John 5
1 Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։
2 Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։
3 Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ՝ կույրեր, կաղեր, գոսացածներ [որոնք ջրերի խառնվելուն էին սպասում,
4 որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ և ջրերը խառնում. ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր] ։
5 Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։
6 Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։
7 Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։
8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։
9 Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ Եվ այդ օրը շաբաթ էր։
10 Հրեաները բժշկվածին ասացին. «Օրը շաբաթ է. քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես»։
11 Սակայն նա պատասխանեց նրանց. «Նա, ով ինձ բժշկեց, ինձ ասաց. "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։
12 Նրան հարցրին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։
13 Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ո՛վ էր, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։
14 Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։
15 Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։
16 Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ դա շաբաթ օրով էր անում։
17 Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ»։
18 Դրա համար հրեաներն է՛լ ավելի էին ուզում նրան սպանել, որովհետև ոչ միայն շաբաթ օրվա կանոնն էր խախտում, այլև Աստծուն էլ իրեն Հայր էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։
19 Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, Որդին էլ է նույնը գործում։
20 Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։
21 Որովհետև ինչպես Հայրն է մեռելներին հարություն տալիս և կենդանացնում, այնպես էլ Որդին ում կամենում է, կենդանացնում է։
22 Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել,
23 որպեսզի բոլորը Որդուն պատվեն, ինչպես Հորն են պատվում. ով Որդուն չի պատվում, չի պատվում նաև Հորը, որ ուղարկել է նրան։
24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։
25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, ու ովքեր լսեն, կապրեն։
26 Որովհետև ինչպես Հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։
27 Եվ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա Մարդու Որդին է։
28 Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։
29 Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։
30 Ես ինքս ինձանից ոչինչ չեմ կարող անել. ինչպես լսում եմ, այնպես էլ դատում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ես իմ կամքը չեմ կատարում, այլ ինձ ուղարկողի կամքը։
31 Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։
32 Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։
33 Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։
34 Իսկ ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։
35 Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, և դուք ցանկացաք միառժամանակ նրա լույսով ուրախանալ։
36 Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։
37 Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ո՛չ նրա ձայնը երբևէ լսեցիք, ո՛չ նրա կերպարանքը տեսաք։
38 Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։
39 Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։
40 Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։
41 Ես մարդկանցից փառք չեմ ուզում։
42 Բայց ձեզ ճանաչում եմ, գիտեմ, որ ձեր մեջ Աստծու սերը չունեք։
43 Ես իմ Հոր անունով եկա, և ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իր անունով, նրան կընդունեք։
44 Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում և այն փառքը, որ միայն Աստծուց է, չեք փնտրում։
45 Մի՛ կարծեք, թե ես Հոր առաջ ձեզ պիտի ամբաստանեմ։ Ձեզ ամբաստանող կա, և դա Մովսեսն է, որի վրա դուք հույս եք դրել։
46 Որովհետև եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա իմ մասին է գրել։
47 Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք»։