չկերանք։
15 Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։
16 Նաև այս պարսպի գործում ես ջանացի, և արտ չգնեցինք, և իմ ծառաները հավաքված էին այնտեղ՝ այն գործի վրա։
17 Եվ հարյուր հիսուն հրեա ու զորական և մեր շրջակայքում եղող ազգերից մեզ մոտ՝ իմ սեղանի շուրջ, եկողներ էին լինում։
18 Եվ ահա թե ինձ համար ինչ էր պատրաստվում մեկ օրում՝ մեկ արջառ, վեց ընտիր ոչխար և թռչուններ, և տասն օրվա մեջ ամեն տեսակ գինին առատ էր լինում, և այսուամենայնիվ իշխանական հացը չուզեցի, որովհետև ծառայությունը ծանր էր այս ժողովրդի համար։
19 Ինձ բարությա՛մբ հիշիր, ո՛վ իմ Աստված, և ամենը, ինչ որ արեցի այս ժողովրդի համար։