2 Samuel 8
1 Դրանից հետո Դավիթը կոտորեց փղշտացիներին և նվաճեց նրանց. և Դավիթը փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման։
2 Կոտորեց նաև Մովաբին, նրանց պառկեցրեց գետնին և լարով չափեց նրանց. երկու լար չափեց սպանելու համար, իսկ մեկ ամբողջ լարը՝ կենդանի թողնելու համար։ Եվ մովաբացիները դարձան Դավթի հարկատու ծառաները։
3 Եվ երբ Դավիթը գնում էր իր իշխանությունը հաստատելու Եփրատ գետի վրա, կոտորեց Սուբայի թագավոր Ռուբի որդի Ադրաազարին։
4 Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։
5 Դամասկոսի ասորիները եկան Սուբայի թագավոր Ադրաազարին օգնության, և Դավիթը քսաներկու հազար մարդ կոտորեց ասորիներից։
6 Դավիթը բերդապահ զորքեր դրեց Դամասկոսի ասորիների մեջ, և ասորիները դարձան Դավթի հարկատու ծառաները։ Եվ Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։
7 Դավիթը վերցրեց Ադրաազարի ծառաների ոսկե վահանները և դրանք բերեց Երուսաղեմ։
8 Եվ Դավիթ թագավորը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց Ադրաազարի քաղաքներից՝ Բեթահից և Բերոթայից։
9 Եվ երբ Եմաթի թագավորը՝ Թովուն, լսեց, որ Դավիթը ջարդել է Ադրաազարի բոլոր զորքերին,
10 Թովուն իր որդի Հովրամին ուղարկեց Դավիթ թագավորի մոտ՝ նրան ողջունելու և շնորհավորելու նրան Ադրաազարի դեմ պատերազմելու և նրան հաղթելու համար (որովհետև Ադրաազարը պատերազմ էր մղում Թովունի դեմ)։ Հովրամը վերցրել էր արծաթե անոթներ, ոսկե անոթներ և պղնձե անոթներ։
11 Դավիթ թագավորը դրանք էլ Տիրոջը նվիրեց իր նվիրած այն արծաթի ու ոսկու հետ, որ նա վերցրել էր իր հաղթած բոլոր ազգերից՝
12 ասորիներից, Մովաբից, Ամմոնի որդիներից, փղշտացիներից, Ամաղեկից և Սուբայի թագավորի՝ Ռուբի որդու՝ Ադրաազարի ավարից։
13 Դավիթը մեծ անուն հանեց, երբ Աղի ձորում տասնութ հազար ասորիներ կոտորեց և վերադարձավ։
14 Նա բերդապահ զորքեր դրեց Եդովմում. ամբողջ Եդովմում դրեց բերդապահ զորքեր, և բոլոր եդովմացիները դարձան Դավթի ծառաները. և Տերը հաջողություն էր տալիս Դավթին, ուր էլ որ գնում էր նա։
15 Եվ Դավիթը թագավորեց ամբողջ Իսրայելի վրա. և Դավիթը իրավունք և արդարություն էր անում իր ամբողջ ժողովրդին։
16 Եվ Շարուհեայի որդի Հովաբը զորքերի վրա էր նշանակված, և Աքիղուդի որդի Հոսափատը դիվանադպիր էր,
17 և Աքիտովբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, և Սարայիան ատենադպիր էր,
18 և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էր նշանակված, և Դավթի որդիները նախարարներ էին։