Ezekiel 2
1 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։
2 Եվ հոգի մտավ մեջս, հենց որ նա խոսեց ինձ հետ, ու ինձ ոտքերիս վրա կանգնեցրեց, և ես լսեցի նրան, որ խոսում էր ինձ հետ։
3 Եվ նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկում եմ Իսրայելի որդիների մոտ, ըմբոստ ազգերի մոտ, որոնք ըմբոստացան իմ դեմ. նրանք և նրանց հայրերը հանցանք գործեցին իմ դեմ մինչև այս իսկ օրը։
4 Եվ որդիները պնդերես ու խստասիրտ են. ես քեզ նրանց մոտ եմ ուղակում, և նրանց կասես. “Այսպես է ասում Տեր Աստված”։
5 Եվ նրանք լսեն, թե զանց առնեն, որովհետև ապստամբների տուն են, կիմանան, որ մարգարե է եղել իրենց մեջ։
6 Իսկ դու, մարդո՛ւ որդի, նրանցից մի՛ վախեցիր, ո՛չ էլ վախեցիր նրանց խոսքերից, թեկուզ մոտդ տատասկներ ու փշեր էլ լինեն, և դու կարիճների վրա նստես. նրանց խոսքերից մի՛ զարհուրիր, ոչ էլ նրանց դեմքերից, թեև նրանք ապստամբների տուն են։
7 Իմ խոսքերն ասա՛ նրանց, լսեն, թե զանց առնեն, որովհետև նրանք ապստամբներ են։
8 Իսկ դու, մարդո՛ւ որդի, լսի՛ր, թե ես ի՛նչ եմ ասում քեզ. այդ ապստամբների տան պես ապստամբ մի՛ եղիր. բա՛ց բերանդ և կե՛ր, ինչ որ ես տալիս եմ քեզ»։
9 Ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և նրա մեջ՝ ահա գրված մի մագաղաթ։
10 Եվ նա այն բացեց իմ առաջ. նրա առաջն ու հետևում և նրա վրա գրված էին ողբեր, հառաչանք ու վայնասուն։