Deuteronomy 2
1 «Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։
2 Տերը խոսեց ինձ հետ և ասաց.
3 “Բավական է, ինչքան պտտվեցիք այդ լեռան շուրջը։ Դարձե՛ք դեպի հյուսիս։
4 Պատվիրի՛ր ժողովրդին և ասա՛. "Դուք այժմ անցնում եք Սեիրում բնակվող ձեր եղբայրների՝ Եսավի որդիների սահմանը։ Նրանք ձեզանից պիտի վախենան, բայց դուք շատ զգո՛ւյշ եղեք.
5 նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։
6 Ուտելիքը փողով գնե՛ք նրանցից և կերե՛ք. ջուրը նույնպես փողով գնե՛ք նրանցից և խմե՛ք,
7 որովհետև քո Տեր Աստվածը օրհնել է քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Նա գիտե քո երթը այս մեծ անապատում։ Ահա քառասուն տարի է, ինչ քո Տեր Աստվածը քեզ հետ է, և դու ոչ մի բանի պակասություն չես զգացել"”։
8 Մենք անցանք Սեիրում բնակվող մեր եղբայրների՝ Եսավի որդիների կողքով, դաշտի ճանապարհով՝ Ելաթից և Գասիոն-Գաբերից, ապա շրջվեցինք ու անցանք Մովաբի անապատի ճանապարհով։
9 Տերն ինձ ասաց. “Մովաբացիների հետ թշնամություն չանես և նրանց դեմ չպատերազմես, որովհետև նրանց երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, քանի որ Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև ժառանգություն։
10 (Նախկինում էմիմներն էին բնակվում այնտեղ, որոնք մեծ, բազմամարդ և ենակիմների նման երկարահասակ ազգ էին։
11 Սրանք էլ ենակիմների պես հսկաներ էին համարվում, և մովաբացիները սրանց էմիմ էին կոչում։
12 Սեիրում նախ քոռեցիներն էին բնակվում, բայց Եսավի որդիները նրանց քշեցին, կոտորեցին իրենց առաջ և բնակվեցին նրանց երկրում, ինչպես իսրայելացիներն արեցին իրենց ժառանգած երկրում, որ Տերը տվեց նրանց)։
13 Այժմ վե՛ր կացեք և անցե՛ք Զարեդ ձորով”։ Եվ մենք անցանք Զարեդ ձորով։
14 Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։
15 Տիրոջ ձեռքն էլ նրանց վրա էր, որպեսզի բնաջինջ անի նրանց բանակատեղիում, մինչև որ սպառվեն։
16 Երբ պատերազմող բոլոր մարդիկ մեռնելով վերացան ժողովրդի միջից,
17 Տերը խոսեց ինձ հետ՝ ասելով.
18 “Դու այսօր Մովաբի սահմանն Արով ես անցնում
19 և մոտենում ես Ամմոնի որդիներին։ Նրանց հետ թշնամություն մի՛ արա, մի՛ կռվիր նրանց հետ, որովհետև Ամմոնի որդիների երկրից քեզ ժառանգություն չեմ տալու, որովհետև այն տվել եմ Ղովտի որդիներին իբրև ժառանգություն։
20 (Դա էլ էր հսկաների երկիր համարվում. նախապես այստեղ հսկաներ էին բնակվում, որոնց ամմոնացիները զամզումիմ էին կոչում։
21 Ենակիմների նման մեծ, բազմամարդ և երկարահասակ ազգ էին, բայց Տերը կոտորեց նրանց ամմոնացիների առաջ, որոնք քշեցին նրանց և բնակվեցին նրանց երկրում.
22 ինչպես որ արեց Տերը Սեիրում բնակվող Եսավի որդիների համար, երբ քոռեցիներին բնաջնջեց նրանց առաջ. Եսավի որդիները քշեցին նրանց ու նրանց տեղում բնակվեցին և այնտեղ են մինչև այսօր։
23 Ավացիները, որոնք բնակվում էին գյուղաքաղաքներում մինչև Գազա, կոտորվեցին Կափթորից դուրս եկած կափթորացիների կողմից և նրանց տեղում բնակվեցին)։
24 Վե՛ր կացեք, մեկնե՛ք և անցե՛ք Առնոնի ձորով։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի թագավոր ամորհացի Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, պատերազմի՛ր նրա դեմ։
25 Այսօրվանից կսկսեմ քո ահն ու սարսափը տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա, որպեսզի լսելով քո համբավը՝ սկսեն դողալ և տագնապել”։
26 Կադեմոթի անապատից պատգամաբերներ ուղարկեցի Եսեբոնի Սեհոն թագավորի մոտ խաղաղության խոսքերով՝ ասելով.
27 “Թո՛ւյլ տուր անցնել քո երկրով. միշտ ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։
28 Ուտելիքը փողով վաճառի՛ր ինձ, որ ուտեմ, ջուրը փողով տո՛ւր ինձ, որ խմեմ, միայն թե իմ ոտքերով անցնեմ.
29 ինչպես որ վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արում բնակվող մովաբացիները. մինչև որ Հորդանան գետով անցնեմ այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը, տալիս է մեզ”։
30 Բայց Եսեբոնի Սեհոն թագավորը չուզեց, որ մենք անցնենք այդտեղով, որովհետև Տերը՝ քո Աստվածը, խստացրել էր նրա հոգին և կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան հանձնի քո ձեռքը, ինչպես որ այսօր է։
31 Տերն ինձ ասաց. “Ահա սկսեցի քեզ տալ Սեհոնին ու նրա երկիրը։ Սկսի՛ր նվաճել, որպեսզի ժառանգես նրա երկիրը”։
32 Սեհոնն ինքը իր ամբողջ ժողովրդով Հասսայում պատերազմի դուրս ելավ մեր դեմ։
33 Մեր Տեր Աստվածը նրան մատնեց մեր ձեռքը, և մենք կոտորեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։
34 Այդ ժամանակ նրա բոլոր քաղաքները գրավեցինք և բոլոր քաղաքները, տղամարդկանց, կանանց ու երեխաներին բնաջնջեցինք. ոչ մեկին էլ ողջ չթողեցինք։
35 Միայն անասունները ավար վերցրինք և կողոպտեցինք մեր գրաված քաղաքները։
36 Առնոնի ձորի եզերքում գտնվող Արոերից և ձորի մեջ եղած քաղաքից մինչև Գաղաադ մի քաղաք չմնաց, որ մեր դեմ ելներ. մեր Տեր Աստվածը բոլորն էլ մատնեց մեր ձեռքը։
37 Միայն թե չմոտեցար Ամմոնի որդիների երկրին, Հաբոկ վտակի երկայնքին և լեռնային քաղաքներին ու այն բոլոր վայրերին, որ մեր Տեր Աստվածը արգելել էր մեզ»։