Galatians 2
1 Ապա տասնչորս տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բառնաբասի հետ՝ Տիտոսին էլ հետս վերցնելով։
2 Եվ ըստ հայտնության՝ ելա ու նրանց այն Ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ, մասնավորապես նրանց, ովքեր երևելիներ էին համարվում, որպեսզի չլինի թե զուր տեղն եմ չարչարվել կամ չչարչարվեմ։
3 Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելլենացի լինելով, չհարկադրվեց թլփատվելու՝
4 հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն.
5 նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա։
6 Բայց այն երևելի համարվածների վերաբերյալ ասեմ (ինձ համար կարևոր չէ, թե մի ժամանակ նրանք ինչ էին. Աստված մարդկանց միջև աչառություն չի անում ). այն երևելի համարվածներն ինձ նոր բան չհայտնեցին։
7 Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլփատներին ավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին՝ թլփատվածներին
8 (որովհետև նա, ով թլփատվածների մեջ առաքելության արժանացրեց Պետրոսին, նա ինձ էլ հեթանոսների մեջ արժանացրեց),
9 և երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որոնք եկեղեցու սյուներ էին համարվում, ինձ ու Բառնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր՝ հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք՝ թլփատվածների.
10 միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։
11 Բայց երբ Կեփասն Անտիոք եկավ, ես նրան հակառակվեցի, որովհետև մեղադրելի էր։
12 Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում՝ վախենալով թլփատվածներից։
13 Եվ նրա հետ ուրիշ հրեաներ էլ կեղծավորություն արեցին, այն աստիճան, որ Բառնաբասն էլ նրանց կեղծավորությամբ տարվեց։
14 Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն»։
15 Մենք, որ ի ծնե հրեաներ ենք, ոչ թե մեղավոր հեթանոսներից,
16 գիտենք, որ մարդ օրենքի գործերով չի արդարանում, այլ միայն Հիսուս Քրիստոսի հավատով։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որպեսզի Քրիստոսի հավատով արդարանանք, ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ ոք չի արդարանա։
17 Իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր է։ Քա՜վ լիցի։
18 Որովհետև եթե այն, ինչ քանդել եմ, վերստին կառուցեմ, ապա ինքս ինձ մեղավոր եմ ցույց տալիս։
19 Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։
20 Եվ ողջ եմ, բայց դա այլևս ես չեմ, այլ Քրիստոսն է ողջ իմ մեջ։ Եթե հիմա ապրում եմ մարմնով, ապրում եմ Աստծու Որդու հավատով, որ ինձ սիրեց ու ինքն իրեն ինձ համար զոհեց։
21 Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։